Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարսի»

Մայիս 14,2005 00:00

«Մարսի» վիճակը վատացել է Երեկ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը այցելեց Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտ եւ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով ռուսներին հանձնված «ՌԱՕ Մարս» գործարան: Գիտնականները սեփական նախաձեռնությամբ էին Ա. Բաղդասարյանի հետ հանդիպում կազմակերպել՝ ԱԺ նախագահին «գիտության վիճակին մոտիկից ծանոթացնելու»: Նրանք ակնկալում էին իրենց ձայնը «գոնե ԱԺ նախագահի միջոցով կառավարությանը հասցնել»: Խնդիրները թարմ չէին. ցածր աշխատավարձից սկսած մինչեւ ինստիտուտի շենքի վերանորոգման, գիտական հաստատությունների տեխնիկական վերազինման, երիտասարդ գիտնականներին երկրում պահելու եւ այլն: «Ցածր աշխատավարձով ոչ մի երիտասարդ գիտնական չի ցանկանում աշխատել: Պատկերացնում եք, աշխարհում ճանաչված մեր գիտնականի աշխատավարձը կազմում է 20 հազար դրամ: Արտասահմանցի գիտնականների մոտ դա ուղղակի ծիծաղ է առաջացնում»,- բողոքում էին մեր գիտաշխատողները: Չնայած բարձրացրած խնդիրների հասցեատերը ՀՀ կառավարությունն է, սակայն Ա. Բաղդասարյանը դրանց մի մասը լուծելու հարցը իր վրա վերցրեց: Եվ մինչ պարոն Բաղդասարյանը խոստանում էր գիտական ասպարեզում լուրջ բարեփոխումներ կատարել, գիտությունը երիտասարդացնել, ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Ղարագյոզյանը ԱԺ նախագահին գործնական առաջարկ արեց՝ ԱԺ Վերահսկիչ պալատի վերջերս կատարած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերած ապօրինի գումարներն ուղղել գիտության զարգացմանը, ինչին խորհրդարանի նախագահը դրական արձագանքեց եւ խոստացավ մտածել: Ինստիտուտը հիմնադրվել է 1996-ին եւ մինչ օրս ոչ մի անգամ չի վերանորոգվել: Գիտնականները Ա. Բաղդասարյանից խնդրեցին՝ եթե առայժմ ֆինանսապես չեն կարողանում աջակցել, «գոնե խրախուսանքի տեսքով բարոյական աջակցություն ցուցաբերեն՝ երիտասարդ գիտնականներին չկոտրելու համար»: Ի տարբերություն ակադեմիկոսների, «Մարս» գործարանի արհեստավորները դժգոհեցին, որ իրենց չհաջողվեց շփվել բարձրաստիճան հյուրի հետ եւ անձամբ փոխանցել իրենց հուզող հարցերը: Աշխատակիցների խոսքերով, «գործարանը ռուսներին հանձնելու օրվանից ի վեր մեր վիճակը գրեթե չի փոխվել, ընդհակառակը՝ ավելի է վատացել, ոչ մի առաջընթաց չենք նկատում, արհեստավորներն ընդամենը 13 հազար դրամ աշխատավարձ են ստանում»: Շրջայցի ժամանակ նկատեցինք, որ հսկայական գործարանում ընդամենը մի քանի արտադրամաս էր աշխատում: Տեղեկացանք, որ այսօր գործարանն աշխատում է իր հզորության 10 տոկոսի չափով: Աշխատում են մոտ 310 մարդ՝ այն էլ հարկադիր պարապուրդով: Արտադրամասերի պետերի հետ հանդիպման ժամանակ Ա. Բաղդասարյանը հավաստիացրեց, որ ռուսների հետ պայմանավորվել են գործարանը ներառել պետպատվերի մեջ: Ի դեպ, ռուսների՝ գործարանը վերագործարկելուց մինչ օրս գործարանի արտադրանքի սպառման շուկան միայն Հայաստանն է: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել