Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՎՐԴՈՎՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Հունիս 04,2004 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՎՐԴՈՎՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ Երբ ԱԺ վերահսկիչ պալատի հաշվետվության կապակցությամբ իր խորհրդարանական գործունեության ընթացքում առաջին անգամ ասուլիս հրավիրեց Էջմիածնից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը եւ քննադատեց ՎՊ-ին՝ տարակուսողներ եղան, թե ինչո՞ւ է նա խառնվում ուրիշի կռվի մեջ ու պատճառը համարեցին տնտեսական դատարանում Հակոբյանի ունեցած գործերը: Սակայն հաշվետվությանը ծանոթների համար պարզ է, որ Հակոբ Հակոբյանը ոչ թե արդարադատության նախարարության շահերով էր առաջնորդվում, այլ՝ սեփական: Քանզի ՎՊ կազմած փաստաթղթի մեջ բազմաթիվ են տվյալները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են հենց Հակոբ Հակոբյանի գործունեությանը: Ասենք՝ նշված է, թե «Լինսի» վարկային ծրագրով Էջմիածինի «Ագրինեքս» ջերմոցային տնտեսությունը «Կրեդիտ-Երեւան» բանկի կողմից 1999-ին վարկավորվել է նախ 900 հազար, հետո էլ «Ձեռնարկությունների զարգացում» ծրագրով՝ եւս 350 հազար դոլար, որից 2003-ի սեպտեմբերի դրությամբ մարվել է ընդամենը 50 հազարը: Ձեռնարկությունը ճանաչվել է սնանկ եւ այս գործն ուղարկվել է դատարան: Հակոբ Հակոբյանին փաստացի, բայց ոչ պաշտոնապես պատկանող «ՄՄՎ Հայջրշինի» առնչությամբ Վերահսկիչ պալատն արձանագրել է, թե «Ոռոգման համակարգի զարգացում» վարկային ծրագրով այդ ընկերությունը ցույց է տվել 82 միավոր սեփական մեքենաների եւ սարքավորումների ցանկ, սակայն հաշվեկշռի տվյալներով՝ հիմնական միջոցներն ընդամենը 257 հազար դրամի են: Այս ընկերության իրականացրած շինարարության ընթացքում բազմիցս արձանագրվել են թերություններ, անհրաժեշտ տեխնիկայի եւ աշխատուժի բացակայություն: ՎՊ-ի հայտնաբերած մեկ այլ փաստ՝ «Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցություն» վարկային ծրագրով Ագրոբանկը 2004-ի ապրիլի 1-ի դրությամբ կառավարությանը պարտք է շուրջ 643 հազար դոլար: Նշենք նաեւ, որ Հարկային պետական ծառայությունը ՎՊ հաշվետվության առնչությամբ իր փետրվարի 2-ի պաշտոնական գրության մեջ, արձագանքելով այն քննադատությանը, թե բավարար հսկողություն չի իրականացվել ապառքներ ունեցող կազմակերպությունների նկատմամբ՝ նշել է. «Ինչ վերաբերում է Էջմիածինի ՏՀՏ-ի ապառքների մնացորդի գերազանցումը Երեւանի 9 տեսչությունների ընդհանուր ապառքին, ապա այն գոյացել է «Զվարթնոց 77» ՍՊԸ-ի 20756 մլն դրամ ապառքից»: Շուրջ 5 մլն դոլար այս ապառքը դարձյալ պատգամավոր Հակոբյանին պատկանող ձեռնարկությանն է: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930