Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԴԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՈՈՒ Է»

Հունվար 23,2004 00:00

«ԴԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՈՈՒ Է» Նոր տարվա ընդմիջումից հետո ընդդիմությունը կրկին փորձում է Ռոբերտ Քոչարյանի անվստահության հարցը հանրաքվեի դնել: Սակայն այդ հեռանկարին ԱԺ-ում քչերն են հավատում: Նման կարծիքի է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը: Հենց այդ հանձնաժողովում է, որ ընդդիմության ներկայացուցիչների բերած այս օրինագիծը մինչեւ ԱԺ եռօրյա մտնելը, պետք է դեռ քննարկվի: «Ես բազմիցս հայտարարել եմ, որ դա հակասահմանադրական առաջարկ է, որովհետեւ գործող Սահմանադրությամբ կոնկրետ սահմանված է, թե ՀՀ նախագահին որ դեպքերում եւ ինչ կարգով կարելի է ետ կանչել, նաեւ սահմանված է, թե ովքեր կարող են հանրաքվե անցկացնել. ԱԺ պատգամավորների մեկ-երրորդն ու ՀՀ նախագահը: ՍԴ-ն էլ իր հայտնի եզրակացության մեջ նման առաջարկություն անելով հակասահմանադրական քայլ է կատարել: Այդ հարցը հանրաքվեի դնելու համար նախ պետք է Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ անել»,- երեկ մեր զրույցի ժամանակ պարզաբանեց Ռ. Պետրոսյանը: Այդուամենայնիվ, նրա ասելով, «բոլոր դեպքերում, հանձնաժողովը մի քանի անգամ նիստեր է գումարել այդ հարցը քննարկելու համար: Դրանցից մեկը տեղի ունեցավ դեռ 2003-ի դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստերից մեկի ընդմիջմանը: Մենք հրավիրեցինք այդ օրինագծի հեղինակներին, բայց նրանք խուսափեցին հարցի քննարկումից, որովհետեւ գիտեն, որ դա իրենց կողմից քաղաքական շոու է եւ իրականում հնարավոր չէ իրագործել, ու առաջարկեցին եւս մեկ ամիս հետաձգել»: Ռ. Պետրոսյանի պնդմամբ, ընդդիմադիրներն այդպես վարվում են արդեն 4-5-րդ անգամ. «Հենց ժամկետը լրանում է եւ հանձնաժողովը որոշում է հարցը քննարկել, նրանք հետաձգում են, բայց մեծ օրակարգից չեն ուզում հանել՝ անընդհատ լարվածություն պահպանելու համար: Ում հետ որ մենք զրուցել ենք, իրենք էլ գիտեն, որ դա հակասահմանադրական է, բայց բացատրում են, որ դա քաղաքական քայլ է՝ դեմարշ: Թե որքան դա կշարունակվի՝ չգիտեմ»: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել