Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈԼԱՐԻՍ

Դեկտեմբեր 09,2004 00:00

ԴՈԼԱՐԻՍ ԿՈՒՐՍԸ ԲՅՈՒՋԵԻԴ ՎՆԱՍ ՉԻ՞ Կառավարությունը 2005 թվականի բյուջեի համար իբրեւ հաշվարկային հիմք նախ ընդունել էր 1 դոլարը 535 դրամ փոխարժեքը: Այժմ Կենտրոնական բանկի առաջարկով ընդունվել է 2004 թվականի դեկտեմբերի 1-ին արձանագրված փոխարժեքը՝ 500 դրամ: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն արդեն իսկ նշեց, թե հաշվարկային հիմքի փոփոխության հետեւանքով փոփոխություններ կլինեն բյուջեի ցուցանիշներում: Լրագրողները, սակայն, հիշեցրին, թե 500 դրամն էլ է արդեն հնացած թիվ՝ դոլարը շարունակում է ընկնել՝ մոտենալով 460-ի սահմանագծին: «Համաձայն եմ՝ այնքան արագ է տեղի ունենում կուրսի փոփոխությունը, որ ցանկացած թիվ արդեն իսկ հնացած կլինի»,- ասաց Վարդան Խաչատրյանը: Հարցին, թե արդյոք դոլարի փոխարժեքի շարունակական անկման պարագայում վտանգ չի՞ առաջանա, որ բյուջեն կարող է չկատարվել՝ նախարարը տվեց անակնկալ պատասխան. «Իհարկե՝ կարող է»: Եվ բացատրեց, թե ինչպես կարող է ազդել. «Երեւի թե՝ սա ավելի շատ մեր օրենսդրության անկատարության հետեւանք է, քանի որ ե՛ւ ծխախոտի, ե՛ւ բենզինի մեծ ակցիզով ներմուծվող ապրանքները գնահատված են ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, որի հետեւանքով մենք հաշվարկում կորցնելու ենք: Ճիշտ կլիներ՝ դրամով հաշված լիներ, այդ դեպքում ավելի քիչ ազդեցություն կունենար: Հիմնական ազդեցությունը լինելու է ներմուծման, մաքսային մուտքերի վրա»: Հիշեցրեց, որ արտարժույթով են հաշվարկված նաեւ բյուջեի արտաքին՝ վարկային կամ դրամաշնորհային աղբյուրները, ուստի այս առումով էլ կլինեն կորուստներ: Նախարարը խոստացավ, թե կփորձեն նվազեցնել ազդեցությունը բյուջեի վրա. «Եթե անկումը շատ մեծ չեղավ՝ չեմ կարծում, թե ազդեցությունն այնքան մեծ լինի, որ չկարողանանք կատարել բյուջեի ծախսային մասը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել