Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական գլխացավանքներ

Հունվար 21,2004 00:00

Ադրբեջանական գլխացավանքներ Մի քանի օրից գումարվելիք ԵԽ ԽՎ նստաշրջանին միայն Հայաստանը չէ, որ այս կառույցի առջեւ ստանձնած պարտավորությունների առումով լուրջ գլխացավանքներ ունի։ Ադրբեջանում այսօր բավականաչափ հիմնավորված տագնապներ կան՝ կապված երկրում առկա բազմաթիվ քաղբանտարկյալների հարցով սպասվող պատժամիջոցների հետ։ Թվում է, սակայն, թե Ադրբեջանի գործերն այս իմաստով շատ ավելի լավ են. Հայաստանն այսօր, բառիս բուն իմաստով, կրակն է ընկել՝ կապված «Լեռնային Ղարաբաղ եւ մյուս գրավյալ տարածքներ» հայտնի ձեւակերպման հետ։ Էլ չենք խոսում այն մասին, որ մինչ 2004թ. ավարտը, ՀՀ իշխանությունները ԵԽ-ին պետք է կոնկրետ փաստերով ապացուցեն, որ բռնել եւ պատժել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կեղծիքներ թույլ տված անձանց։ Սա, ըստ էության, անլուծելի խնդիր է։ Հատկապես երբ համեմատում ենք այն պարտավորության հետ, որն այսօր դրված է Ադրբեջանի առջեւ։ Վերջինս ընդամենը պետք է ազատ արձակի ԵԽ-ի տրամադրության տակ եղած ցուցակներում ընդգրկված շուրջ 800 քաղկալանավորներին։ Մի բան, որ Ադրբեջանի իշխանությունները կամ շատ դժկամությամբ են անում, կամ ընդհանրապես մտադիր չեն անել։ Ի համեմատ Հայաստանի, լինելով այսչափ շահեկան դրության մեջ, պաշտոնական Բաքուն, այդուհանդերձ, ջանքեր չի խնայում Եվրախորհրդին ապացուցելու համար, որ նրանց չարաբաստիկ ցուցակի մեջ ընդգրկվածներից շատերը քաղկալանավորներ չեն, այլ «սովորական քրեականներ», իսկ քրեականներին ազատ արձակելու պահանջներն այս պարագայում արդեն այլ բան չեն, քան «միջամտություն անկախ պետության ներքին գործերին»։ Դժվար է ասել, թե ինչն է Բաքվի համառության պատճառը։ Չի բացառվում, որ այստեղ որոշակի դեր են խաղում ասիական վրեժխնդրությունը (ինչն, ի դեպ, միանգամայն բնորոշ է նաեւ ՀՀ իշխանություններին) կամ թե՝ ներքաղաքական հավանական խժդժությունների հետ կապված մտավախությունները։ Փաստն այն է, որ ԵԽ ԽՎ-ում քննարկվելիք՝ Ադրբեջանին վերաբերող փաստաթղթում առկա են կետեր, համաձայն որոնց, «եթե մինչ ընթացիկ տարվա կեսը պաշտոնական Բաքուն չկատարի ստանձնած պարտավորությունները, ապա նրա նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել»։ Փաստաթղթում նշված է, որ քաղկալանավոր են որակվում նաեւ հոկտեմբերի 15-16-ի իրադարձությունների կապակցությամբ ձերբակալված որոշ անձինք, եւ հատկապես այդ հանգամանքը «ծայրահեղ մտահոգության տեղիք է տալիս»։ Եվս մի ուշագրավ ձեւակերպում. վեհաժողովը համարում է, որ մինչ առաջիկա աշնանային նստաշրջանը վերոհիշյալ խնդիրների չլուծված մնալու դեպքում «Ադրբեջանի անդամակցությունը ԵԽ- ում կհասնի կրիտիկական սահմանագծին»։ Բանը հասել է այնտեղ, որ ԵԽ-ն Ադրբեջանից բավականաչափ կոշտ երանգներով պահանջում է անհապաղ ազատ արձակել գոնե այն քաղկալանավորներին, ովքեր «ծանր հիվանդ են» կամ «հանդիսանում են կառավարության նախկին կազմերի անդամ»։ Այս ամենով հանդերձ, Ադրբեջանում ամենեւին չեն շտապում եւ առայժմ փորձում են միայն ԵԽ-ի գլուխը «յուղել» 2002-03թթ. ազատ արձակված 280 քաղկալանավորների համաներման փաստով։ Ավելին՝ ԵԽ- ում ադրբեջանական պատվիրակության կառավարամետ անդամները ներքին օգտագործման համար (մեզ շատ ծանոթ սցենարով) եռանդով շրջանառում են փաստաթղթից քաղված ինչ- ինչ «դրական միտումներ»։ Իսկ պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն ուղղակի վստահ է, որ Ադրբեջանին «ոչ մի պատժամիջոց չի սպառնում»։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել