Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեն վերադարձել է մեդալներով

Սեպտեմբեր 09,2004 00:00

Անդրեն վերադարձել է մեդալներով Վերջերս Լոս Անջելեսում կայացած համաշխարհային երգի փառատոնում հայաստանցի շնորհալի երգիչ Անդրեն շահել է երեք՝ երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալ։ Ոսկե մեդալներից մեկը նրան շնորհվել է Կոմիտասի «Հով արեք» երգի ինքնատիպ կատարման համար։ «Հորովել» ժողովրդական երգը հնչել է շատերի շուրթերից, սակայն Անդրեն այն ներկայացնում է մեկ այլ մոտեցմամբ։ Հեռուստադիտողը լավ տպավորություն ունի նաեւ Անդրեի «Գեթ մի գիշեր» տեսահոլովակից, ուր հնչում է ռոմանտիկ, մեղեդային երգ։ Այն նկարահանված է «Սայաթ-Նովա» ֆիլմի նմանողությամբ։ Անդրեի պրոդյուսեր Կարինե Սուքիասյանի բնորոշմամբ, Անդրեն, բացի շնորհալի երգիչ լինելուց որն, ի դեպ, չի կապկում արտասահմանյան երգիչներին, չի աղավաղում հանրահայտ հայկական երգերը), նաեւ անկեղծ, նպատակասլաց ու աշխատասեր երիտասարդ է։ Չի սիրում ձեռքերը ծալած նստել ու վերեւից հրաշքի սպասել։ Իսկ եթե իրեն մատնում է «պարապուրդի», ապա դա տեւում է ոչ ավելի, քան 2-3 օր։ Երգիչը ծնվել է Ստեփանակերտում, առաջին բեմը եղել է տան աթոռը, որի վրա կանգնելով՝ իրեն պատկերացրել է մեծ բեմում։ Առաջին ելույթներն ունեցել է Ղարաբաղում, հետո սկսվել է պրոֆեսիոնալ երգչի կարիերան։ Անդրեն սիրով պատասխանեց մեր մի քանի հարցին։ – Ո՞րն է ձեր ամենասիրելի տեսահոլովակը եւ արդյո՞ք տարբերություն դնում եք դրանց միջեւ։ – Բոլոր տեսահոլովակներս էլ հաջողված են, բայց ես առանձնացնում եմ «Գեթ մի գիշերը»։ Այն, ըստ իս, ինքնատիպ է։ – Ո՞ւմ եք համարում ձեր ուսուցիչը։ – Իմ ուսուցիչը Արթուր Գրիգորյանն է։ Նրա ղեկավարած Երգի պետական թատրոնը ինձ համար եղել է կյանքիս ամենալավ դպրոցը։ – Քննադատը ե՞րբ եւ որտե՞ղ է օգնում արվեստագետին։ Ձեզ հաճա՞խ են քննադատում։ – Առողջ քննադատությունը ինձ շատ է օգնում։ Երեւի ճիշտ չեն այն մարդիկ, ովքեր վախենում են քննադատվելուց։ Եթե ինձ չքննադատեն՝ ես շատ վատ կզգամ։ – Ի՞նչն է Անդրեն իր մեջ մերժելի համարում։ – Չեմ սիրում, երբ ինքս ինձ խաբում եմ։ Լավ եմ զգում, երբ ձերբազատված եմ լինում այդ զգացումից։ – Ձեր կարծիքով դուք ճի՞շտ ոճ եք ընտրել։ – Կարծում եմ, Հայաստանի համար ես գտել եմ իմ ոճը, որը հարիր է տեղական շոու-բիզնեսին։ Եթե առաջարկ լինի արտերկրից, ապա կարող եմ ասել, որ նորմալ ոճի մեջ եմ։ ՍՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ Մաշտոցի համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել