Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԱՊԵՍ՝ ՀԱՂԹԱՆԱԿ

Հունվար 21,2004 00:00

ՎԵՐՋԱՊԵՍ՝ ՀԱՂԹԱՆԱԿ ՀՀ չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Մոսկվայում ընթացող ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների մրցաշարի խմբային պայքարի վերջին տուրում 2։1 հաշվով հաղթեց Թուրքմենստանի ուժեղագույն ակումբին՝ Աշգաբադի «Նիսային»։ Ընդ որում, հաղթանակը ձեռք բերվեց մինչեւ վերջին րոպեները մղած համառ պայքարի արդյունքում։ Հաշիվը բացեց «Փյունիկի» մրցակիցը։ 35-րդ րոպեին աչքի ընկավ Դիդակլիչ Ուրազովը։ Մեր ֆուտբոլիստները բավականին երկար ժամանակ չէին կարողանում «Նիսայի» պաշտպանությունում սողանցքներ գտնել։ Հավասարակշռությունը վերականգնելու բոլոր ջանքերն ապարդյուն էին անցնում։ Այդպես շարունակվեց մինչեւ հանդիպման նախավերջին րոպեն։ Եվ երբ թվում էր, թե «Փյունիկը» Մոսկվայում կրելու է երրորդ անընդմեջ պարտությունը, անցած մրցաշրջանում իրեն լավագույն կողմերով դրսեւորած Գալուստ Պետրոսյանը խփեց պատասխան գոլը։ Եվ դա մեր թիմի համար վերջինը չեղավ։ Ոգեւորված հաջողությունով՝ Միհայ Ստոյկիցայի սաները մեկ րոպե անց նոր հաջողության հասան։ Խաղի վերջին՝ 90-րդ րոպեին Դավիթ Գրիգորյանն առաջ մղեց իր թիմին։ Դրանից հետո անակնկալի եկած թուրքմեններն այլեւս որեւէ պատասխան գործողություն ձեռնարկելու ժամանակ չունեցան։ «Փյունիկը» «Համագործակցության գավաթի» խաղարկությունում մրցելույթներն ավարտեց հաղթանակով։ Բայց, ավաղ, դա նրան հետագա պայքարը քառորդ եզրափակիչում շարունակելու հնարավորություն չընձեռեց։ «Փյունիկը», Մոսկվայում գտնվող ՀՖՖ ղեկավարությունը եւ Ամստերդամից այնտեղ ժամանած ՀՖՖ պատվիրակությունը, որն Ամստերդամում մասնակցում էր աշխարհի 2008 թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին խմբի խաղացանկի քննարկմանն ու հաստատմանը, կվերադառնան Երեւան։ «Համագործակցության գավաթի» խաղարկության երրորդ խմբի մյուս հանդիպումում Կիեւի «Դինամոն» 4։0 խոշոր հաշվով առավելության հասավ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի «Ֆլորայի» նկատմամբ եւ խմբում գրավեց առաջին տեղը։ «Համագործակցությունը» վտանգված է ՌԴ ֆուտբոլային միության նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը գնահատական է տվել «Համագործակցության գավաթի» խաղարկությանը: «Հերքել, որ մրցաշարի նկատմամբ հետաքրքրությունը նվազում է, հիմարություն է: Մենք հույս ունեինք, որ, եթե, տոպ8211թիմերը հայտավորեին իրենց հիմնական կազմերը, ապա «Համագործակցության գավաթին» այլ կերպ կվերաբերվեին: Սակայն ԲԿՄԱ-ն նոր մարզիչ ունի եւ մեր մրցաշարը նրա նախապատրաստության ծրագրի մեջ չի մտնում: Իր հերթին «Դինամոն» փոխեց ուժեղագույն կազմով հանդես գալու իր նախապես կայացրած որոշումը: Ինչ վերաբերում է արվող ինչ8211ինչ քայլերին, Ռուսաստանի ֆուտբոլային միությունն իր համապատասխան ծրագրերն ուներ: Օրինակ, այս գավաթի խաղարկության չորս խմբերում խաղերն անցկացնել չորս տարբեր երկրներում, իսկ հետո փլեյ8211օֆֆը՝ Մոսկվայում: Մեր այս գաղափարին ազգային ֆեդերացիաների բոլոր ղեկավարները միաբերան «ոչ» պատասխանեցին: Ոչ ոք չի ցանկանում միջոցներ ծախսել գավաթի վրա: Իսկ մրցաշարը մեզ արժենում է 500 հազար դոլար: Եվ եթե մենք նոր ոչինչ չմտածենք, ապա հաջորդ տարի «Համագործակցության գավաթի» խաղարկություն չի լինի»,- հայտարարել է Վյաչեսլավ Կոլոսկովը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել