Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւոր առաջնորդը՝ վկա

Ապրիլ 14,2005 00:00

Հոգեւոր առաջնորդը՝ վկա 2004թ. հոկտեմբերի 29-ին «Մեղեդի» սրճարանի դիմաց սպանվեցին երկու երիտասարդ՝ Ստեփան Ալիխանյանը եւ Գրիգոր Պոդոսյանը: Մինչ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Էդիկ Ավետիսյանը կզբաղեցներ իր տեղը, Ս. Ալիխանյանի մայրը դիմելով դահլիճում գտնվողներին, լացակումած ասաց՝ «Դուք գիտե՞ք, ի՞նչ երեխա եմ կորցրել: Գանձ եմ կորցրել: Իմ երեխան սերունդ չունեցավ, ինչո՞ւ եւ ինչո՞ւ եք պաշտպանում հանցագործին»: Նման դիմումի պատճառը, հավանաբար այն էր, որ Կիլիկիա թաղամասի տղերքը իրենց «առաջնորդ», «Ճուփ» մականունով ամբաստանյալ Ստեփան Սուկիասյանին, ինչպես նախորդ դատական նիստերից առաջ, դիմավորում են ժպիտով, քաջալերիչ ողջույններով: Երեկ դատարան էր ներկայացել վկա, Ջավախքի հոգեւոր հովիվ Միքայել Սալբիյանը (հայր Բաբկենը): Նա հայտնեց, որ Գրիգոր Պոդոսյանին ճանաչել է Գեւորգյան ճեմարանից: Սպանության օրը վկան գտնվել է Երեւանում ու պետք է հանդիպեր Վեհափառին: Սպանության օրը Գրիգորի հետ պայմանավորվել էր հանդիպել «Մեղեդի» սրճարանում: Պայմանավորված ժամին երբ մոտեցել էր պետօպերայի տարածքին, նա տեսել էր սպանված Գրիգորին՝ մեջքի վրա ընկած: Տեր հայրը հայտնեց դատարանին, որ չի ճանաչել ամբաստանյալին, մինչդեռ նախաքննության ցուցմունքներում նա գրել էր, թե Ստեփանն ասել է, որ եթե Գրիգորը ոտք դնի Երեւան՝ կսպանի: Ավելին, վկան հայտնել էր նաեւ, որ Գրիգորը թշնամական հարաբերությունների մեջ է եղել Կիլիկիա թաղամասի բնակիչ Ստեփան Սուկիասյանի հետ: «Ճուփի» պաշտպան Լուսինե Սահակյանը հրապարակեց Գեւորգյան ճեմարանից հեռանալու մասին Գ. Պոդոսյանի դիմումը, ուր նա գրել էր, որ «ստիպված է հեռանալ ոչ մարդասիրական մթնոլորտի հետեւանքով»: Նրա հարցը ակնհայտորեն չէր կապվում սպանության հետ, սակայն պաշտպանը փորձեց կապը տեսնել այսպես՝ «Գրիգորի կերպարը պարզելու համար»: Պաշտպանը երբ փորձեց վկայից իմանալ, թե իրավունք ունե՞ր ճեմարանի սանը զենք կրելու, վկան հայտնեց, որ Գ. Պոդոսյանը 2001-ից ճեմարանում չէր: Դատարանը հրապարակեց նաեւ ամբաստանյալի հոր՝ Սուրեն Սուկիասյանի ցուցմունքը, որն ասել էր, թե մեկուկես տարի առաջ Գրիգորը 8 տեղից դանակահարել է որդուն եւ որ անընդհատ զանգում էր ընկերներին, որ մտադիր է սպանել իր որդուն: Իսկ ժամկետային զինծառայող Անդրանիկ Մարտիրոսյանն էլ հայտնել էր, որ 2004-ի հոկտեմբերի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում տեսել է եւս ԳԱԶ մակնիշի ավտոմեքենա, որը հեռանում էր, իսկ երկու տղամարդ էլ ընկած էին սրճարանի դիմաց եւ մարդիկ նրանց փորձում էին օգնել: Ամբաստանյալը ցուցմունքներ տալու համար դատարանից ժամանակ խնդրեց: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել