Լրահոս
Օրվա լրահոսը

«Թաիլանդական» օբյեկտ՝ քաղաքի կենտրոնում

Փետրվար 02,2005 00:00

«Թաիլանդական» օբյեկտ՝ քաղաքի կենտրոնում «Պատվավոր թաիլանդացու» դեմ պայքարն առայժմ ապարդյուն է Շուրջ երկու տարի է՝ Երեւանի Բաղրամյան 6 եւ Իսահակյան 46 շենքերի միջնամասում պատերազմ է. հիշյալ շենքերի բնակիչները պայքարում են, որ այդ տարածքում, որտեղ առաջ խնամված այգի էր, չդառնա Թաիլանդի հյուպատոսի բնակավայր: Գրեթե նույնքան ժամանակ է, ինչ «Առավոտը» հետեւում է դեպքերի, իսկ այժմ արդեն՝ շենքի կառուցման ընթացքին: Տեղեկացրել ենք, որ Թաիլանդի Թագավորությունը հյուպատոսարան ունենալու խնդրանքով մեր երկրին չի դիմել: Սակայն Թաիլանդի պատվավոր հյուպատոս Արթուր Մկրտչյանը (ԱԺ ՀՅԴ ֆրակցիայի նախագահ Լեւոն Մկրտչյանի զարմիկը) որոշել է կառուցել չորս հարկանի շենք՝ հյուրանոցով, ռեստորանով, ժամանցի սրահներով եւ իր անձնական կացարանով: Բնակիչները սկսել են դատական գործընթաց, անցել բոլոր ատյաններով եւ տանուլ տվել բոլոր նիստերը: Այս ընթացքում նրանց բողոք-հրավերներով տարածք են այցելել մեծ ու փոքր բազմաթիվ չինովնիկներ՝ նախագահականից, քաղաքապետարանից, ԱԺ-ից եւ նախարարություններից: Բոլորն էլ բացասական են արտահայտվել շենքի կառուցման առթիվ եւ հույս տվել, որ կօգնեն բնակիչներին: Սակայն հեռացել ու մոռացել են: Միակ շոշափելի արդյունքը, եթե դա կարելի է արդյունք համարել, նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հանձնարարականով շենքի նախագծի վերափոխումն էր՝ փոքրացված տարբերակով: Բայց արդեն պարզ է, որ այն կիրառություն չգտավ: Շինությունը վեր է խոյացել քաղաքաշինական ու ճարտարապետական նորմերի խախտումներով: Այդ մասին վկայում է Ճարտարապետների միության գրությունը, նաեւ. «Քաղաքի այս անկյունը Երեւանի ձեւավորված գողտրիկ անկյուններից է եւ նրա հետ պետք է վարվել շատ զգույշ ու տակտով, հնարավորինս պահպանելով հողամասի կանաչ տարածքը»: Կանաչ այգուց եւ անկյունից ընդհանրապես այժմ ոչինչ չի պահպանվել: Քաղաքաշինության մասին օրենքով, քաղաքի կառուցապատման հյուսվածքի կազմավորված անկյուններում փոփոխություն կատարելու դեպքում պետք է իրազեկել շրջակա բնակչությանը եւ կազմակերպել հասարակական քննարկումներ: Այս պարագայում իրազեկումը սկսվել է շատ յուրօրինակ ձեւով՝ նախ անհայտ անձինք մի քանի անգամ հրդեհել են աշնանային չոր խոտով ծածկված այգին: Հետո Կենտրոն համայնքի կանաչապատման պատասխանատուն տարածքի բարելավման նպատակով հիմքից կտրել է բոլոր ծառերը: Այդ գործընթացը, ինչպես նաեւ շինարարության ընթացքը, հսկում են ոստիկանները՝ գիշեր-ցերեկ: Քաղաքապետ Ե. Զախարյանը անցյալ տարվա հունիսին գրությամբ խոստացել է դատական գործ սկսել կառուցապատող «Դիսքավրի տուր» ՍՊԸ-ի դեմ (նախագահ՝ Արթուր Մկրտչյան), բայց չի արել: Ավելին, քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը 2004թ. ապրիլի 27-ի գրությամբ հաստատում է, որ չնայած քաղաքաշինական խորհուրդը հավանություն է տվել հյուպատոսության շենքի նախագծին, բայց վարչությունը կարող է հաստատել միայն երկրորդ՝ փոքրացված նախագիծը: Իսկ հետո կատարել է վճռաբեկ դատարանի պահանջն ու հաստատել առաջին նախագիծը: Շենքի նախագծի հեղինակը ճարտարապետության եւ քաղաքաշինության համալսարանն է, շենքի ճարտարապետը՝ նույն համալսարանի ճարտարագիտական ամբիոնի վարիչ Գարրի Ռաշիդյանը: Բնակիչների ասելով, ինչքան փորձել են ճարտարապետին հասկացնել, որ նախագծով թույլ է տրվել քաղաքաշինական նորմերի խախտում՝ լուսավորության ռեժիմի, շենքերի միջեւ տարածության, լուսամուտների տեղադրման, բնապահպանական եւ այլն, հանդիպել են կոպիտ-գռեհիկ վերաբերմունքի: Ստացվում է, որ բոլոր կազմակերպությունները (բացի դատարաններից) գտնում են, որ նման կառույց նման տեղում անթույլատրելի է, բայց ոչինչ չեն կարողանում անել ամենազոր «պատվավոր» հյուպատոսի դեմ: Բնակիչները խոստացել են, որ «եթե նույնիսկ կարմիր ժապավենով բացումն անեն, մեր պայքարը չի ավարտվի»: Այժմ նրանք դիմել են Եվրոդատարան: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել