Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատը» երկուսինն է լինելու

Հունիս 26,2004 00:00

Երեկ
«Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» (ԵԱԿԳՕԿ) տնօրենների խորհրդի
նախագահ Սեդրակ Առուստամյանը եւ Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) գլխավոր
տնօրեն Պիեռ Լառեչը հրավիրել էին համատեղ մամուլի ասուլիս՝ տեղեկացնելու,
որ այսուհետեւ հավասար իրավունքներով կտնօրինեն «Արարատ» ապրանքանիշը:
Ներկայացուցիչների խոսքերով, 1998 թվականից երկու ընկերությունները հանդիսանում են «Արարատ» լոգոյի համասեփականատերեր եւ ապրանքանիշի կիրառումը կանոնակարգելու ու ճիշտ կառավարելու համար, երկարատեւ բանակցությունների արդյունքում, ստեղծել են «Արարատ» լոգոյի տնօրինման «Բրենդի Բրիջ» ընդհանուր ընկերությունը: Ս. Առուստամյանի մեկնաբանմամբ, «Բրենդի Բրիջի» բաժնետոմսերը հավասարաչափ՝ 50-50 տոկոսով կիսում են ԵԱԿԳՕԿ-ն եւ ԵԿԳ-ն: Երկու ընկերությունների միջեւ կնքված պայմանագրերի համաձայն, ընդհանուր ընկերության երկու անդամները պարտավորվում են հավատարիմ մնալ հայկական կոնյակի արտադրության այն չափանիշներին, որոնք ամրագրված են Հայաստանի կոնյակագործության ստանդարտներով, մասնավորապես, որ հայկական կոնյակը պետք է պատրաստվի Հայաստանում աճեցրած խաղողի տեսակներից եւ շշալցվի Հայաստանում: Ս. Առուստամյանի եւ Պիեռ Լառեչի կարծիքով, Հայաստանում եւ միջազգային շուկայում հայկական կոնյակի վարկանիշի բարձրացման, ինչպես նաեւ արտադրողների միջեւ բարեխիղճ մրցակցություն ապահովելու համար առավել արդյունավետ է համագործակցության այս տարբերակը:

Ս. Առուստամյանը տեղեկացրեց, որ երկու ընկերությունների միջեւ ստորագրված փաստաթղթերում արտադրանքը կեղծելու դեմ համատեղ ուժերով պայքարելու փոխհամաձայնություն կա: Պիեռ Լառեչի վստահեցմամբ, չնայած դրան, ընկերություններից յուրաքանչյուրն էլ իր հերթին տարբեր պաշտպանական միջոցներ է կիրառում, որպեսզի դժվար լինի արտադրանքը կեղծելը: Դրվե՞լ է արդյոք «Արարատ» լոգոն վաճառելու հարցը: ԵԱԿԳՕԿ-ի տնօրենների խորհրդի նախագահ Ս. Առուստամյանը ասաց, որ նման հարց իսկապես քննարկվել է: Սակայն հաշվի առնելով կոմբինատի սեփականատիրոջ՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի մոտեցումները, որոշվել է ազգային արժեք ներկայացնող ապրանքանիշը չվաճառել: Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե ճի՞շտ է, որ ԵԿԳ-ից մասնագետներ են տեղափոխվում ԵԱԿԳՕԿ, պարոն Լառեչն այսպես պատասխանեց. «Մենք ապրում ենք ազատ երկրում եւ յուրաքանչյուր աշխատող մի ընկերությունից մյուսը տեղափոխվելու իրավունք ունի»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել