Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԵՌԱՆԱԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ»

Ապրիլ 17,2004 00:00

Պնդում
են հանրահավաքի եկած ընդդիմադիրները
Ընդդիմության հանրահավաքը երեկ կայացավ Մատենադարանի մոտ։ Վաղօրոք որոշված էր Ազատության հրապարակում, սակայն այստեղ ոստիկանները որոշել էին իրենց մասնագիտական տոնը նշել։ Տոնը նշվում էր Օպերայի դահլիճում, սակայն ոստիկանական եւ մասնավոր բազմաթիվ ավտոմեքենաներ էին բերվել Ազատության հրապարակ եւ, ըստ էության, հրապարակը փակվել էր դրանցով։ Այստեղ էին նաեւ բազմաթիվ ոստիկաններ՝ ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանի գլխավորությամբ։ Ա. Աֆյանը իր ենթականերին շարունակ հրահանգ էր տալիս ցրել հրապարակը շրջապատած բազմությունը։ Հիմնականում կանայք էին, ովքեր ոչ մի կերպ չէին ուզում հեռանալ եւ ոստիկաններին ամոթանք էին տալիս ապրիլի լույս 13-ի գիշերը կատարած վայրագությունների համար։ Ուրիշները փորձում էին ոստիկաններին համոզել. «Քոչարյանին մի պաշտպանեք, նա լավը չի, նա բոլորիդ օգտագործում է»։ Կամ ասում էին՝ «դուք էլ մեր նման վառված եք, միացեք մեզ»։ Ոստիկանները այս հորդորները չէին լսում եւ ամեն կերպ փորձում էին ցրել մարդկանց, նաեւ՝ հրելով, գոռալով, «սրանց այստեղից կորցրեք»,- լինում էր հրահանգը։ Հավաքվածները չէին հեռանում՝ «մեր քաղաքն է, որտեղ կուզենք կհավաքվենք»,- լինում էր պատասխանը։ Հենց այստեղ ոստիկաններից մեկը, մի փոխգնդապետ, ձեռքի դուբինկայով հարվածեց «Ֆոտոլուրի» թղթակցի լուսանկարչական ապարատին, երբ վերջինս ֆիքսում էր ոստիկանների կոպիտ վերաբերմունքը մարդկանց նկատմամբ։ Ամենալարված պահին հայտնվեց Հովհաննես Վարյանը՝ իր գեներալական տոնական հանդերձանքով։ Ես փորձեցի նկարել գեներալին իր արդուզարդով, վերջինիս շրջապատող քաղաքացիական հագուստով չորս տղամարդիկ, անընդհատ խանգարում էին նկարել նրան։ Նրանցից մեկը՝ ինձնից կրկնակի բոյով, թիկունքով փակում էր լուսանկարչական ապարատս, հետո էլ թե՝ «ուզում ես ձեռքիցդ վերցնե՞մ»։ Մինչ կպատասխանեի, մոտեցավ Հ. Վարյանը եւ ասաց. «Ես առանձնապես հաճույքով չեմ նկարվում»։ Պատասխանեցի, որ ինքս էլ իրեն հաճույքով չեմ նկարում։

Ազատության հրապարակի շրջակայքում հավաքված մարդիկ հորդ անձրեւի տակ ուղեւորվեցին դեպի Մատենադարան, որովհետեւ լուր տարածվեց, թե հանրահավաքը Մատենադարանի մոտ է լինելու։ Այսպիսով, երեկ կանխվեց բախումը ոստիկանության եւ ժողովրդի միջեւ, եւ կանխողը ժողովուրդն էր։ Ոստիկաններն ակնհայտորեն պատրաստ էին «մարտական գործողությունների»։

Մատենադարանի մոտ կայացած հանրահավաքում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ «զանգվածային բռնությունների եւ ապօրինությունների դիմելով վարչախումբը միեւնույն է, չի հասնելու իր նպատակին, ընդհակառակը, արագացնելու է իր իսկ հեռացումը։ Հեռացվելու է, որովհետեւ քաղաքական պայքարը մեր երկրում վերածվել է համաժողովրդական հզոր ալիքի»։

Արամ Զ. Սարգսյանը եւս ժողովրդից շնորհակալություն հայտնեց, որ չի կոտրվել ու պատրաստ է շարունակել պայքարը. «մենք շատ կարճ ժամանակում հեռացնելու ենք Քոչարյանին եւ հեռացնելու ենք հայկական տարբերակով»։ Արամ Սարգսյանն ասաց, որ՝ «ապրիլի լույս 13-ի գիշերը խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացվել է «շուրջկալ», իսկ շուրջկալը նշանակում է փակել նահանջի ճանապարհը։ Նույնիսկ պատերազմի ժամանակ ճանապարհ էին թողնում մարդկանց դուրս գալու համար։ Շուրջկալն արգելված է միջազգային կոնվենցիայով։ Եվ այն ոստիկանները, որոնք կազմակերպել էին այդ օպերացիան, միանշանակ պատասխան են տալու հայ ժողովրդի դատի առաջ»։

Ելույթ ունեցավ նաեւ հայտնի գիտնական Բագրատ Ուլուբաբյանի որդին՝ Հրայր Ուլուբաբյանը, որը զուգահեռ անցկացնելով 88-ի շարժման հետ, ասաց. «այսօր Հայաստանում եւ Ղարաբաղում ստեղծված պայմանները ստիպում էին նորից ոտքի կանգնել եւ նորից պահանջել ազատություն։ Ցավոք սրտի՝ ազատություն ներկայիս հայ իշխաններից։ Ղարաբաղյան շարժման երկրորդ փուլ կանվանեի այն, երբ տվյալ իրավիճակում, մանավանդ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվա պետականորեն կազմակերպված ոճրագործությունից հետո, կարծում եմ, ամեն մի հայի պարտականությունն է որոշել՝ ղարաբաղյան շարժման երկրորդ փուլում ո՞ր կողմն է լինելու, հայ ժողովրդի հե՞տ, թե՞ Քոչարյանի»։

Ելույթ ունեցողներից շատերն իրենց հիացմունքն էին հայտնում Սիլվա Կապուտիկյանին այն բանի համար, որ բանաստեղծուհին հրապարակավ ետ վերադարձրեց Ռ. Քոչարյանի կողմից ստացած պարգեւը եւ հայտարարեց, որ Քոչարյանը Հայաստանում այլեւս անելիք չունի։

Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 18-ին, ժամը 18-ին, Ազատության հրապարակում։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել