Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՂԻԿՆԵՐՆ ՈՒ ՓՇԵՐԸ

Մայիս 17,2005 00:00

Դրանցով շահագրգիռ են ոչ միայն առանձին գործիչներ եւ կուսակցություններ, այլեւ երկրի ապագա նախագահների թեկնածուներ

Բացի Երեւանի Ավան համայնքում մայիսի 22-ին սպասվող թաղապետի ընտրություններից, տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրություններ կանցկացվեն նաեւ մայիսի 29-ին՝ Հրազդան քաղաքում քաղաքապետի ընտրություններ, եւ հունիսի 5-ին մայրաքաղաքի Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա եւ Նորք-Մարաշ համայնքներում, նաեւ Սպիտակում՝ քաղաքապետի ընտրություններ:

Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել են երկու թեկնածուներ՝ գործող քաղաքապետ եւ ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը եւ անկուսակցական, «Ոգու փորձություն» նորաստեղծ կազմակերպությունը ներկայացնող Արթուր Շաբոյանը:

Սպիտակում թեեւ հիմնական թեկնածու է համարվում գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վանիկ Ասատրյանը, այդուհանդերձ, այստեղ առաջադրված եւս երկու թեկնածուներ կան. Վարազդատ Դանիելյան, որը թեեւ ներկայացված է որպես անկուսակցական, բայց, մեր տեղեկություններով՝ վայելում է ՀՀԿ հովանավորությունը, եւ Արամայիս Մաթոսյան՝ անկուսակցական:

Երեւանի Դավիթաշեն համայնքում թաղապետի պաշտոնի համար մրցակցելու են ներկա եւ նախկին թաղապետերը, երկուսն էլ ապարանյան ծագումով՝ գործող թաղապետ, ՀՀԿ անդամ Սուրիկ Ղուկասյանը եւ նախկին թաղապետ, ԵԿՄ վարչության անդամ, ՀՀԿ շարքերը վաղուց լքած Ռուբեն Գեւորգյանը:

Մալաթիա-Սեբաստիա համայնքում առաջադրվել են եւ այսօր իրենց քարոզարշավը պաշտոնապես կսկսեն ՀՀԿ անդամ Աղվան Գրիգորյանը եւ անկուսակցական, ԵԿՄ վարչության անդամ Սամվել Հովսեփյանը, որ հայտնի է «Ադմիրալ» մականունով:

Նորք-Մարաշ համայնքում էլ, բացի գործող թաղապետ, ՀՀԿ անդամ Վարազդատ Մկրտչյանից, առաջադրվել են եւս երկու թեկնածուներ: Դրանցից մեկը անկուսակցական, ՀՀ պաշտպանության նախարարությունում մինչեւ վերջերս աշխատող, կապիտան Միքայել Առուշանյանն է, եւ ՀԺԿ անդամ Գագիկ Հովհաննիսյանը:

Եվ եթե Ավանում, որտեղ առաջադրված միակ թեկնածու Տարոն Մարգարյանի ընտրությունն, ըստ էության, կասկած չի հարուցում, ապա վերը հիշատակված մյուս համայնքներում՝ բացառությամբ նաեւ Սպիտակ քաղաքի, նախընտրական իրավիճակը մի կարեւոր եւ բոլորի համար ընդհանուր առանձնահատկություն ունի: Մեր տեղեկությունների համաձայն, այդ համայնքներում ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն իր «փորձնական» թեկնածուներն ունի: Այսպես, ըստ մեր աղբյուրների, Հրազդանում այդպիսի թեկնածու է Արթուր Շաբոյանը, որին պաշտպանում է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ոգու փորձություն» նորաստեղծ կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը՝ Սասուն Միքայելյանը, ինչպես նաեւ Գուրգեն Արսենյանի գլխավորած ՄԱԿ-ը:

Ի դեպ, այս կուսակցությունը Դավիթաշենում սպասվող ընտրություններում աջակցում է գործող թաղապետ Ս. Ղուկասյանին: Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանին, ապա, ըստ մեր տեղեկությունների, նրա թեկնածուն Ռուբեն Գեւորգյանն է: Ի դեպ, թերեւս դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ թեեւ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը օրերս Դավիթաշենում ժողով է արել եւ հայտարարել, որ աջակցելու է գործող թաղապետ Ս. Ղուկասյանին, այդուհանդերձ, «Նիգ-Ապարանի» պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից ղեկավարվող դատախազությունը հակառակ ոմանց ակնկալիքների՝ Ռ. Գեւորգյանին չի շտապում հիշեցնել նրա հետ կապված քրեական գործերն ու ճնշում չի գործադրում՝ ստիպելու հանել թեկնածությունը: Ըստ փորձագետների եւ Vox populi-ի վերջերս անցկացված հարցման արդյունքների, այստեղ ներկա եւ նախկին թաղապետերի ընտրության հնարավորությունը գրեթե հավասար է, թեեւ համայնքի բնակչությունը ավելի հակված է դեպի Ս. Ղուկասյանը՝ այն փաստարկմամբ, թե նա «ավելի հասարակ մարդ է», քան Ռ. Գեւորգյանը: Ի դեպ, այս համայնքի բնակիչների շրջանում վերջերս անցկացված հարցման մասնակիցներին առաջարկվել էր գնահատել գործող թաղապետ Ս. Ղուկասյանի եւ նախկին թաղապետ Ռ. Գեւորգյանի գործունեությունը իրենց պաշտոնավարության ժամանակահատվածի համար: Եվ եթե Ս. Ղուկասյանի գործունեությունը «լավ» կամ «ավելի շուտ լավ» են գնահատել հարցվածների 60%-ը, ապա Ռ. Գեւորգյանինը՝ 51%-ը: Ըստ հարցման, ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող ընտրողները քվեարկելու են հետեւյալ կերպ. Ս. Ղուկասյան՝ 28 տոկոս, Ռ. Գեւորգյան՝ 21 տոկոս:

Մալաթիա-Սեբաստիա համայնքում ՀՀ պաշտպանության նախարարն իր խաղադրույքն արել է «Ադմիրալի» վրա, որն այս համայնքում ընտրվելու համար ոչ միայն անհրաժեշտ վարկանիշ չունի, այլեւ կապ էլ չունի համայնքի հետ: Նա «կոմիտասցի» է, իսկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում նրա պատվարը ոչ թե տեղի բնակչությունն է, այլ նույն Կոմիտասում հայտնի «հեղինակություն» Հովիկ Շահինյանը: Ինչ վերաբերում է ԵԿՄ-ին, ապա այս կառույցը ձեռնպահ կմնա «Ադմիրալին» պաշտպանելուց: Համենայնդեպս, ԵԿՄ-ն իր վարչության անդամին աջակցելու մասին որեւէ հայտարարություն գոնե առայժմ չի արել: Ի դեպ, ինչպես միշտ, մի կողմից՝ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, մյուս կողմից՝ Աշոտ Աղաբաբյանը եւ Գալուստ Սահակյանը այս ընտրություններում եւս տարբեր ճամբարներում են: Եվ եթե վերջին երկուսը փորձելու են աջակցել «Ադմիրալին», ապա Հակոբ Հակոբյանը, ինչպես նախորդ ընտրություններում՝ այս անգամ էլ կանգնած է գործող թաղապետի կողքին: Ի դեպ, որ այս համայնքում գործող թաղապետն, ըստ էության, լուրջ այլընտրանք չունի, վկայում են նաեւ անցկացված հարցման արդյունքները: Ըստ այդմ, հարցված 1069 բնակիչներից 71 տոկոսը քվեարկելու է Աղվան Գրիգորյանի եւ միայն 1 տոկոսը՝ Սամվել Հովսեփյանի օգտին: Պատճառը ակնհայտ է՝ գործող թաղապետն արդեն երրորդ անգամ է առաջադրում իր թեկնածությունը, իսկ անցած երկու ժամկետներում նրա գործունեությունից բնակիչները ընդհանուր առմամբ գոհ են: Vox populi-ի հարցման արդյունքներով, 68 տոկոսը նրա գործունեությունը գնահատել է լավ կամ շատ լավ:

Նորք-Մարաշ համայնքում գործող թաղապետի հետ հիմնականում մրցակցելու է կապիտան Միքայել Առուշանյանը: Գործող թաղապետը մինչ այս արդեն 2 անգամ ընտրվել է այդ պաշտոնում, եւ մարդիկ, կարծես թե, դժգոհ չեն նրա աշխատանքից: Այդուհանդերձ, Նորք-Մարաշում ՀԺԿ-ն լավ հնարավորություն ունի իր վարկանիշն ու ընտրության պատրաստ լինելու հնարավորությունը փորձարկելու համար:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել