Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչներ՝ սահմանամերձ բնակավայրերին

Հունվար 17,2004 00:00

Ուսուցիչներ՝ սահմանամերձ բնակավայրերին Գյուղում վարժապետ աշխատելն այլեւս չի փրկի բանակից Դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի դպրոցները մանկավարժական կադրերով համալրելու հետեւյալ կարգն էր գործում. ժամկետային զինծառայությունից տարկետման իրավունք էր տրվում բոլոր այն երիտասարդներին, ովքեր ցանկություն ունեին մինչեւ 27 տարին լրանալը ուսուցիչ աշխատել նշված բնակավայրերում։ Կրթության եւ գիտության նախարարությունից տեղեկացանք, որ այդ կարգը 2003թ. դեկտեմբերից չի գործում եւ այսուհետեւ հեռավոր բնակավայրերում ուսուցիչ աշխատելու մտադրություն ունեցող ոչ մի շրջանավարտ ապահովագրված չէ զորակոչից։ Թե ինչով է պայմանավորված այդ փոփոխությունը՝ ԿԳՆ-ի անձնակազմի կառավարման վարչության պետ Խաչիկ Մուրադյանը չկարողացավ պատասխանել։ Կրթության ոլորտի պատասխանատուներն առայժմ ոգեւորված են կառավարության մեկ այլ՝ 2003թ. սեպտեմբերի 25-ի թիվ 1412 որոշմամբ, որի համաձայն՝ պետք է ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերի դպրոցներ մանկավարժական կադրեր գործուղվեն։ Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար է հատկացվել կրթության եւ գիտության նախարարությանը, որը գործուղված մանկավարժներին կվճարի գույքի տեղափոխման գումար (15000 դրամ), ճանապարհածախսի փոխհատուցում (տարեկան մինչեւ 4 անգամ), բնակարանի վարձ (ամսական 10000 դրամ), կեցության այլ ծախսեր (ամսական 5000 դրամ)։ Համաշխարհային բանկը այդ ուսուցիչներից յուրաքանչյուրին կնվիրի $500: Կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն կրթության բաժնի պետ Սասուն Մելիքյանը կարծում է, որ մանկավարժական կադրերի (նաեւ ուսանողների) գործուղումը, ինչպես նաեւ դպրոցներում աշխատող բարձրագույն կրթություն չունեցողների համար մանկավարժական բուհերում հեռակա ուսուցում կազմակերպելը կլուծեն հեռավոր բնակավայրերի դպրոցների առջեւ ծառացած հիմնախնդիրները։ Վերոհիշյալ կարգի համաձայն, 2003 թ. դեկտեմբերի 22-ից 2004 թ. հունվարի 9-ը ընկած ժամանակահատվածում, ՀՀ մարզեր են գործուղվել 36 ուսուցիչներ: Ներկայումս ՀՀ մարզերում, բացի Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերից, շուրջ 165 մանկավարժական կադրերի պահանջարկ կա: ԿԳ նախարարությունը շարունակում է դիմում-հայտերի ընդունումը: ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել