Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մեթոդներով չի կարելի վերադառնալ»

Ապրիլ 01,2004 00:00

«Այդ մեթոդներով չի կարելի վերադառնալ» Ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը Մեր թերթի մարտի 31-ի համարում տպագրել էինք Տիգրան Հակոբյանի «ՀՅԴ-ն չի թաքցնում, որ զինված է» հոդվածը, որում քննարկելով ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի՝ «Իրավունք» թերթում տպագրված հարցազրույցը, պրն Հակոբյանը կարծիք էր հայտնել. «Վերջապես դաշնակցության ղեկավար այրերից մեկը խոստովանեց, որ 21-րդ դարում, անկախ պետականության պայմաններում, ԵԽ անդամ եւ ԵՄ ձգտող երկրում լեգալ պայմաններում գործող կուսակցությունը ոչ միայն կարող է ունենալ, այլ ունեցել է, ունի եւ ապագայում եւս ունենալու է իր ենթակայության տակ գտնվող, կուսակցության հրահանգները կատարող զինված խմբավորումներ»։ Տիգրան Հակոբյանը դիմել էր նաեւ պետական այրերին՝ զբաղվել այս հարցով։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը երեկ հարկ համարեց անել հետեւյալ պարզաբանումը. «Իհարկե, հարկ չէինք համարի պարզաբանումներ տալ այս կապակցությամբ, քանի որ նման իրավիճակներում միշտ շրջանառության մեջ են դնում հին ձայնապնակները։ Եվ ցավալի է, որ մարդիկ չեն հասկանում, թե նման մեթոդներով չի կարելի քաղաքական դաշտ վերադառնալ։ Նման մեղադրանքներն ու որակումները, թվում էր, արդեն Հայաստանի համար կարելի էր համարել անցած էտապ։ Ցավոք, այդ հրապարակման մեջ կար երկրորդ պահը, երբ պահանջ էր դրվում արդարադատության նախարարության առջեւ, նաեւ որակումներ կային։ Այս պատճառով է, որ հարկ եմ համարում պարզաբանումներ տալ։ «Իրավունքին» տրված հարցազրույցում բերված է իմ պատասխանի երկրորդ մասը եւ դուրս է մնացել առաջին մասը, որը վերաբերում է հետեւյալին։ Դեռ բանակի չգոյության շրջանում դաշնակցությունը նախաձեռնեց մարտական ջոկատներ, որոնք պայքարեցին Ղարաբաղի ազատագրության համար։ Հետագայում էլ, եթե նման իրավիճակ լինի, նույն գործողություններին կդիմենք իբրեւ ազգային-ազատագրական գաղափարախոսությունը դավանող կուսակցություն։ Եվ նույն հարցազրույցում նշվել էր, որ մեր ընկերներն իրենց խաղաղ աշխատանքը փոխարինեցին զենքով՝ պաշտպանելով հայրենիքը։ Այդ նույն ժամանակ, այլ պաշտոնյաներ թերեւս այլ գործերով էին զբաղված։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս գնահատականներին, ապա հիշեցնեմ, որ այդ նույն մարտական ջոկատներում էին Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, Վարդան Բախշյանը, Շուշիի առանձնակի գումարտակի տղաները, շատ-շատերը, որոնք կամ ընկան հերոսի մահով, կամ այսօր խաղաղ շինարար աշխատանքով են զբաղված։ Ուզում եմ ընդգծել՝ այսուհետեւ եւս եթե մեր հայրենիքին վտանգ սպառնա եւ եթե դրա կարիքը լինի, դաշնակցության մեր ընկերները, բոլորս, նորից կարող ենք մեր խաղաղ աշխատանքը փոխարինել զենքով»։ «Առավոտը» փորձեց այնուամենայնիվ ավելի պարզեցնել՝ այս պահին դաշնակցությունը ունի՞ զինված ջոկատներ. «Դաշնակցությունը Հայաստանում գրանցված օրինական կուսակցություն է, պահպանում է մեր օրենսդրությունը եւ որեւէ խոսք այսօր մարտական ջոկատների գոյության մասին՝ լինել չի կարող»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Իսկ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուբեն Հովսեփյանն էլ երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց, թե Տիգրան Հակոբյանն աղավաղել է իր գրավոր խոսքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել