Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ՝

Փետրվար 02,2005 00:00

ՄԵՐՈՆՔ՝ ACID-ՋԱԶՈՒՄ Վերջերս երեւանյան ակումբներից մեկում ներկայացվեցին երիտասարդ ջազմեն Սերգեյ Մկրտչյանի (բեմական անունը՝ Սերժ Գաբիեն) ստեղծագործությունները: Միջոցառումը կազմակերպել էր «Արթ-իմիջ» ընկերությունը, որի հետ Սերգեյը առաջիկայում եւս կհամագործակցի: «Իմ ներկայացրած երաժշտական ուղղությունը՝ acid-ջազը, այնքան նոր է, որ շատերը Հայաստանում չգիտեն: Այն Եվրոպայում զարգացել է վերջին 10 տարիներին: Acid-ջազը երիտասարդական մոտեցումներ է ենթադրում, ավելի հետաքրքիր է, պարային, փոփին մոտիկ»,- պարզաբանեց Ս. Մկրտչյանը: Ի դեպ, նա փոքրիկ հետազոտություն է անցկացրել՝ պարբերաբար հաճախելով երեւանյան ակումբներ. պարզել է, որ թեեւ հայ երիտասարդներից շատերը տեղյակ չեն՝ ինչ ասել է acid-ջազ, սակայն հաճույքով են ունկնդրում: Երիտասարդներին գրավում են այս ուղղության մեղեդայնությունն ու աշխույժ ռիթմերը: «Ես ունեմ եւ պարային, եւ վոկալ պրոյեկտներ: Առաջինը կներկայացվի գարնանը՝ տեղական դիսկոտեկներում ու ակումբներում, իսկ վոկալ պրոյեկտներս ավելի շատ ունկնդրելու համար են: Դրանք հիմնված են զուտ ջազային երաժշտության վրա՝ ժամանակակից ռիթմերով»,- շարունակեց տեղեկացնել ջազմենը: Նա հավաստիացրեց, որ իր բոլոր ջազային ստեղծագործություններում առկա են հայկական երաժշտության ելեւէջներ: Ըստ մեր զրուցակցի, դրանք նույնիսկ պարտադիր են գոնե համաշխարհային ջազում առանձնանալու համար: «Աշխարհում երիտասարդությունը ջազի հիմնական լսարանն է: Այն լսում են մեքենայում, ակումբներում, ռադիոյով, TV-ներով: Ցավոք, ադաթ կոչվածի պատճառով Հայաստանում ոմանք ստիպված են լսել ոչ թե գունավոր երաժշտություն, այլ, ասենք՝ ռաբիս: Չնայած ռաբիսն էլ ունի հզոր աշխատանքներ: Մեզ մոտ վերջին տարիներին սկսել են իբր նորովի մատուցել Սայաթ-Նովա, Կոմիտաս, ինչը չես ասի, օրինակ, Թաթայի պարագայում: Նրան ավելի շատ կարելի է ուրբան-շլյագեր համարել, ոչ թե ռաբիս»,- համոզված է երիտասարդ երաժիշտը: Նա առաջիկայում պատրաստվում է իր «արտադրանքը» վաճառել արտերկրում, որովհետեւ կարծում է, որ Հայաստանում համապատասխան շուկա դեռ չի ձեւավորվել: Բացի այդ, նրա խոսքերով. «Այստեղ արվեստով կարող են զբաղվել միայն նրանք, ովքեր ազատված են կենցաղային խնդիրներից: Հակառակ դեպքում կստացվի, որ դու քո գրպանից փող ես դնում CD թողարկելու համար եւ արդյունքում մեծ հաշվով տուժում ես»: Սերգեյ Մկրտչյանի ջազ-բենդում էթնիկ հարվածային գործիքները եւ շրթհարմոնը համադրված են համակարգչային տեխնոլոգիաների հետ: Արդյունքում՝ երաժշտությունը հետաքրքիր շեշտադրումներ է ստանում՝ հնի ու նորի միախառնումով: Սերգեյը հայտարարեց, որ ինքնատիպ ջազային երաժշտություն կարող է ծնվել թեկուզ «Օրբիտի» գովազդից, որեւէ գունագեղ մուլտֆիլմ դիտելիս, համեղ կերակրատեսակ ճաշակելիս, իսկ ընդհանրապես անսահման ներշնչման աղբյուր են աղջիկները: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել