Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնդեցու հարսը ընտանիքի լիիրավ անդամ չէ

Մայիս 12,2005 00:00

Կոնդեցու հարսը ընտանիքի լիիրավ անդամ չէ «Առավոտի» խմբագրություն էին եկել Կոնդ թաղամասի բնակիչներ՝ փոխանցելով 250-ից ավելի ստորագրությամբ նամակ: Կոնդի այդ բնակիչները նամակի մի օրինակն էլ ուղարկել են ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, որը, ըստ բնակիչների, բանավոր կարգադրությամբ արգելել էր Կոնդի շենք-շինությունների սեփականաշնորհումը: «Եթե սխալվում ենք, ապա հրապարակեք համապատասխան օրենք, որով իրացման գոտիներում արգելվում է սեփականաշնորհումը»,- ասված էր դիմումում: Կոնդ թաղամասի բնակիչները գտնում էին, որ մի խումբ հարստացած նոր հայերի եւ օտարերկրյա բիզնեսմենների մեղքով իրենք կարող են զրկվել սեփականությունից եւ ակնարկում Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների «պետական կարիքների նպատակով արված տեղահանումները»: «Կոնդի բնակիչներից շատերի նախնիները, փրկվելով յաթաղանից, գոյատեւել են Կոնդի քարայրներում, որը հետագայում տուն են դարձրել, բնակարան, ուր ապրում են նրանց երկրորդ, երրորդ, չորրորդ սերունդները: Փոխանակ չարգելելու Կոնդի ողջ տների սեփականաշնորհումը, երբեմն այնպիսի որոշումներ է կայացվում, որից, ինչպես ժողովուրդն է ասում՝ «եփած հավի ծիծաղն է գալիս»,- շարունակում էին խմբագրությանը դիմած կոնդեցիները: Հնաբնակ կոնդեցիներից մեկը, որի հայրը 1916-ից ապրել է Կոնդում, մեզ ասաց, որ, փաստորեն, իրավունք չունեն իրենց զավակներին ամուսնացնելու, քանի որ հարսին չեն գրանցում: Նույնիսկ բերեց մի օրինակ, երբ երեխայի ծնվելուց հետո հարսին նույնպես չեն գրանցել: «Փաստորեն, կոնդեցի հարսը ընտանիքի լիիրավ անդամ չէ»: Մյուս կողմից, ըստ բողոքողների, անհայտ տեղերից հայտնվում են նոր գրանցվածներ: «Ի՞նչ է նշանակում, որ Կոնդի բնակիչը 16 տարեկանում անձնագիր չի ստացել, այլ ստացել է ավելի ուշ կամ աշխատանքի բերումով հեռացել էր հայրենիքից, հետո վերադարձել եւ նրան գրանցել են «փաստացի»: Այսինքն, առանց շինության նկատմամբ իրավունքի»,- հարցնում է բնակիչներից մեկը: Տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ պատկան մարմինները մտադիր են անհատույց սեփականաշնորհում իրականացնել Կոնդում: Արդյոք հաշվի կառնվե՞ն հնաբնակ կոնդեցիների իրավունքները: Նրանք խիստ կասկածում են: Կոնդեցիները դիմումում առաջ են քաշել փաստացի գրանցման մասին օրենքի վերանայման հարցը: Նրանք մեկ անգամ եւս հիշեցնում են, որ Կոնդը պատմական վայր է եւ Կոնդի հիմնադիրներից Սաշա Աղամալովի բակից իրենց պապերն ու հայրերը կրակել են Ծիծեռնակաբերդում ծվարած թուրքերի վրա եւ հաղթել: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել