Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ

Մայիս 11,2005 00:00

ԱՄՆ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ: ԵՐԿՈՒՍՏԵՔ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, սակայն, շեշտում է, թե սեփական ուժերով են Հայաստանում հաստատելու ժողովրդավարություն: – ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը երեկ Վրաստանում հայտարարեց, թե այդ երկիրը «խաղաղ ժողովրդավարության զարգացման օրինակ է, եւ Վրաստանի իրադարձությունները, մասնավորապես «վարդերի հեղափոխությունը», կօգնեն Կենտրոնական Արեւելքի երկրների փոխակերպմանը»: Ձեր գնահատմամբ, որքանո՞վ այս հայտարարությունն ազդեցություն կունենա Հայաստանի եւ ընդհանրապես՝ տարածաշրջանային զարգացումների վրա: – Ես միանշանակ համոզված եմ, որ կունենա ազդեցություն, եւ շատ կարեւոր է այս տեսակետը: Սակայն հայ ժողովրդին, առանց Բուշի ասելու էլ, պարզ էր, որ ժողովրդավարությունը չունի այլընտրանք: Վերջին մի քանի տարիների փորձությունը՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ներքո, դա ապացուցեց ժողովրդին: Բուշի հայտարարությունն առավել լուրջ նշանակություն ունի Ռոբերտ Քոչարյանի համար, քանի որ ԱՄՆ նախագահն արձանագրեց, թե մեր տարածաշրջանի մյուս ժողովուրդներն էլ միանշանակ պիտի հաղթեն եւ ինքը համոզված է դրանում: Իսկ դա ասում է աշխարհի ամենահզոր տերության ղեկավարը, որն իր խոսքը կտուրը գցող մարդկանցից չէ՝ ապացույցն Իրաքն է, Վրաստանը, Ուկրաինան, Ղրղըզստանը: Բուշը նաեւ շեշտեց, որ ժողովուրդներն իրենք պիտի հասնեն իրենց ժողովրդավարությանը: Եվ ես կողմնակիցը չեմ այն մոտեցման, թե ԱՄՆ-ն պետք է գա եւ այստեղ հաստատի ժողովրդավարություն: Ընդհակառա՛կը՝ կարծում եմ, որ մեր ժողովուրդն ունակ է սեփական երկրում հաստատելու ժողովրդավարություն: Իսկ ԱՄՆ-ն օգնել է այն ժողովուրդներին, ովքեր փորձել են հաստատել ժողովրդավարություն: Թող այլ՝ արաբական երկրներ օգնեին, եւ կմեջբերեին իրենց նախագահների ասածները: – ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հայաստանյան մասնաճյուղը «Հանրապետության» ակտիվիստների ուսուցումից հետո սկսեց մասնակցել կուսակցական համագումարների եւ ասուլիսների: Սա ինչի՞ նախանշանն է՝ ամերիկյան կառույցնե՞րն են կատարել իրենց ընտրությունը, թե՞ ընդդիմությունն է վերջնականապես որոշել իր կողմնորոշումը: – Կարծում եմ, որ սա երկուստեք հետաքրքրության խնդիր է: Ժողովուրդն իր դիրքորոշումը ցույց է տվել եւ իր՝ փողոց դուրս գալով ապացուցել, թե ժողովրդավարության կողմնակից է: Ուստի ժողովրդավարության գաղափարի վրա հիմնված միջազգային բոլոր կազմակերպությունները, այդ թվում՝ նաեւ NDI-ը, իրենց պարտքն են համարել օգնել մեր ժողովրդին ժողովրդավարության հասնելու ճանապարհին: Մենք NDI-ի հետ ունենք հրաշալի հարաբերություններ եւ արդեն 1 տարի է, ինչ աշխատում ենք: «Հանրապետության» 15 անդամներ անցել են NDI-ի դասընթացները: Ներկա փուլում NDI-ի այլ դասընթաց են անցնում. ծրագիրն անվանվում է «Դռնեդուռ»՝ սա դեպի ժողովուրդ քարոզչության մեթոդ է: – Պատահակա՞ն է արդյոք, որ հենց այս փուլում Արտաշես Գեղամյանն ակնարկեց, թե «Արդարությունն» ու «Ազգային միաբանությունը» շուտով հրավիրելու են համատեղ հանրահավաք: Ամերիկյան աջակցությունը եւ ընդդիմության ակտիվացումն ուղղակի զուգադիպո՞ւմ են, թե՞… – Ես ասել եմ եւ կրկնում եմ՝ այս անգամվա հանրահավաքը լինելու է մեկ անգամ, եւ այն ավարտվելու պահից արդեն պարզ է լինելու դրա ավարտը: Այդ հանրահավաքին ժողովուրդը մասնակցելու է վստահությամբ: Եվ համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարելու է, թե ինքն ուժ չի կիրառելու ժողովրդի նկատմամբ: Բայց հանրահավաքի օրվա եւ ժամի մասին ոչինչ ասել չեմ կարող: Սակայն պիտի պնդեմ, որ միանշանակ փոխվել է հանրահավաքներ անելու բովանդակությունը՝ այն լինելու է հանուն ժողովրդավարության եւ ոչ թե հանուն որեւէ մեկի իշխանության կամ իշխանափոխության: – Մի հարց էլ ընդդիմություն-իշխանություններ հարաբերությունների մասին: Մեր ընդդիմությունն առաջին անգամ ներքաղաքական բովանդակությամբ համատեղ հայտարարությամբ հանդես եկավ իշխանությանը մաս կազմող կուսակցությունների հետ: Եվ որ առավել զարմանալին է՝ Ռոբերտ Քոչարյանի դժգոհության դրսեւորումներից հետո էլ իշխանական կոալիցիան չհրաժարվեց իր ստորագրությունից: Ձեր գնահատմամբ՝ սա զուտ նախընտրակա՞ն տրամաբանություն է, թե՞ բացատրությունն այլ է: – Սա երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի հետեւանք է: Իշխանական թեւի կուսակցությունների համար արդեն պարզ է դարձել, որ Քոչարյանը հավերժ չէ, եւ յուրաքանչյուրն ուզում է գտնել իր տեղն ապագա Հայաստանում: Իսկ այն գտնելու համար Քոչարյանը միայն խանգարող հանգամանք է: Ո՛ր թեկնածուի կողքին կանգնի նա՝ այդ թեկնածուն պարտվելու է: Սա միանշանակ հասկանալի է՝ ե՛ւ դաշնակցականների, ե՛ւ հանրապետականների համար: Ուստի նրանք փորձում են արդեն տարանջատվել Ռոբերտ Քոչարյանից, հանդես գալ ինքնուրույն, ինչը մենք ողջունում ենք: Եվ կողջունենք, եթե այդ կուսակցությունները նախագահական ընտրություններում հանդես գան սեփական թեկնածուներով: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031