Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՅԿՈՏԸ ՀԱՐԳԵԼԻ ՊԱՏՃԱՌ ՉԷ

Հունվար 22,2004 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՅԿՈՏԸ ՀԱՐԳԵԼԻ ՊԱՏՃԱՌ ՉԷ Այդ կարծիքին է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը ԱԺ հերթական նստաշրջանը, որը կմեկնարկի փետրվարի 2-ին, անախորժություններ է սպառնում թվով 4-5 պատգամավորների, որոնցից մի քանիսը, այդ թվում՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամներ Արամ Սարգսյանն ու Սմբատ Այվազյանը, գործարար Գագիկ Ծառուկյանը եւ այլք, կարող են զրկվել իրենց պատգամավորական մանդատներից: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի մատուցմամբ, այդ օրը հանձնաժողովը ԱԺ-ին կներկայացնի այն պատգամավորների ցանկը, ովքեր ԱԺ աշխատակազմի արձանագրմամբ, խորհրդարանի անցած նստաշրջանում նիստերի մեծ մասից բացակայել են: «Պատգամավորների կոնկրետ ազգանուններ տալ չեմ ուզում, բայց դրանք 4-5-ն են»,- մեր զրույցի ժամանակ ասաց պրն Պետրոսյանը՝ նկատելով, թե հանձնաժողովը դեռ պետք է պարզի այդ մարդկանց բացակայությունների հարգելի կամ անհարգելի լինելու հանգամանքը, իսկ մինչ այդ անուններ տալը կարող է նրանց պարզապես վարկաբեկել: Այդուհանդերձ, «հարցը դեռ նախապատրաստական փուլում է: Ընդ որում, որպեսզի հանձնաժողովը կարողանա որոշել, թե արդյո՞ք այդ պատգամավորների բացակայությունները հարգելի են, թե՞ ոչ, առաջին հերթին, կանոնակարգի պահանջով, պետք է տեղեկանքներ ստանանք ԱԺ աշխատակազմից: Իսկ աշխատակազմը դա ավելի վաղ տալ չէր կարող, որովհետեւ մինչեւ դեկտեմբերի 30-ի երեկոյան ԱԺ-ն դեռ նիստ է գումարել: ԱԺ-ն դա կարող էր անել միայն հունվարի արձակուրդներից հետո: Ըստ ԱԺ կանոնակարգի, հերթական նստաշրջանի ավարտից հետո 30 օրյա ժամկետում պատգամավորը պարտավոր է իր բացակայության մասին պաշտոնապես բացատրություններ ներկայացնել հանձնաժողովին, իսկ մենք դրա համար դեռ ժամանակ ունենք»,- հանձնաժողովի նախագահը սա մանրամասնեց՝ հերքելու համար մամուլում հնչած այն մեղադրանքը, թե նա այդ հարցը դեռ չի քննարկել: Այդուհանդերձ, երեկ ԱԺ քարտուղարությունը հանձնաժողովին արդեն ներկայացրել է պատգամավորների բացակայության մասին տեղեկանք: «Հանձնաժողովն անպայման քննարկելու է այդ հարցը, երբ ստանա պատգամավորների ներկայացրած փաստաթղթերը: Կան պատգամավորներ, ովքեր դեռ նման տեղեկանքներ չեն ներկայացրել, թեեւ մենք նրանց արդեն հրավիրել ենք եւ խնդրել ենք հիմնավորել իրենց բացակայությունները»,- ասաց Ռ. Պետրոսյանը: Ըստ նրա, պակաս վտանգավոր իրավիճակ է այն պատգամավորների համար, ովքեր՝ լինելով նիստերի դահլիճում հայտարարել են, որ բոյկոտում են քվեարկությունները: «Հանձնաժողովը հաջորդ հինգշաբթի օրը մեզ ներկայացված փաստաթղթերի հիման վրա քննարկումներ կանի, եւ ԱԺ-ին համապատասխան եզրակացություն կներկայացնի: Եթե պատգամավորի բացակայությունը հանձնաժողովը համարի հարգելի, այդ պատգամավորի հարցն ընդհանրապես չի բարձրացնի»,- վստահեցրեց Ռ. Պետրոսյանը: Պատասխանելով մեր այն հարցին՝ ինչպես են վարվելու այն պատգամավորների հետ, ովքեր ի սկզբանե էլ հայտարարել էին ԱԺ նիստերը քաղաքական նկատառումներով բոյկոտելու իրենց որոշման մասին, հանձնաժողովի նախագահն ասաց. «Կասկածում եմ, թե այդ պատճառաբանությամբ բացակայությունները հարգելի համարվեն, բայց բոլոր դեպքերում դա պետք է հանձնաժողովը քննարկի ու, եթե դա համարի անհարգելի, տվյալ պատգամավորի հարցը կբարձրացնի: Միաժամանակ, եթե կա պատգամավոր, որը հրապարակայնորեն հայտարարել է, որ ընդհանրապես չի գալու եւ չի մասնակցելու նիստերին եւ հիմա մեզ տեղեկանքներ ներկայացնի, մենք ստիպված կլինենք ստուգել դրանց օրինականությունը»,- հայտարարեց պրն Պետրոսյանը: Մեր տեղեկություններով, վերն արդեն մատնանշված պատգամավորներից միայն Գագիկ Ծառուկյանն ու Սմբատ Այվազյանն են համապատասխան տեղեկանքներ ներկայացրել՝ իրենց բացակայությունները հիմնավորելու եւ դրանք հարգելի համարելու համար: Մասնավորապես վերջինս տարբեր ժամանակահատվածների համար երկու տեղեկանք է ներկայացրել անաշխատունակության եւ Հայաստանից բացակայելու մասին, նաեւ մի գրությամբ դիմել ՀՀ ԱԺ նախագահին՝ դրանք հարգելի համարելու խնդրանքով: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել