Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ

Ապրիլ 28,2005 00:00

ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ԱՅՍՏԵՂ ԴՈՒ ՏԱՆԸ ՉԵՍ Եթե պատահի այնպես, որ դուք ձեր սեփական տանը նստած, անխռով սուրճ վայելելիս հանկարծ ձեր շեմքում նկատեք ԴԱՀԿ աշխատակիցների, որոնք պահանջում են դուրս գալ ձեր բնակարանից՝ ամենեւին չզարմանաք: Հիշե՛ք, որ դուք ապրում եք Հայաստանում, որտեղ «հանուն պետական կարիքների»՝ կարող են տեղի ունենալ ամենաանհավատալի իրադարձությունները: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի 2004թ. հունիսի 25 թիվ 1160-Ա որոշմամբ, Լալայանց-6 հասցեի բնակչուհի Կարինե Կարապետյանին, սեփականության իրավունքով պատկանող տան դիմաց, որպես փոխհատուցում հատկացվել է 216 քմ տարածք՝ Լալայանց 3 հասցեում: Մեր ունեցած տվյալներով, Կարինե Կարապետյանը «Վեդի ալկո» ընկերության ղեկավար Մանվել Ղազարյանի բարեկամներից է: Պարոն Ղազարյանը, սակայն, «Առավոտին» ասաց, որ նման անունով բարեկամ չունի եւ այդ կնոջը չի ճանաչում: Կ. Կարապետյանը Լալայանց 6 հասցեում տարիներ առաջ կառուցել է դղյակ հիշեցնող առանձնատուն: Նրա հարեւանները «Առավոտին» պատմեցին, որ Կ. Կարապետյանը երկար ժամանակ «բանակցությունների» մեջ է եղել քաղաքապետարանի հետ: Այնուհետեւ նրան 500 հազար դոլար փոխհատուցելու փոխարեն տվել են Լալայանց 3 հասցեում 216 քմ տարածք: Առաջին հայացքից սա շատ անմեղ որոշում է: Սակայն այս որոշման համաձայն՝ փոխհատուցվել է այն հողը, որի վրա կառուցված շենքը հանդիսանում է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապի հայկական ընկերության սեփականությունը (ԱՕԿՍ): Շուրջ 45 քմ տրվել է շենքի զբաղեցրած հողից, իսկ մնացած մասը եւս ԱՕԿՍ-ի սեփականությունն է, սակայն այդ տարածքում շուրջ 50 տարի ապրում է Մարտիրոսյանների ընտանիքը: Եվ ԱՕԿՍ-ի աշխատակիցները, եւ այդ բնակարանի բնակիչները, մեզ տեղեկացրին, որ նախապես ոչ ոք իրենց չի զգուշացրել վաճառքի մասին: «Երկար ժամանակ փորձում էինք ձեւակերպել մեր սեփականությունը: Անցյալ աշուն վերջապես ամեն ինչ հաջողվեց եւ մենք գնացինք կադաստր՝ սեփականության վկայականը վերցնելու: Բայց գալով տուն, հայտնաբերեցի, որ վկայականում մակագրություն կա այն մասին, որ գույքը գտնվում է պետության կարիքների համար իրացվող օտարման գոտում, որը գտնվում է Կ. Կարապետյանին պատկանող հողամասի վրա»,- պատմեց բնակարանատեր Նինա Մարտիրոսյանը: Նրա ամուսինը եղել է ԱՕԿՍ-ի նախկին 5 ղեկավարների վարորդը: ԱՕԿՍ-ի ղեկավարությունը տեսնելով, որ նրանք ապրում են ինչ-որ ավտոտնակում՝ առաջարկել են այդ տարածքը, որպես բնակության վայր: ԱՕԿՍ-ի շենքը հանրապետական նշանակության հուշարձանների ցանկում է: Այն կառուցվել է 1914-1915 թթ., ժամանակին եղել է հիվանդանոց եւ միաժամանակ բնակելի տուն՝ հայտնի վիրաբույժ Հովհաննես Հովհաննիսյանի համար: Առանձնատունը 1920 թ. «ազգայնացվել է»: Փոխարենը ստեղծվել է «Տրոպիկական հիվանդանոց», որտեղ մալարիայով հիվանդներ են բուժվել: Ուշագրավն այն է, որ չնայած շենքն ամբողջ հատակագծով ներառված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, բայց այն հատվածը, որը պետք է իրացվի՝ պատմական արժեք չի ներկայացնում, քանի որ դա 1940-ականների կցակառույց է: Սա՝ ըստ Հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանի տեղեկատվության: Իսկ Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրին. «Այդ տարածքը Հյուսիսային պողոտային կից տարածք է: Այն կառուցապատվելու է ժամանակակից ոգով: Նորակառույցի հարկայնությունը պետք է համապատասխանի ԱՕԿՍ-ի շենքին: Այն կծառայի, որպես գրասենյակային եւ բնակելի տարածք»: ԱՕԿՍ-ի տնօրինությունն էլ, իրացման ենթակա մասի բնակիչներն էլ առանձնապես դեմ չէին քաղաքապետի որոշման կատարմանը, բայց՝ երկու պայմանով. հուշարձանային հատվածի պահպանում, իսկ քանդվող մասի դիմաց՝ համարժեք փոխհատուցում: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆwww.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել