Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 14,2005 00:00

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂԱՂ ՃՆՇՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ Սա է խոստանում իրականացնել ընդդիմությունը «Արդարություն» դաշինքի հրավիրած «Ժողովրդավարության հաստատման նախապայմանը ապօրինի վարչախմբի հեռացումն է» կարգախոսով «Հանուն ժողովրդավարության» ֆորումը, որի մասին այնքան խոսվում էր վերջին շրջանում, երեկ վերջապես տեղի ունեցավ: Մասնակցում էին ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերը՝ բացի ՀՀՇ-ից եւ ՆԺ-ից: Հավաքի կազմակերպիչները եւ մասնակիցները բավականին հանգիստ էին եւ ի սկզբանե ակնհայտ էր, որ որեւէ լուրջ բախումնային գործողություն չի նախատեսված: Սակայն իշխանությունները Մելիք-Ադամյան փողոցի հարեւանությամբ գտնվող ոստիկանական մասից բազմաթիվ ոստիկաններ էին դուրս բերել փողոց, որոնք կազմ ու պատրաստ սպասում էին «Երազների» մեջ: Ավելի ուշ հավաքից դուրս եկած լրագրողներին ոստիկանները հարցնում էին՝ երթ չի՞ լինելու: Երթ չեղավ, բայց գործող իշխանությունների հասցեին լուրջ մեղադրանքներ հնչեցին: «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը բացելով հավաքը՝ ասաց. «Ուղիղ մեկ տարի է անցել այն օրից, երբ ապօրինի վարչախումբը իր անփառունակ իշխանությունը երկարաձգելու նպատակով դիմեց բռնությունների: Մինչ օրս որեւէ մեկն այդ բռնարարքների համար պատասխանատվության չի ենթարկվել»: Պրն Դեմիրճյանը նկատեց, որ սվիններով հնարավոր չէ իշխանությունը երկար պահել. «Ուզում եմ վերահաստատել մեր վճռականությունը օրինական իշխանություն հաստատելու գործում: Անկասկած, մենք դրան հասնելու ենք»: Եզրահանգումը միանշանակ էր՝ այս իշխանություններին ընդդիմությունը հեռացնելու է՝ համաժողովրդական ընդվզման արդյունքում: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը իր հերթին ասաց, որ այսօր երկու հարց են տալիս՝ ե՞րբ եւ ինչպե՞ս: Հարցերի պատասխանը տրվեց անմիջապես, մնաց իրականացնելը: Այս իշխանությունները հեռացվելու են «հնարավորինս արագ, ժողովրդի ուժով»: Վիկտոր Դալլաքյանը շեշտեց. «Մենք իրեն (Ռ. Քոչարյանին- Մ. Ե.) հնարավորություն ենք տալիս խաղաղ հեռանալ, հակառակ դեպքում ամբողջ պատասխանատվությունը ընկնում է նրա եւ նրա համախոհների վրա»: Ամենից անակնկալը Պարույր Հայրիկյանի ելույթն էր, որին եւս դահլիճը դիմավորեց ծափերով: Իսկ Հայրիկյանը ասում էր հետեւյալը՝ ընդդիմությունը պետք է համախմբվի «Արդարություն» դաշինքի շուրջը, եւ երիցս ճիշտ է դաշինքի ղեկավարությունը, երբ շարունակ ասում է, որ այս իշխանությունները հեռացվելու են խաղաղ, համաժողովրդական ալիքի ճնշման արդյունքում: Իրոք անակնկալ էր, երբ ոչ այլ ոք, քան Հայրիկյանն է ասում՝ համախմբվել մեկի շուրջը, որը Հայրիկյան չէ. «Երբ այս դաշինքը ձեւավորվում էր, ես ասում էի՝ չեմ հասկանում, նախընտրական դաշինք է, որում համախմբվում են իրարամերժ աջ եւ ձախ ուժեր: Բայց երբ դրված է ոչ թե իշխանության հասնելու, այլ արդարության վերականգնման, սահմանադրական կարգի հաստատման, ժողովրդավարության կայացման խնդիր, բնականորեն իրար կողքի են կանգնում եւ աջը, եւ ձախը: Մենք տեսնում ենք, որ ճիշտ է «Արդարություն» դաշինքը, ճիշտ են ընդդիմության ուժերը, բայց երեւի էլի ինչ-որ բան դեռ պակասում է: Կարծում եմ՝ այսօրվա նախաձեռնությունը եկել է այդ պակասը նվազագույնի հասցնելու»: Աշոտ Մանուչարյանը իր ելույթում հայտարարեց. «Կոշի գաղութում մենք հազիվ թե գտնենք անձանց, որ այնպիսի հանցագործություններ կատարած լինեն, ինչպիսին այսօր իշխանական լծակները գրավածները»: Իսկ ըստ Հովհաննես Հովհաննիսյանի, այս օրը պետք էր նշվեր փողոցում՝ որպես ընդդիմության ու ժողովրդի հաղթանակի մեկամյա տարելից, սակայն դահլիճում է նշվում եւ այսպես. «Հայաստանում ժողովրդավարությունը չի կարողանում հաղթել: Մենք ունենք կոպիտ, բիրտ, չկրթված, քիչ կրթված իշխանություն, մենք ուժեղ իշխանություն չունենք: Այս իշխանությունը նման է մեջը փուչ մեծ ծառի, որին պետք է տապալել»: Ապրիլյան դեպքերի ժամանակ պլաստիկե շշով ոստիկանին խփելու համար դատապարտված Էդգար Առաքելյանը խոսեց այն մասին, որ այս իշխանությունների օրոք խրախուսվում են անօրինականությունն ու անպատժելիությունը: ՀԺԿ եւ «Արդարություն» դաշինքի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը, որին եւս Կենտրոնի ոստիկանապետը ապօրինաբար ձերբակալել էր կուսակցության գրասենյակում, հայտարարեց, որ եկել է ընտրություն կատարելու ժամանակը. «Պահն է, որ յուրաքանչյուրը խոսի իր անունից եւ իր ընտրությունը կատարի: Մենք այդ ընտրությունը կատարել ենք»: ՀԺԿ վարչության անդամ Արուսյակ Մամիկոնյանի խոսքը բավականին հեղափոխական էր, եւ թերեւս արժե հենց դրանով էլ ավարտել ապրիլյան դեպքերի մեկամյակին նվիրված միջոցառման լուսաբանումը: Ըստ այդմ, եթե իշխանությունները չեն հասկանում ընդդիմության խաղաղ եւ սահմանադրական լեզուն, քանի որ միայն ջրցան մեքենաների եւ մահակների լեզուն գիտեն, ուրեմն ընդդիմությանը մնում է մեկ ճանապարհ՝ սովորել նույն մահակների, այսինքն՝ ուժի լեզուն։ «Հանրապետական» կուսակցությունը թեպետ ներկա էր ամբողջ վերնախավով, սակայն որեւէ մեկը ելույթ չունեցավ. պատճառաբանությունն այն էր, որ իրենք զբաղված են կուսակցության առաջիկա համագումարով: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել