Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ

Դեկտեմբեր 18,2004 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼԸ Դաշնակցության Հայաստանի կազմակերպության 8-րդ Գերագույն ժողովը Արցախի վերաբերյալ բանաձեւ է ընդունել, ըստ որի՝ հաշվի առնելով առաջիկա հնարավոր զարգացումները՝ ՀՅԴ-ն «անընդունելի է համարում ԼՂՀ անվտանգության երաշխիքներից որեւէ զիջում։ ԼՂ Հանրապետության միջազգային ճանաչումը պետք է նպաստի մայր Հայրենիքի հետ վերամիավորմանը։ Ադրբեջանական իշխանությունների այսօրվա մերժողական քաղաքականության պայմաններում, ղարաբաղյան բանակցություններին պետք է մասնակցի ԼՂՀ-ն»: ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք իբրեւ իշխանությանը մաս կազմող կուսակցություն՝ այս խնդիրն առաջադրե՞լ են կոալիցիայի 4-րդ կողմին՝ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ նա նախագահի ընտրության ժամանակ տեղի ունեցած հեռուստաբանավեճում բանակցություններին Ղարաբաղի մասնակցության պահանջը դիտարկել էր իբրեւ Հայաստանի ուսերից պատասխանատվությունը թոթափելու փորձ: «Այդ հեռուստաբանավեճի ժամանակ ՀՀ նախագահը հարցն այդպես չի արծարծել, որ եթե առաջարկում ենք ԼՂ մասնակցությունը բանակցություններին, ապա Հայաստանը հրաժարվում է իր պատասխանատվությունից եւ ամբողջ բեռը գցում Ղարաբաղի վրա: Դա ասվել է մի քիչ այլ համատեքստում: Եվ մինչեւ հիմա չի եղել բանակցային որեւէ փուլ կամ առաջարկ, որի քննարկմանը ԼՂ-ն մասնակցություն չունենա կամ Հայաստանն իր դիրքորոշումն արտահայտելուց հաշվի չառնի Ղարաբաղին,- նշեց Սպարտակ Սեյրանյանը:- Իսկ ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունն իր այս բանաձեւում կրկնել է Ընդհանուր ժողովի բանաձեւերը: Այսինքն՝ այս խնդիրը մենք Հայաստանի հանրությանն ու քաղաքական ուժերին առաջարկել ենք դեռ մեկ տարի առաջ: Բանակցությունների գործընթացն իրականացվում է շատ բարդ ձեւաչափով եւ ամեն անգամ այն փոխելը միշտ չէ, որ կարող է նպաստել բանակցությունների ընթացքին: Բայց վերջերս մեր արտաքին քաղաքականության պատասխանատուներն էլ շեշտեցին, որ եթե Ադրբեջանը բանակցային գործընթացի ընթացքում անում է այնպիսի քայլեր, որոնցով ցանկանում է մեզ դնել ցայտնոտային իրավիճակի մեջ՝ Հայաստանն էլ ունի իր պատասխան քայլը: Եթե նրանք խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբից ուզում են տեղափոխել այլ շրջանակ՝ անհրաժեշտություն կառաջանա, որ բանակցային գործընթացին անպայմանորեն մասնակցի նաեւ Ղարաբաղը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031