Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունվար 21,2004 00:00

ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱԺ նախագահ ընտրվելուց մեկ ամիս անց Արթուր Բաղդասարյանը հրապարակավ պարտավորվեց խորհրդարանում իրականացնել նորամուծություններ: Դրանց որոշ մասը նա իրոք կատարեց՝ ասենք, իրեն կից ստեղծեց հասարակական բազմազան խորհուրդներ, ԱԺ ընդունարանում տեղադրվեց առաջարկությունների հեռախոս: Բացի այդ՝ այն սենյակի նախասրահում, ուր սովորաբար անցկացվում են ճեպազրույցներ՝ դրվեց ֆաքսով հեռախոս: Այսքանը բավարար համարենք իրականացված համարելու այն խոստումը, թե լրագրողներին հատկացվելու է սենյակ՝ ժամանակակից տեխնիկական բոլոր հնարավորություններով: Սակայն 2003-ի հուլիսի 11-ին ասուլիսում ազդարարվածի մեծ մասը մինչ այժմ մնում է չիրականացված: Ասենք, Արթուր Բաղդասարյանը խոստացել էր, թե ամենուրբաթյա ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը «մատչելի կլինի լրատվամիջոցների համար»: Ենթադրվում է, թե լրագրողները հնարավորություն կունենան ներկա լինել այդ խորհրդակցություններին, սակայն դրա փոխարեն ԱԺ ղեկավարներից որեւէ մեկը սկսեց դրանցից հետո պատմել օրակարգային հարցերի մասին: ԱԺ նախագահը խոստանում էր, թե կկազմակերպվեն օրենքների պարզաբանման ու լուսաբանման աշխատանքներ, որոնցում կներգրավվեն բոլոր շահագրգիռ կազմակերպությունները։ Սակայն մինչ այսօր հայտնի չեն նման աշխատանքներ: Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե նախաձեռնել է «Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի ստեղծումը, որի կազմում կընդգրկվեն ոչ միայն այլ երկրների հայազգի պատգամավորները, այլ նաեւ մեր ԱԺ172ի հետ պատգամավորական բարեկամության խմբերը ղեկավարող այլազգի պատգամավորները»։ Ի՞նչ եղավ այդ վեհաժողովը՝ հայտնի չէ: ԱԺ նախագահը նաեւ խոստացել էր. «Կփորձենք այս տարվա ընթացքում խորհրդարանում ստեղծել վիդեո-կոնֆերանսների սրահ, որի նպատակը պետք է լինի ուղիղ կապ հաստատել մարզերի հետ, որպեսզի պատգամավորները կարողանան աշխատել իրենց ընտրողների հետ, եւ այդ սրահի միջոցով կապ հաստատել նաեւ այլ երկրների խորհրդարանների հետ»: Թերեւս այս մեկի չիրականանալու բացատրությունն է միայն հեշտ կռահելի: Սա բավական ծախսատար նախաձեռնություն է: Եվ պրն Բաղդասարյանը հայտնել էր, թե նախաձեռնությունը ֆինանսավորելու համար միջազգային կազմակերպությունների հետ բանակցություններ են տարվում եւ հուսով էր, թե դրանք կպսակվեն հաջողությամբ։ Ըստ ամենայնի, չիրականացան կանխատեսումները: Իսկ մնացած՝ ոչ ծախսատար նախաձեռնությունները չիրականացնելը, թերեւս, ավանդները վերադարձնելու «Օրինաց երկրի» խոստումների շարքից է: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել