Լրահոս
Օրվա լրահոսը

Կասպյան

Ապրիլ 16,2005 00:00

Կասպյան զարգացումներ «Առավոտի» նախընթաց համարներից մեկում անդրադարձել էինք ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի Բաքու կատարած խորհրդավոր այցին եւ դրա համատեքստում՝ ամերիկյան մոբիլ զինստորաբաժանումների՝ Ադրբեջանում տեղակայման հնարավորությանը: Երեկ մի ծավալուն հոդվածով այս թեմային է անդրադարձել նաեւ ռուսական «Նեզավիսիմայա գազետա» օրաթերթը: Այդ հրապարակման մեջ, որի ամենաէական հատվածները ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ստորեւ, ամերիկյան եւ ադրբեջանական հեղինակավոր վերլուծական կենտրոններից քաղված ուշագրավ տեղեկություններ կան վերոհիշյալ ծրագրի տեխնիկական մանրամասների մասին: Այսպես: Կասպիական ավազանում ամերիկյան ռազմա-ոստիկանական ամուր եւ դյուրաշարժ ցանց ստեղծելու գաղափարն առաջացել է 2003թ., Պենտագոնի «ընդերքում»: Այն ենթադրում է մերձկասպյան երկրներում արագ արձագանքման ոստիկանական հատուկ խմբերի ձեւավորում, որոնք ի վիճակի կլինեն օպերատիվորեն կասեցնել տարածաշրջանի նավթային օբյեկտներին սպառնացող (այդ թվում՝ ահաբեկիչների կողմից) ցանկացած վտանգ: Փաստորեն, այսպես կոչված՝ «Կասպիական պահպանությունը» (ԿՊ), վերլուծաբանների գնահատմամբ, կվերածվի ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության «առաջապահ պոստի» (ֆորպոստ- խմբ.), որն անմիջականորեն կենթակայեցվի Շտուտգարտում գտնվող շտաբ-բնակարանին: ԿՊ-ի հրամանատարական կենտրոնը, որը հագեցած կլինի նորագույն ռազմապաշտպանական հանդերձանքով, կտեղակայվի Բաքվում: «Ուոլ Սթրիթ Ջոռնլի» տվյալներով, առաջիկա 10 տարիներին ԿՊ-ի գործունեության ապահովման նպատակով ԱՄՆ-ն կծախսի մոտ 100 մլն դոլար, որը կնպատակամղվի ինչպես ամերիկյան զինստորաբաժանումների տեղակայմանն անհրաժեշտ ենթակառույցների ստեղծմանը, այնպես էլ ադրբեջանցի համապատասխան մասնագետների պատրաստմանը: Ինչ վերաբերում է Պենտագոնի՝ կասպիական ծրագրերի իրագործման քաղաքական կողմին, ապա գոնե ադրբեջանական ռազմական փորձագետների գնահատմամբ, պաշտոնական Բաքվի կողմից խոչընդոտներ չեն լինի, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանն այդպիսով հանդգնում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի եւ Իրանի հետ: Ըստ այդմ նշվում է, թե միջազգային հակաահաբեկչական պայքարի շրջանակներում ԱՄՆ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ բազմաթիվ քայլեր կատարած Ադրբեջանը դժվար թե կես ճանապարհից ետ կանգնի: Բացի այդ, ԿՊ-ի իրագործումը շռայլ տնտեսական փոխհատուցում է խոստանում այդ ծրագրի մեջ ներգրավված մերձկասպյան երկրներին: Ուշադրության է արժանի այն, որ պաշտոնապես ԿՊ-ի գործունեության նպատակ է հռչակվելու ոչ թե, ինչպես նշվեց վերը, նավթային օբյեկտների պահպանությունը, այլ «վտարյալ (իզգոյ) երկրների միջուկային նկրտումների դեմ պայքարը»: Բնականաբար, խոսքն առաջին հերթին Իրանի մասին է, որը, ԿՊ-ն մտահղացողների պատկերացմամբ, գտնվելու է մշտական հսկողության ներքո: Պատր.՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել