Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒՆԵՄ ԱՐԱՄ ԻԼՅԻՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ»

Հունվար 21,2004 00:00

«ՈՒՆԵՄ ԱՐԱՄ ԻԼՅԻՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ» Հավաստիացնում է ՀՀ մշակույթի նախարարության Երեւանի խորեոգրաֆիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր բալետմայստեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԴ ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանը։ Հունվարի 21-ին Խորեոգրաֆիայի պետական թատրոնը Ազգային օպերային թատրոնի շենքում կներկայացնի «Հավերժություն» բալետային ներկայացման պրեմիերան՝ ըստ Արամ Խաչատրյանի Ջութակի եւ նվագախմբի համար գրած կոնցերտի։ Բեմադրությունն իրականացրել է Մաքսիմ Մարտիրոսյանը։ – Մեծ ռիսկի չե՞ք դիմել՝ անդրադառնալով աշխարհահռչակ հեղինակի ստեղծագործությանը, որի թույլտվությունը հավանաբար չէիք կարող ունենալ։ Անցյալ տարվա վերջին հրավիրված ասուլիսում ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդ. Թոփչյանն էլ որոշ վերապահումով արտահայտվեց ձեր այս մտահղացման մասին։ – 70-ականների սկզբներին, երբ Վորոնեժի օպերայի եւ բալետի թատրոնում պատրաստվում էի Արամ Իլյիչի «Գայանեի» բեմադրությանը, երեք ամիս ապրեցի Մոսկվայի նրա բնակարանում։ Նախապատրաստական աշխատանքներ էինք տանում, քանի որ, ըստ «Գայանեի» նոր լիբրետտոյի, հարկավոր էր Ա. Խաչատրյանի որոշ ստեղծագործություններից հատվածներ ներմուծել «Գայանե»։ Ստեղծագործական շփման ընթացքում դեռ այդ ժամանակ միտք հղացավ Ջութակի եւ նվագախմբի կոնցերտը վերծանել խորեոգրաֆիայի լեզվով։ Այնպես որ, ես ունեմ Արամ Իլյիչի համաձայնությունը։ Ինչ վերաբերում է կասկածներին, ասեմ, որ իսկապես դիմել եմ ռիսկի, թեպետ նորմալ եմ վերաբերվում նման՝ կանխավ արտահայտած տեսակետներին։ – Ի՞նչը խանգարեց, որ խաչատրյանական տարվա ընթացքում իրականացնեիք բալետի պրեմիերան։ – Նախագիծը ներկայացվել է մշակույթի նախարարություն եւ հավանության արժանացել, նույնիսկ ընդգրկվել պետպատվերով ներկայացումների ցանկում։ Ցավոք, ներկայացումը ֆինանսավորվեց ընդամենը մեկ քառորդ մասով։ – Հանրապետությունում բալետի տղա պարողների դեֆիցիտ կա։ Ինչքան մեզ հայտնի է, արդեն 7 տարի գոյություն ունեցող ձեր թատրոնի հաստիքներն էլ սակավ են։ – Ընդհանուր առմամբ, մենք ունենք 36 հաստիք, այդ թվում՝ նաեւ հաշվապահ, տնօրեն եւ այլն։ Բալետի պարողներ հրավիրել ենք Ազգային օպերային թատրոնից եւ Պարարվեստի ուսումնարանից։ Մենապարերում հանդես են գալիս Մաշա Դիվանյանն ու Աննա Հարությունյանը։ Փորձավարներն են ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մարիկյանը, Անուշ Պետրոսյանը։ Նկարչական ձեւավորումն իրականացրել է վաղեմի գործընկերս՝ Ռոբերտ Էլիբեկյանը։ Ներկայացման ընթացքում Չարենցի՝ Կոմիտասին նվիրված տողերը կարդում է ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը։ Տեղեկացնեմ, որ ի սեր ու հարգանք Արամ Իլյիչի, ներկայացումը կընթանա ֆոնոգրամայով։ Ձայնագրությունը կատարվել է 1951 թվականին՝ Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ, ջութակի մենանվագը կատարել է Լեոնիդ Կոգանը։ – Ե՞րբ է լուծվելու ձեր թատրոնի շենքի հարցը, ե՞րբ են ձեր բեմադրությունները կայանալու սեփական շենքում։ – Անկեղծ ասեմ՝ երեւի ես չտեսնեմ։ Նախ պետք է կառավարության որոշում լինի, հրավիրվի ճարտարապետ, որպեսզի կառուցվի շենք մեր թատրոնի համար։ Ի դեպ, արդեն քանի տարի է՝ մի նախագիծ էլ ես ունեմ։ Բայց դա քիչ է։ Ախր պետք է վերեւներում մտածեն, որ արվեստի այս տեսակը անհրաժեշտ է հայերիս։ Ի վերջո, այդ շենքն ինձ համար չեմ ուզում։ Դրսում ներկայանալու խնդիր ես չունեմ։ 17 տարի ղեկավարել եմ Մոսկվայի բալետային արվեստի ակադեմիան, աշխատել ավելի քան 40 երկրներում։ 88-ին Մոնրեալում հիմնադրել եմ Ռուսական բալետի դպրոցը։ Այնպես որ, ումից կախված է՝ թող բարի գործ անի։ Մակեդոնացին որ Մակեդոնացի էր, մահից առաջ խնդրեց, որ ձեռքերը պարզած թաղեն։ Ասել կուզեր, որ աշխարհն իր ձեռքում է, բայց ոչինչ չի տանում։ Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել