Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶՈՒՏ ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ»

Սեպտեմբեր 24,2004 00:00

«ԶՈՒՏ ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ» Ըստ պատգամավորության արդեն նախկին թեկնածու Արայիկ Հայրապետյանի՝ ընտրապայքարից դուրս գալն իր վճիռն էրզ եւ ոչ թե Ռոբերտ Քոչարյանի հրահանգը: – Պրն Հայրապետյան, թեեւ հայտարարությամբ հանդես եկաք, թե չեք մասնակցելու թիվ 44 ընտրատարածքի ընտրություններին, սակայն ձեր անունը կար ընտրաթերթիկում, եւ, ըստ էության, մասնակցել եք: Ինչպե՞ս եք գնահատում սեպտեմբերի 19-ի ընտրությունները: – Չէ, չեմ մասնակցել, քաղաքում չեմ եղել եւ չեմ տիրապետում տվյալներին, թե ինչ է եղել, ինչպես է անցել: Միայն գիտեմ, որ չմասնակցելով՝ վեց հազար ձայն եմ հավաքել: – Մեկ ամիս առաջ ասացիք, որ դուրս չեք գալու պայքարից: Ինչո՞ւ վերջին պահին փոխեցիք ձեր որոշումը: – Ես գիտեի (չհարցնեք՝ որտեղից գիտեի, բայց գիտեի), որ հրահանգ կա, որ էս անգամ լինեն ազնիվ, արդար, թափանցիկ ընտրություններ: Բայց երբ տեսա, թե ոնց են նորից ձեւավորվում հանձնաժողովները, եւ նույն մարդիկ, ովքեր նախորդ անգամ կային հանձնաժողովներում, հիմա էլ կան, մասնակցում են, հիասթափվեցի: Բացի այդ, արգելված էր որեւէ բան բաժանելը կամ այլ կերպով ազդելը ընտրությունների վրա, ես շատ ուրախացել էի դրա համար, որովհետեւ դա իմ ուզած ձեւն էր, բայց երբ տեսա, որ վերջին օրերին փոխվեց, էլի նախկին ձեւը դարձավ, դուրս եկա, որովհետեւ անիմաստ գտա էս պայմաններով մասնակցելը, էդ ձեւերին ես սկզբունքորեն համաձայն չեմ: – Բայց հրապարակումներ եղան, որ հետագա պայքարից ձեր հրաժարումը պայմանավորված է նախագահի՝ Աղվան Հովսեփյանին իջեցրած հրահանգով՝ այդ տեղը տալ «ՕԵ»-ին: – Էդ հարցի շուրջ երեք ամիս խոսում էին, անընդհատ ասում էին, թե ինչ-որ նման բան է եղել: Բայց կոնկրետ այդպիսի բան չի եղել: Կոնկրետ ինձ ոչ մի տեղ չեն հրավիրել, ոչինչ չեն ասել, ես նման հրահանգ ոչ մեկից չեմ ստացել: Եթե որեւէ մեկը տենց որոշում է կայացրել, ես տեղյակ չեմ: Կարծում եմ՝ ինձ չեն հրավիրել, որովհետեւ ես պետք է ասեի՝ ինչի՞ համար, ի՞նչ տարբերություն, մենք երկուսս էլ իշխանամետ ենք: Պետք է բացատրեին՝ ինչո՞ւ ինքը եւ ոչ թե ես: Ես եմ որոշում կայացրել, իսկ մեր հայրենակցական միությունը՝ «Նիգ- Ապարանը», համաձայն չէր այդ որոշմանս: Ես զուտ որպես անձ հրաժարվեցի, չնայած ժամկետները անցել էին, եւ իմ անունը մնաց բյուլետենի մեջ ու ինքնաբերաբար մասնակցեցի ընտրություններին: – Եթե չմասնակցելով վեց հազար ձայն ստացաք, ուրեմն՝ այնքան էլ վատ ընտրություններ չէին, եւ գուցե մասնակցելու դեպքում հաղթեիք: – Ինքնանպատակ չէ մանդատ ստանալը, ինձ պետք էր ժողովրդի ձայնը հավաքել: Իմ նպատակն էր մեծ ձայներով դառնալ պատգամավոր, որպեսզի իմ ձայնն ավելի լսելի լիներ, եւ ես տեսնեի, որ ժողովուրդն իմ ետեւում կանգնած է: Ես սկզբունքորեն չեմ ընդունում, երբ հաղթում են տասը, քսան ձայնով. դա նշանակում է, որ մի ամբողջ տարածաշրջանի ժողովրդի կեսը քեզ դեմ է: Ես ուզում էի հաղթել մեծ տոկոսային հարաբերությամբ՝ ոնց որ եղավ առաջին փուլում՝ 30%-ն ընդդեմ 70%-ի: – Այս երկրում ում իշխանությունները նեղացնում են, սպառնում է, թե՝ հիմա ընդդիմադիր կդառնամ: Դուք չե՞ք պատրաստվում անցնել ընդդիմության կողմը: Թե՞ ինչպես մի անգամ ասել էիք՝ կթողնեք-կգնաք երկրից: – Միանշանակ՝ ես ընդդիմադիր չեմ դառնա, որովհետեւ ես էս պետության մեջ ինչ-որ լումա ունեմ: Ես մասնակցել եմ էս երկրի կառուցմանը, բայց երբ ոչ մի արածդ չի գնահատվում, շատ վատ է: Եթե նույնիսկ ընտանիքում երեխեքիդ համար մի բան ես անում, ուզում ես, որ մի օր ասեն՝ շնորհակալություն: Ինչ վերաբերում է գնալուն՝ ես իմ խոսքի տերն եմ, ուղղակի շատ եմ ցավում, որ էդ դեպքում հազարավոր աշխատողներ կմնան անգործ: – Համ ասում եք՝ ինքնանպատակ չէր մանդատ ստանալը, համ ասում եք՝ չընտրվեցի, կթողնեմ-կգնամ: – Ամբողջ ընտրության ժամանակ ինձ որեւէ մեկը որեւէ անգամ չի հարցրել, թե ինչու եմ ուզում դառնալ պատգամավոր: Իմ ծրագրերի մասին չեն հարցրել: Ես գտնում եմ, որ էդքան աշխատատեղ ստեղծած, էդքան բյուջե ու հարկ վճարող մարդու կարիքը երեւի թե էլ չունեն: – Մի առիթով ասել էիք, թե դեմ չեք մտնել «Օրինաց երկիր»: Իսկ հիմա՞: – Չեմ կարծում, թե կմտնեմ «ՕԵ», բայց ես շատ ուրախ եմ, որ էդ կուսակցությունն իր ղեկավարի առաջնորդությամբ կարողացավ իշխանության բոլոր լծակներն օգտագործելով՝ իր թեկնածուի մեջքին մինչեւ վերջ կանգնել եւ դարձնել պատգամավոր: Շատ ուրախ եմ էդ կուսակցության միահամուռության համար: Գնահատում եմ: – Իսկ շնորհավորե՞լ եք Արտակ Սարգսյանին: – Ես երկու անգամ զանգել եմ, որ շնորհավորեմ, ընդունված կարգ է, ես թշնամություն չունեմ, եւ կուզեի կարգը պահել՝ շնորհավորել, բայց ինքը երկու անգամն էլ զանգիս չպատասխանեց: Ձեր թերթի միջոցով շնորհավորում եմ: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել