Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՆ՝ ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

Ապրիլ 01,2005 00:00

ԿՈՎԿԱՍՅԱՆ
ԻՆՏԵԳՐԱՑԻԱՆ՝ ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ «Կովկասյան քաղաքականության բացակայությունը
խոշորագույն բացթողում է, որն այսօր սպառնալիք է դարձել մեզ համար»,- երեկ հայտարարեց
Սոցիալիստական ուժերի միավորման քաղաքական քարտուղար Աշոտ Մանուչարյանը Քաղաքացիական
ազգային նախաձեռնության հրավիրած՝ «ՀՀ արտաքին քաղաքականություն. հին իրողություննե՞ր,
թե՞ նոր հրամայականներ» թեմայով քննարկման ժամանակ: Պարոն Մանուչարյանի համոզմամբ,
Կովկասում ԱՄՆ-ի վարած երկիմաստ քաղաքականությունը Հայաստանին սպառնում է մղձավանջով՝
«Վրաց-թուրքական խոր համագործակցության շրջանակում Հայաստանը կարող է շրջապատված
լինել թուրքական տարածքով, երբ Հայաստանին սահմանակից վրացական շրջանները դառնում
են թուրքաբնակ: Հայաստանյան կովկասյան ինտեգրացիոն քաղաքականության բացակայության
պայմաններում սա կդառնա իրականություն»,-ասում է նա: Բանախոսի համոզմամբ, միայն կովկասյան
ինտեգրացիան Հայաստանին հնարավորություն կտա աշխարհում կարեւոր միավոր դառնալ: «Մինչեւ
93-ը Հայաստանն այդ ինտեգրման լիդերն էր, սակայն 93-ին պարոն Թելբոթի (ԱՄՆ պետքարտուղարի
այն ժամանակվա օգնական- Ն. Գ.) Հայաստան կատարած այցից հետո կովկասյան բոլոր ծրագրերը
այստեղ կանգնեցվեցին: Ըստ իս, ԱՄՆ-ի պահանջը հիմնված էր կեղծ գնահատականի վրա, որ
Հայաստանը ՌԴ-ի գործիքն է տարածաշրջանային քաղաքականության համար: Սակայն այդ շրջանում
ՌԴ-ն ավելի կցված էր Հայաստանին՝ ելնելով Կովկասում նրա ազդեցությունից»,- ասում
է նա: Պարոն Մանուչարյանը նաեւ ընդգծում է, որ այդ ինտեգրացիան նույնքան կարեւոր
է նաեւ կովկասյան մյուս պետությունների համար, քանզի իր կոմունիկացիոն նշանակությամբ
այն այժմ դարձել է ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ ՌԴ-ի շահերի բախման կիզակետը: Այս համատեքստում
ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին՝ «Մինսկի խումբը արեւմտյան քաղաքակրթության գործիքն
է՝ վերահսկողության տակ պահելու տարածաշրջանային գործընթացները եւ թելադրելու նրանց
զարգացումը: Այդ գործընթացն իր մեջ չի պարունակում ղարաբաղյան խնդրի կարգավորման
բանալին»,- համոզված է Ա. Մանուչարյանը: Նա գտնում է, որ այս հարցի լուծման արդյունքում
հաղթողները լինելու են «Մինսկի պրոցեսի վարողները», իսկ պարտվողները լինելու են Ադրբեջանը,
Հայաստանը, ԼՂՀ-ն: Այս առումով Ա. Մանուչարյանը նույնպես կարեւորում է կովկասյան
ինտեգրացիան: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել