Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՅՈՒՐԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 01,2004 00:00

ԹՅՈՒՐԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ Նվիրում եմ «Ա1+»-ի դեմ տարած «փառապանծ «հաղթանակի» հերթական տարելիցին Երեկոյան դուրս էի եկել զբոսանքի: Ծանոթ մի մարդ պատահեց: «Ո՞նց ես»,-հարցրեց: «Լավ եմ,- պատասխանեցի,- փառք մեր երկրի իմաստուն ղեկավարին՝ ֆիզկուլտուրնիկների ու շինարարների, դպրոցականների ու մանկավարժների, բազեների ու այլ թռչունների մեծ բարեկամին, ում հմուտ ղեկավարության շնորհիվ…»: Ծանոթս պլշած ինձ էր նայում: Հետո ասաց. «Հա՜, հասկացա՝ հենց նոր «Ա՜յ լուր» ես նայել»: «Նայել եմ,-ասացի,- իսկ մի՞թե «Ա՜յ լուր» նայելը վատ բան է: Չէ՞ որ միայն «Ա՜յ լուր»-ից կարող ես ստանալ երկրում կատարվողի իրական պատկերը, իմանալ այն հսկայական հաջողությունները, որ մենք ամեն օր ձեռք ենք բերում, ապա եւ՝ ճշմարտությունը լսել այն թափթփուկների մասին, ովքեր իշխանության հանդեպ իրենց ատելությունից կուրացած՝ չեն տեսնում այդ հաջողությունները, ովքեր համաձայն չեն մեր ղեկավարի տեսակետներին եւ համաձայն չլինելով՝ խանգարում են, որ նա երկիրը տանի դեպի փայլուն ապագա: Բայց կեցցե մեր «Ա՜յ լուր», որ այդ քաղաքական «բոմժերին» ու նրանց զավակներին ցույց է տալիս իրենց քչփորելիք աղբամանի տեղը: «Ա՜յ լուր» նայիր՝ իրականությունը կիմանաս, «Ա՜յ լուր» նայիր, եւ կիմանաս, օրինակ, թե ինչ ոգեւորություն է առաջացրել «կյանքի որակը բարելավելու վերաբերյալ նախագահի առաջ քաշած խնդիրը»: «Ի՞նչ է,-շարունակեցի ես,- դու կարծում ես, թե իրականությունն էստե՞ղ է՝ էս փողոցո՞ւմ: Սա խաբկանք է՝ աչքերիդ մի հավատա: Էս մարդն, օրինակ, որ աղբաման է փորփրում, չգիտի, որ անցյալ տարի 14, իսկ ավելի ստույգ՝ 13,9 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել, որովհետեւ «Ա՜յ լուր» չի նայել: Այ, եթե նայած լիներ, ինքն էլ ինձ նման կտեսներ այն, ինչ կույրերը միայն չեն տեսնում, նա էլ կհիանար մեր նորացող քաղաքով, մեր բազե ջահելության խնդուն դեմքերով, անհոգ զբոսնող մտավորականությամբ, որ ութ ժամ գիտության անհուններում խոկալուց հետո գալիս է Օպերայի շրջակայքի կանաչապատ, խաղաղ զբոսայգիներում իր հանգիստը վայելելու, մեր պապիկ-տատիկներով, որ իրենց թոշակով թոռնիկներին սրճարան են բերում, ու բոլոր-բոլորով, ովքեր փառք են տալիս իրենց այս հանգիստ ու խաղաղ կյանքը պարգեւող իշխանությանը: Եվ եթե նա եւ մնացած բոլոր «բոմժերը» «Ա՜յ լուր» նայեին ու իմանային, թե ինչքան է լավացել կյանքը անցած հինգ տարիների ընթացքում՝ ոչ թե աղբաման կփորփրեին, այլ կգնային ու կվերցնեին իրենց բաժին հասնող մասը՝ 14 տոկոսից: Ուրեմն՝ «բոմժը» երկրի ու ազգի դավաճան է՝ թշնամիների ջրաղացին ջուր է լցնում, ֆիզիոլոգիական ատելությամբ է լցված ղեկավարության նկատմամբ, աղբաման է փորփրում՝ իշխանությունների ինադու, որ հետո ասի, թե սուտ են կյանքի որակի լավանալու մասին խոսքերը: 200 հազար աշխատատեղ է բացվել, դիտմամբ չի գնում էդ 200 հազարից իր աշխատատեղն ուզելու, որ ասի գործազուրկ եմ ու հայհոյելու պատճառ ունենա: Այ, թե ով է իսկական թշնամին: Եվ ոչ միայն նա: Թշնամի են նաեւ այն հատուկենտ թոշակառուները, ովքեր չեն հասկանում, թե ինչ հսկայական ջանքեր է գործադրում մեր իշխանությունը թոշակը 200 դրամով ավելացնելու համար, այն մի քանի սուտ մտավորականները, գիտնականները, մանկավարժները, ովքեր, ի տարբերություն իշխանությունների ջանքերին միահամուռ հավանություն տվող մտավորականության հսկայական զանգվածի, չեն հասկանում, որ «մարդ կեցցե ոչ միայն աշխատավարձիվ»: Էլ չեմ ասում արեւի վրա անգամ բծեր տեսնող այն տականքների մասին, ովքեր 10 լալկան ցուցարարներին 10 հազար են ասում, ովքեր փշալարեր են նկատում պալատի մատույցներում: «Ա՜յ լուր»-ը փշալար ցո՞ւյց է տվել: Չէ: Ուրեմն չկա, չի եղել փշալար: Այդ հատուկենտ թափթփուկներից են նաեւ ուսանողները, հատկապես այն ուսանողները, ովքեր համարձակվում են դժվար հարցեր տալ, ու նաեւ բոլոր նրանք, ովքեր մեր երկրում գործազուրկ, թոշակառու, մուրացկան, մտավորական, գիտնական, մանկավարժ ու ուսանող են տեսնում: Մանավանդ վերջինին: Մեր երկրում ուսանող չկա ու չի կարող լինել: Կան ուսանողուհիներ: Իսկ ուսանող՝ չկա, կա պոտենցիալ զինվորացու, որ սովորելու փոխարեն բլոտ է խաղում: Գիտելի՞ք: Ո՞ւմ է պետք գիտելիքը, բախտ է պետք: Մի՞թե գիտելիքն օգնում է բենզին ծախելուն: Կամ մի՞թե էդ գիտելիքն անհրաժեշտ է կազինոներում խաղալու համար: Բնավ: Մեր ջահելությանը գիտելիք պետք չէ: Լսիր, ախր հասկացիր՝ մոլեկուլային ֆիզիկան կամ գրականագիտությունը, տո հենց՝ ծրագրավորումը ֆուֆլո բաներ են: Եվ հասկացիր՝ առանց գիտելիքի էլ կարելի է ե՛ւ տոնավաճառի սեղանիկի հետեւում կանգնել, ե՛ւ «Ա՜յ լուր»-ի համար ճշմարտացի ռեպորտաժներ պատրաստել»: Ծանոթիս դեմքն արդեն զզվանք ու ատելություն էր արտահայտում: Եվ ես հասկացա, որ եթե շարունակեմ, ապա մռութս հաստատ կզգա նրա բռունցքի իրական քաշը: Ես դադարեցրի մենախոսությունս ու հարցրի. «Իսկ դո՞ւ ոնց ես»: Նա ձեռքը թափ տվեց ու …«Տրոլեյբուս է գալիս,- ասաց,- ուրեմն լավ եմ՝ էսօր ոտքով տուն չեմ գնալու»: Եվ գիտությունների այդ թեկնածուն, ում դեռ ինստիտուտում փայլուն ապագա էին կանխատեսում, վազեց դեպի կանգառին մոտեցող տրոլեյբուսը: Այդ պահին վեց «Ջիփից» կազմված մի շարասյուն անցավ տրոլեյբուսի կողքով, իսկ դրանցից մեկից դուրս ցցված մի կլորիկ մռութ մաուզերը թափահարելով հայհոյանքներ տեղաց վարորդի հասցեին, որ համարձակվել էր իր անճոռնի մեքենայով նեղացնել փողոցը, ապա երկու կրակոց արձակեց տրոլեյբուսի անիվների տակ: Խեղճացած վարորդը տրոլեյբուսը կտրուկ աջ թեքեց ու բարձրացավ մայթին:8230 Բարեբախտաբար, զոհեր չեղան: Ես, իհարկե, աչքերիս չհավատացի՝ համարելով դա թյուրատեսություն եւ վազեցի տուն, որ «Ա՜յ լուր»-ի հերթական թողարկումից իրականությունն իմանամ միջադեպի մասին: Որովհետեւ այն, ինչ փողոցում ընկնում է աչքիդ՝ խաբկանք է, իսկ իրականությունն ապրում է միայն «Ա՜յ լուր»-ում: ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել