Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ՉԸՆԴՈՒՆԵՑԻՆ

Հունվար 30,2004 00:00

ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ՉԸՆԴՈՒՆԵՑԻՆ Հյուսիսային պողոտայի «ճանապարհին» հայտնված քաղաքացիները վստահ են, որ պետությունն իրենց խաբում է Երեկ Կառավարական շենքի դիմաց ցույցի էին հավաքվել Լալայանց եւ Պուշկինի փողոցների այն ըմբոստացած բնակիչները, որոնք դժգոհ էին իրենց տների դիմաց «Հյուսիսային պողոտայի» ԾԻԳ-ի առաջարկած փոխհատուցման չափից. ցուցարարները տեղեկանալով, որ հունվարի 29-ին ՀՀ կառավարությունը պետք է քննարկի նաեւ տարածքի իրացմանը վերաբերող հարցը, փորձել էին ցույցի միջոցով լսելի դարձնել իրենց սեփականատիրական իրավունքների ոտնահարման մասին։ Բնակիչները պնդում էին, որ ԾԻԳ-ի առաջարկած գումարներով հնարավոր չէ բնակարան գնել քաղաքի կենտրոնում եւ միգուցե նաեւ ծայրամասերում։ Եվ հենց այս պատճառով էլ բնակիչները, որպես փոխհատուցում, պահանջում են բնակարաններ քաղաքի կենտրոնում՝ իրենց բնակարաններին հավասարազոր չափով կամ ավելի մեծ տարածքով՝ քաղաքի արվարձաններում։ Բնակիչների խոսքերով, կառավարության նիստերին մասնակցող Երվանդ Զախարյանը ցուցարարներին հավաստիացրել է, որ Հյուսիսային պողոտայի հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն ի նպաստ բնակչության։ Ցուցարարները հավաստիացնում էին, որ եթե իրենց բնակարանների հետ կապված չբավարարող որոշում ընդունվի, ապա իրենք չեն ենթարկվի եւ չեն թողնի, որ այդ որոշումը իրագործվի։ Նույնիսկ պատրաստվում էին ցույցեր կազմակերպել ԱԺ-ի եւ նախագահի նստավայրի դիմաց, իսկ ցուցարարներից հաշմանդամ Ռաֆիկ Հովհաննիսյանը նույնիսկ սպառնացել է, որ այդպիսի որոշման դեպքում պատրաստ է ինքնահրկիզման։ Ցույցին ներկա էր նաեւ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Պետրոսյանը, որը հայտարարեց. «Ցանկացած որոշում, նույնիսկ ի նպաստ բնակչության, անօրինական է, քանի որ կատարվում է առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու, իսկ պայմանագիրը փոխհամաձայնությամբ է կնքվում»։ Ցուցարարները փորձել են գրավոր դիմում ներկայացնել կառավարություն եւ այդ նիստին մասնակցելու թույլտվություն են խնդրել։ «Բայց ոչ մեզ ընդունեցին, ոչ էլ մեր դիմումը»,- ասաց ցուցարար Վաղինակ Ղազարյանը եւ ավելացրեց, որ ցույցի ընթացքում կառավարության ընդունարանը փակ է եղել։ Հարկ է նկատել, որ այս դեպքում ըմբոստ բնակիչները ավելին են խնդրել, քան հնարավոր է ստանալ՝ մասնակցել կառավարության նիստերին: Ցուցարարների ներկայացմամբ, ԾԻԳ-ի «շարքային» ներկայացուցիչներն անընդհատ «բազարների» մեջ են բնակիչների հետ, այսինքն նրանց առաջարկում են ինչ-որ գումար եւ բնակչի ըմբոստանալուց անմիջապես հետո փոխում են գումարի չափը՝ նվազեցնում կամ բարձրացնում են։ «Ուրեմն կամայականություն է եւ օրենք չկա»,- նշեց Վաղինակ Ղազարյանը։ Կառավարությունը երեկ քննարկել է այդ խնդիրը եւ հաստատել է քաղաքի այդ մասում հողամասերն ու անշարժ գույքը գնելու նոր կարգ։ Ըստ այդմ, սեփականատերերի համար ոչինչ չի փոխվել։ Փոփոխությունը վերաբերում է միայն այստեղ ապրող ոչ սեփականատեր գրանցվածներին։ Առաջ վերջիններս կամայականորեն ստանում էին կամ չէին ստանում մոտ $2000 փոխհատուցում։ Հիմա բոլորն անխտիր փոխհատուցում կստանան $3000- 3500-ի չափով՝ հանած եկամտահարկը։ Այդ նպատակով «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը կառավարությունը հատկացրել է 1.000,000.0 հազար դրամ։ «Առավոտը» ճշտեց նաեւ երեկվա ցուցարարների կարծիքը կառավարության այդ որոշման կապակցությամբ։ Նրանք դժգոհ են՝ ակնկալելով իրենց սեփականության գնահատման վերանայում, ոչ թե փոխհատուցումների մեծացում։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել