Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Ր ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐՆ ԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ

Հունիս 16,2004 00:00

Ո՞Ր ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐՆ ԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ Երեկվանից սկսվեց դիմում-հայտերի ընդունումը հանրապետության բուհերում: Առաջին օրը, սովորականի պես, յուրաքանչյուր հանձնաժողով ընդունել է ընդամենը մի քանի հայտ: Ընդունող հանձնաժողովների նախագահներն ասում են, որ դրա պատճառները հիմնականում 2-ն են: Նախ՝ ոմանք սխալմամբ կարծում են, թե որքան ուշ հանձնեն գործերը, այնքան ուշ կնշանակվեն իրենց քննությունների օրերը: Մի մասն էլ փորձում է, որքան հնարավոր է, սպասել, մինչեւ մոտավոր պատկեր կունենա, թե որ տեղի համար որքան դիմում կա, որպեսզի ըստ այդմ էլ «կողմնորոշվի» առաջին հայտի հարցում: Սա, իհարկե, լավ չի խոսում նման դիմորդների մասին. փաստորեն, նրանք դիմում են այնտեղ, ուր համեմատաբար ավելի մեծ է ընդունվելու հնարավորությունը եւ ոչ թե այնտեղ, ուր իրենք երազել են, ասենք, մանկուց: Իսկ որքա՞ն տեղ է սպասում մեր պոտենցիալ ուսանողներին: Թեպետ ամեն տարի էլ ասվում է, թե մեր հանրապետությունում ուսումնասիրված չէ աշխատաշուկան, մենք չգիտենք, թե ինչ մասնագետներ են մեզ պետք առաջիկա տարիներին, սակայն այդպես էլ ոչ ոք այդ հարցով չի զբաղվում, եւ ինչպես մեր մի անդրադարձի ժամանակ անկեղծացան բուհերի ռեկտորները, տրամադրվող պետպատվերով եւ վճարովի տեղերը, ինչպես նաեւ դրանց վարձավճարների չափը որոշվում են ըստ պահանջարկի՝ նայած, թե այդ պահին որ մասնագիտությունն է մոդայիկ կամ, ինչպես ընդունված է ասել, հեղինակավոր: Որքան պահանջարկը մեծ է, այնքան շատանում է վճարովի տեղերի թիվը, քչանում են պետպատվերով տեղերը եւ, ամենակարեւորը, այդքան մեծանում է վարձավճարի չափը: Իսկ այս ամենը՝ թե՛ մասնագիտության հեղինակավորությունը, թե՛ վարձավճարի բարձրացումը, մեծապես կախված է նրանից, թե արդյոք այդքան բարձր վճար մուծելով, հետագայում քո ընտրած մասնագիտությամբ աշխատելով դու կարո՞ղ ես նույնքան հեշտությամբ փող վաստակել, որքան հեշտությամբ ու գրեթե առանց սկզբունքների որոշվում են այդ վարձավճարների չափերը: Այլապես ինչո՞ւ տեխնիկայի այս դարում կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը 250 հազար դրամ վարձավճար է պահանջում, իսկ իրավաբանականը՝ 650 հազար: Որովհետեւ առանց իրավաբանություն իմանալու կարելի է դատավոր, ամենակարեւորը՝ փող աշխատել, իսկ առանց մաթեմատիկա իմանալու՝ ծրագրավորող աշխատել հնարավոր չէ: Այս ամենն, իհարկե, մեր հասարակության մեղքն է եւ նրա պահանջը: Այս տարի ամենաբարձր վարձավճարը դարձյալ կլինի Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործ» ֆակուլտետում՝ 800 հազար դրամ: Սակայն այստեղ գոնե 98 պետպատվերով տեղի հետ կա 121 վճարովի, 35 առանց տարկետման իրավունքի (ատ) տեղ, եւ 10 տեղ՝ բանակից զորացրվածների (բզ) համար: Իսկ, օրինակ, ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետը 120 վճարովի տեղի հետ ունի միայն 20 պետպատվերով տեղ եւ միայն 2 բզ տեղ: ԵՊՀ հեղինակավոր ֆակուլտետներից Միջազգային հարաբերություններում վարձավճարը կկազմի 450 հազար դրամ, այստեղ նախատեսված է 45 վճարովի, 10 պետպատվերով եւ 1 բզ տեղ: ԵՊՀ տեսական տնտեսագիտության եւ ռոմանագերմանական ֆակուլտետներում վարձավճարը կկազմի 410 հազարական դրամ: Առաջինում վճարովի տեղերի թիվը 160 է, պետպատվերով տեղերը՝ 25 եւ 3 բզ տեղ: Երկրորդում՝ 139 վճարովի, 35 պետպատվերով, 5 բզ եւ 69 ատ տեղ: Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտում պահպանվում է վարձավճարի չափը՝ 180-250 հազար: Բուհն ընդհանուր առմամբ ունի պետպատվերով 272, վճարովի 506, ատ 77 եւ բզ 27 տեղ: Խ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի անգլիական բաժինն ունի ընդամենը 3 պետպատվերով եւ 27 վճարովի տեղ, իրավագիտության ֆակուլտետը 4 պետպատվերով, 6 վճարովի եւ 20 ատ տեղ: Ի դեպ՝ մի նկատառում. այս տարի կտրուկ ավելացել են ատ՝ առանց տարկետման իրավունքի տեղերը՝ ի հաշիվ մյուս տեղերի: Այսինքն՝ իսկապես սովորելու ցանկություն ունեցող երիտասարդներին լայն հնարավորություն կտրվի ընդունվել, բայց ուսումը շարունակել պարտադիր զինվորական ծառայությունից հետո միայն: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել