Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է ժողովրդի մասին մտածելու

Հոկտեմբեր 28,2004 00:00

Կոչ է անում «Առաջին գունդ» հասարակական կազմակերպության նախագահ Վաչիկ Չիբուխչյանը

«Նայելով պատերազմով անցած տղաների այսօրվա վիճակին՝ ինքդ քեզ մեղավոր ես համարում: Կռված տղաներն անտեսված են իշխանությունների կողմից: Այդ մարդիկ վերջապես այս պետության անվտանգության գոտին են կառուցել, դուք էլ նրանց արյան գնով եք էդ աթոռներին նստել: Բայց այսօր ինչ է կատարվում. մեկը կարող է 200 սափրագլուխ պահել եւ նրանցով ինչ ուզենա՝ անի: Դրա համար ես մեր տղաներին կոչ եմ արել, եւ նրանք արդեն համախմբվել են՝ մենք էլ մեր տղաներին ենք պահելու ու սափրագլուխների դեմ ենք գնալու: Իսկ դա մեր ազգի ցավն է դառնալու: Ուստի բոլորին ասում ենք՝ պարոնայք, մնացեք ձեր տեղերում, բավարարվեք ձեր ունեցածով: Ժամանակն է ժողովրդի մասին մտածելու»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում դժգոհություն հայտնեց «Առաջին գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Վաչիկ Չիբուխչյանը: Այս կազմակերպության անդամներին նույնպես վրդովեցնում է, որ արցախյան ազատամարտի մասնակիցների կարգավիճակի հարցը դեռ օդից կախված է՝ «լավագույն դեպքում մի բարձրաստիճան մի պարկ ալյուր, հոտած յուղ կամ ձեթ կտա, որը մնացել՝ չի վաճառվել: Մեզ դա պետք չէ, կարգավիճակի հարցը թող լուծեն: Իսկ եթե կոնկրետ նյութական օգնություն են առաջարկում, պիտի տան 300 հազար դոլարին համարժեք դրամ, վերջին՝ օլիգարխական ճիչով կահավորված բնակարան, արտասահմանյան մեքենա»,- ասում է Վ. Չիբուխչյանը: Այս պահանջները հիմնված են հետեւյալ հաշվարկների վրա. «Եթե մարդը պետականության ստեղծմանը չի մասնակցել, այն ժամանակ խփում էր թիկունքից, այսօր այդ ամենն ունի, ուրեմն կռված տղաներին էլ պետք է համարժեք փոխհատուցեն»: Վետերանների բարոյականությունը, սակայն, սահման ունի. այդ ամենը նրանք բյուջեից չեն պահանջում, այլ՝ «այն մեկ միլիարդ հինգ հարյուր հազար միլիոնից, որը շրջանցում է բյուջեն, մի քանի մարդու գրպանի փողն է»:

Սեփական խնդիրները միակ անհանգստացնողը չեն: Ելնելով երկրի ընդհանուր, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակից՝ «Առաջին գնդի» նախագահը հայտարարում է՝ «Մենք ունենք պոտենցիալ ուժ, տղաները միայն պատերազմի դաշտում չէ, որ առաջ են գնացել. այսօր մենք ավելի հզոր ենք եւ կարող ենք ամեն ինչ անել: Եթե նախագահն իսկապես ուզում է կաշառակերությունը վերացնել, մենք պատրաստ ենք: Թող համապատասխան լիազորություն տա՝ հիմնովին վերացնենք»: «Զենքո՞վ»՝ «Առավոտի» տարակուսանքի արձագանքը եղավ. «Բա, դա էլ պետք է: Թե չէ կաշառակերները խոսում են ընդդեմ կաշառակերության»: «Հեղափոխությո՞ւն եք առաջարկում»՝ մեր հաջորդ հարցը Վ. Չիբուխչյանը պարզաբանեց. «Դա հեղափոխականություն չի, այլ օրենքի իշխանության հաստատում»: Մինչ «Առավոտին» հասնելը՝ ազատամարտիկները այս առաջարկները փորձել են հասցնել երկրի իշխանավորներին, բայց նամակներն անպատասխան են մնացել:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել