Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին հերթին՝ մտավորական

Սեպտեմբեր 16,2004 00:00

Այսօր
լրանում է ԳԽ եւ ԱԺ նախկին նախագահ
Բաբկեն Արարքցյանի 60-ամյակը
Լեւոն Տեր-Պետրոսյանը 88-ի Շարժումից առաջ աշխատում էր որպես գիտնական, հիմա էլ, հեռանալով իշխանությունից, նույնն է անում: Վանո Սիրադեղյանը զբաղվում էր գրականությամբ, այսօր էլ է զբաղվում: Իմ ընկեր Շահեն Կարամանուկյանը ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի աշխատակից էր, այս պահին էլ է նույն գործին: Դժվար թե այդ մարդիկ դժգոհ լինեն իրենց անձնական ճակատագրից: Ընդհակառակը՝ ենթադրում եմ, որ շատ էլ երջանիկ են: Ի՞նչ են անելու այսօրվա իշխանավորները՝ իշխանությունից զրկվելուց հետո: Հաստատ չեն կարողանա այլեւս պարտկոմ կամ կոմերիտական ղեկավար աշխատել՝ չկա այն կուսակցությունը եւ այն կոմսոմոլը, որտեղ նրանք սկսել էին իրենց կարիերան:

Գուցե ոմանց դա տարօրինակ թվա, բայց Բաբկեն Արարքցյանն ինձ համար նախ եւ առաջ մտավորական է, համալսարանի դասախոս: Պատիվ եմ ունեցել նրա հետ անձնապես շփվելու եւ, բնականաբար, հետեւելու նրա հրապարակային ելույթներին: Դրանցում ամենակարեւորը, թերեւս, սթափ, անկիրք, շրջահայաց վերլուծությունն է, կասեի նաեւ՝ ճշգրիտ, մաթեմատիկական մոտեցումը: Քաղաքական ու մանավանդ պետական գործունեության մեջ նա նույնպես միշտ այդ զուսպ, չափած-ձեւած գործելակերպի կողմնակիցն է: Իհարկե, բոլոր նորմալ մարդկանց նման, պրն Արարքցյանը կարող է նեղանալ, բորբոքվել, բայց նա երբեք չի փորձի վրեժ լուծել կամ տարիներով քեն պահել: Դրանով է մտավորականը տարբերվում մանր, փոքրոգի մարդկանցից՝ որքան էլ վերջիններս իրենց «ասլան» զգան:

Բաբկեն Արարքցյանը մեր պետության՝ Հայաստանի Երրորդ հանրապետության հիմնադիրներից մեկն է: Այն մարդկանցից է, որոնց համար ղարաբաղյան շարժումը, քաղաքականությունը, անկախ պետության ինստիտուտների ստեղծումը ոչ կարիերա էր, ոչ էլ ինչ-ինչ բարիքներից օգտվելու միջոց: Այդ ամենը անկեղծ տուրք էր, որը նա իր ընկերների հետ մատուցել է Հայրենիքին՝ որպես մարդ, որպես հայ, որպես մտավորական: Կարելի է քննարկել, թե ինչն է ստացվել, ինչը՝ ոչ (կամ՝ ինչից ինչ է ստացվել), բայց անկեղծ նվիրումը, կարծում եմ, կասկածի ենթակա չէ:

Քաղաքական կոնյունկտուրան խանգարում է Շարժման եւ Երրորդ հանրապետության առաջին տարիների օբյեկտիվ գնահատականին: Այսօր իշխանությանը (եւ, ի դեպ, ընդդիմության մեծ մասին) ձեռնտու է այդ տարիները ներկել միայն սեւ գույներով: Հնարավոր է վաղը այնպիսի վարդագույն երանգներ ի հայտ գան, որ դա էլ չափազանցություն թվա: Իսկ որքան արագ պատմական ճշմարտությունը մաքրվի այսօրվա քաղաքականացված «կեղեւներից», այնքան շահեկան կլինի պետության համար:

Իսկ այսօր պարզապես շնորհավորենք Բաբկեն Արարքցյանի 60-ամյակը եւ ցանկանանք նրան երկար ու երջանիկ տարիներ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել