Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԵՌՆԱԹԱՓԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»

Հունվար 21,2004 00:00

«ԲԵՌՆԱԹԱՓԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» Առաջարկում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը Երեկ խորհրդարանում աշխատանքները սկսեց «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում» թեմայով համաժողովը, որին մասնակցում էին նաեւ Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջ. Բուքիքիոն եւ հանձնաժողովի անդամ Կ. Տուորին։ Առայժմ որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ. «Աշխատանքային խումբը կստեղծվի կուսակցությունների միջեւ համաձայնությունների հիմքի վրա»,- ասաց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը։ Վերջինս նաեւ վստահեցրեց, որ սահմանադրական փոփոխությունների քննարկումները կլինեն բաց եւ հրապարակային։ Մինչ այդ, Վենետիկի հանձնաժողովի անդամները ափսոսանք էին հայտնել, որ անցած տարի Հայաստանում հանրաքվեի դրած Սահմանադրության տարբերակում ներգրավված չէին իրենց կողմից արված առաջարկները։ Տիգրան Թորոսյանը խոստացավ, որ նման բան այլեւս չի կրկնվի։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը առաջարկ արեց վերամշակել Սահմանադրության այն նախագիծը, որը արդեն մեկ անգամ դրվել է հանրաքվեի. «Բայց փորձելով բեռնաթափել Սահմանադրության այն հատվածները, որոնք օրենսդրական կարգավորման կարիք ունեն»։ «Առավոտը» երեկ փորձեց հստակեցնել մասնակիցների սպասելիքները համաժողովից եւ այն, թե հնարավո՞ր է արդյոք Սահմանադրության նոր տարբերակ սպրդի այնպիսի կետ, որը հնարավորություն կտա Ռոբերտ Քոչարյանին վերընտրվել երրորդ անգամ։ Հելսինկյան ընկերակցության նախագահ Ավետիք Իշխանյանը, պատասխանելով մեր հարցերին, նկատեց. «Իմ ցանկությունն է, որ իսկապես սահմանադրական փոփոխություններն անցնեն նորմալ եւ փոխհամաձայնության պայմաններում։ Իշխանություններն ասում են, որ պատրաստ են դրան, ես չգիտեմ՝ իրականում պատրա՞ստ են, թե՞ ոչ։ Ինձ թվում է՝ ոմանք գուցեեւ հավատում են դրան։ Բայց երբ գալիս է իշխանությունը պահելու ժամանակը, օգտագործելով մեծամասնության ուժը, մոռանում են տրված խոստումները։ Ինչպիսին կլինի ապագան՝ ես շատ անհանգիստ եմ։ Կարծում եմ, որ այն կլինի այնպիսին, ինչպիսին եղել է մինչ այսօր»։ Ռոբերտ Քոչարյանի՝ երրորդ անգամ առաջադրվելու մասին հարցին պատասխանելով, Ա. Իշխանյանն ասաց. «Եթե քաղաքացիական հասարակությունը չկայանա, եթե կյանքը շարունակվի ինչպես հիմա է, ապա հաջորդ նախագահական ընտրություններում գործող նախագահը եւս կդնի իր թեկնածությունը։ Թե ինչպես է դա հնարավոր՝ արդեն երկրորդական հարց է»։ Ի տարբերություն Ավետիք Իշխանյանի, Լեւոն Մկրտչյանն այլ կարծիքի է. «Սահմանադրության ընդունման փորձ մեր հասարակությունն ունի։ Քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները բավականին փորձված են այս իմաստով, այնպես որ, Սահմանադրության մեջ խութեր դնելը, առաջին հայացքից չերեւացող, բայց հետագայում հնարավորություններ տալու իմաստով՝ դժվար է։ Ես կարծում եմ, այդ տիպի խոսակցությունները քաղաքական կոնյունկտուրայից բխող նպատակներ են հետապնդում եւ փորձ են անում շարունակելու անվստահության մթնոլորտը Հայաստանում, որը վնաս է մեր պետությանը»։ Լեւոն Մկրտչյանը կարեւորեց համաժողովը. «Իսկապես կարեւոր խորհրդակցություն է՝ հրապարակայնության եւ թափանցիկության ապահովման իմաստով։ Նախորդ տարբերակը հանրաքվեով չանցավ նաեւ այն պատճառով, որ ժամանակին չներկայացվեց եւ ընտրությունների մեջ մի տեսակ սվաղվեց նաեւ հանրաքվեի հարցը։ Եթե քաղաքական ուժերի կողմից ցանկություն լինի, ապա միշտ կարելի է համատեղ քննարկման գործընթացը պահպանել ու շարունակել»։ ԱԺԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանը շեշտեց, որ սահմանադրական փոփոխությունները այս անգամ ներկայացնում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանը (ինչպես նախորդ տապալված հանրաքվեի դեպքում), այլ՝ կոալիցիան. «Այս անգամ Ռ. Քոչարյանը չի ներկայացնի, որովհետեւ շատ լավ գիտակցում է՝ եթե ինքը ներկայացնի, ապա դրանով փաստաթուղթը կդատապարտվի տապալման։ Իսկ թե ի՞նչ կներկայացնի կոալիցիան՝ կտեսնենք։ Ես լավատեսական սպասումներ չունեմ»։ Շավարշ Քոչարյանը ասաց նաեւ, որ եթե ընդամենը սահմանադրական փոփոխություններ պետք է կատարվեն, ապա անհնարին է այնպես փոխել, որ Ռ. Քոչարյանը երրորդ անգամ առաջադրվելու հնարավորություն ստանա։ Իսկ եթե նոր Սահմանադրություն է, «ապա դա դառնում է վիճելի հարց։ Այդպիսի նախադեպեր կան բազմաթիվ հետամնաց երկրներում, որտեղ դիկտատորները անընդհատ երկարաձգում են իրենց ժամկետը։ Բայց մենք պետք է հիշենք, որ Հայաստանը ԵԽ անդամ է եւ այդպիսի «ֆոկուս» չեմ կարծում, որ Եվրոպայի խորհուրդը հանդուրժի»։ Հիշեցնենք, որ ԵԽ անդամ Ուկրաինայում Կուչման նման «ֆոկուս» արեց, եւ ԵԽ-ն դա հանդուրժեց։ Բոլոր դեպքերում, պաշտոնապես հայտարարվում է, որ Սահմանադրությունը ոչ թե պետք է ամբողջովին փոփոխվի, այլ՝ փոփոխությունների ենթարկվի։ Ընդ որում, դա լինելու է, ըստ էության, նույն նախագիծը, որն արդեն մեկ անգամ դրվել է հանրաքվեի եւ որին ժողովուրդն արդեն մեկ անգամ «ոչ» է ասել։ Տարբերությունն այն է, որ այս անգամ, թեկուզեւ առերեւույթ, սահմանադրական փոփոխությունների գործընթացը ամբողջովին տեղափոխվում է խորհրդարան։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել