Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանոնին նոր շունչ է պետք»

Հունվար 24,2004 00:00

«Քանոնին նոր շունչ է պետք» Համոզված է Հասմիկ Լեյլոյանը Օրերս լույս է տեսել քանոնահարուհի, միջազգային մրցույթների ու փառատոների դափնեկիր, Երեւանի պետկոնսերվատորիայի դոցենտ Հասմիկ Լեյլոյանի առաջին CD-ն, ուր ընդգրկված են հայ եւ եվրոպացի կոմպոզիտորների երկեր՝ նորօրյա մեկնաբանմամբ։ Օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի առաջարկով, նա շուտով կձայնագրի եւս մեկ CD, որտեղ հայկական ժողովրդական նվագարանը՝ քանոնը, հանդես կգա սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ։ Զրույցի սկզբում Հ. Լեյլոյանը համաձայնեց այն մտքին, որ այսօր պատշաճ ուշադրություն չի ցուցաբերվում ժողովրդական գործիքների նկատմամբ։ Ըստ քանոնահարուհու, ստեղծված վիճակին պետք է տեր կանգնեն հայկական մշակույթին տեղյակ մարդիկ։ Ցանկացած ազգի աշխարհում առաջինը ճանաչում են իր ժողովրդական արվեստով։ Այս առիթով նա հիշեց աշխարհի ավելի քան 35 երկրում իր համերգները։ Հ. Լեյլոյանն, այնուամենայնիվ, քննադատորեն է վերաբերվում անգամ ինքն իրեն, շեշտելով, որ ժամանակը միշտ իրենն է պահանջում։ Նրա խոսքերով. «Այսօր քանոն ժողովրդական նվագարանը պետք է ենթարկվի փոփոխության։ Նպատակս է, որ գործիքն ունենա առաջին հերթին հաստատուն լարվածք»,- վստահ է քանոնահարուհին։ Հ. Լեյլոյանն ունի նաեւ մի ծրագիր, որի արդյունքում կբարձրանա քանոնով եւ մյուս հայկական ժողովրդական գործիքներով նվագող երաժիշտների մրցակցությունը։ «Երազանքս է Հայաստանում անցկացնել տարբեր ազգերի ժողովրդական գործիքներով նվագող երաժիշտների միջազգային փառատոն։ Համոզված եմ, որ այդժամ Նոյի երկրում կհավաքվի ամբողջ աշխարհը։ Թող սա էլ լինի ժողգործիքների բնագավառում յուրովի շոու-բիզնես»,- նշեց քանոնահարուհին։ Ըստ Հ. Լեյլոյանի, քանոնի՝ որպես ժողովրդական նվագարանի, դասավանդվող ծրագիրը, դպրոցներից սկսած, պետք է վերանայվի՝ ժամանակի պահանջով։ «Առավոտը» հարցրեց՝ ի՞նչ նկատի ունի «ժամանակի պահանջ» ասելով: Խոսքը, պարզվում է, դարձյալ քանոնին «միջազգային հնչեղություն» տալու մասին է: Հ. Լեյլոյանը հիշեց. «Դեռ 1982-ին հայկական այս նվագարանով հետաքրքրվել է Մոսկվայի ֆիլհարմոնիայի Օսիպովի անվան ռուսական ժողգործիքների մեծ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Նիկոլայ Կալինինը, որի հրավերով մասնակցել եմ ու նվագախմբի հետ կատարել Խաչատուր Ավետիսյանի «Կոնցերտը», ինչպես նաեւ Պագանինիի վիրտուոզ ստեղծագործությունների փոխադրումներ։ Ավելին, ռուս կոմպոզիտոր Սերգեյ Բարչունովը դեռ 1974-ին գրեց կոնցերտ՝ քանոնի եւ նվագախմբի համար, նվիրելով ինձ»։ Քանոնահարուհին գտնում է, որ հայ կոմպոզիտորների երկերից բացի, պետք է քանոնով հնչեցնել դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, ինչը կգրավի օտար ունկնդրին։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031