Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորականին վայել անկողմնակալությամբ

Հունիս 26,2004 00:00

«Առավոտի» 10-ամյակի կապակցությամբ շարունակում ենք ներկայացնել մեր ընթերցողների կարծիքները թերթի մասին:

ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյան-«Առավոտի» 10 ամյակը մեզ հուշում է, որ մենք էլ ենք արդեն հասունության շրջանում, քանի որ «Առավոտը» ոտքի կանգնեց մեր աչքի առաջ, մեզ հետ, ինքնահաստատվելով որպես հասարակական-քաղաքական լուրջ օրաթերթ, որը մյուս պարբերականներից տարբերվում է իր՝ մտավորականին վայել, անկողմնակալությամբ: Մեր իրականության մեջ, գերկուսակցականացված մթնոլորտում, շատ դժվար է լինել անաչառ, իրադարձությունները ներկայացնել օբյեկտիվ: «Առավոտը» ձգտում է լինել այդպիսին: Դա միշտ չէ, որ լիովին հաջողվում է, բայց ձգտումը ակնհայտ է: Եվ կա նաեւ անընդհատ հաղթարշավը՝ դեպի կատարելության ավելի բարձր աստիճան: «Առավոտն» այդ հաղթարշավի մեջ է արդեն 10 տարի:

Շատ ուրախ եմ, որ այսօր «Առավոտի» մոտեցումները զարգանում են նաեւ էլեկտրոնային լրատվամիջոցով. կարծում եմ, որ «Առավոտ TV»-ի բացումը «Առավոտի» 10-ամյակի նշանավորման լավագույն ձեւն էր: Մեծ հույսեր եմ կապում թերթի եւ հեռուստաընկերության համագործակցության հետ: Շնորհավորում եմ թերթի ողջ կոլեկտիվին, թող նոր բեղմնավոր 10- ամյակներ լինեն «Առավոտի» գործունեության ընթացքում:

ՀԺԿ Թումանյանի տարածքային կազմխորհրդի քարտուղար Լարիսա Փարեմուզյան- Լոռեցու անկեղծությամբ շնորհավորում եմ «Առավոտի» 10- ամյակը: «Առավոտի» բարեխիղճ ընթերցողներից եմ: Հաճախ՝ թղթակցել եմ: Առաջին հոդվածս Օձունի գյուղապետի ընտրությունների խայտառակ ընտրակեղծիքների մասին էր: Անհանգիստ էի՝ կտպագրե՞ն: Ոչ միայն տպագրեցին, այլեւ թերթը սկսեց ուշադիր հետեւել եւ աջակցել մեզ՝ արդարության որոնման ճանապարհին: Թերթի թարմ համարը վերցնելիս, նախ որոնում եմ Արամ Աբրահամյանի կարճ եւ կոռեկտ գնահատականներով հրապարակումները, հետո չափազանց ուշադրությամբ կարդում եմ թերթի հմայիչ լրագրողուհիների օրվա անցուդարձի ինքնատիպ մեկնաբանումները: Նկատել եմ, որ «Առավոտը» առանձնապես որեւէ մեկի խոսափողը չէ, քանզի թերթի էջերում տեղ են գտնում, Թումանյանի ասած՝ «մեր աշխարքի, մեր կյանքի հարցերը» ու բազմակողմանի մեկնաբանություններ: Մինչդեռ, որքան անտանելի են այն թերթերը, որոնք հայհոյում, կամ գնահատականներ են տալիս այս կամ այն կուսակցության կամ իշխանության շահերով: Այս առումով, ակնհայտ է «Առավոտի» լրագրողական աշխատանքի մեծ կուլտուրան: Կարծում եմ, որ «Առավոտն» առանձնակի ուշադրությամբ պետք է վերաբերվի կոռուպցիայի մասին հոդվածների հերքումների փորձերին, մանավանդ, որ հերքողների՝ ազնիվ երեւալու ցանկությունը եւ հնարավորությունը հիմնականում չեն համապատասխանում միմյանց:

Սիրելի «Առավոտին» ուղղված շնորհավորանքներիս միանում են ՀԺԿ Թումանյանի տարածքային կազմակերպության բոլոր անդամները, որոնք ինձ հետ միասին ամեն օր առավոտը սկսում են թերթի կրպակների մոտ «Առավոտին» սպասելով:

Պատրաստեց Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել