Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիան էլ եմ հայերեն նկարում»

Հունիս 01,2005 00:00

«Ֆրանսիան էլ եմ հայերեն նկարում» Ասում է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը Երեկ Ազգային գրադարանի ընթերցասրահում բացվեց գեղանկարչի անհատական ցուցահանդեսը: Նա ներկայացրել է 2005թ. արված 25 բնանկար: Դրանք հիմնականում «Ահնիձոր», Լոռվա երբեմնի մայրաքաղաք «Հին Թիֆլիս» շարքից էին: Նա նշեց. «Ես նկարել եմ հին Թիֆլիսը: Մեր՝ հայերիս ստեղծած Թիֆլիսը, ոչ թե վրացունը: Ընդամենը մեկ ամիս առաջ»: Ըստ նկարչի, հայաստանյան գույները չքնաղ են. «Դրանց մեղքեր ու գորշություն չպետք է ավելացնել եւ այդ դեպքում նկարը հաստատ շատ ավելի բարի կլինի»: Նիկոլի որոշ գործեր կարծես կանխորոշում էին ապագան: Նրա կտավները «հավաստիացնում» էին, որ մի օր հայերն անպայման կպարեն Արարատի շուրջ կամ շատ շուտով Գյումրին կվերակառուցվի: Նրա գույները անչափ ուրախ են, նույնիսկ ցուրտ, նրա ձյունառատ ձմեռը գունագեղ է: Նկարիչը նշեց. «Երբ նկարում էի Գյումրին, այն շատ տխուր էր եւ իսկապես այնտեղ անտուն հոգիներ էին թափառում: Գյումրի նկարելիս, անկախ ինձնից, արտասվում էի: Սակայն դա չպետք է կերպարվեստում երեւա, դա քո խոհանոցն է: Դու կարող ես տանջվել, տառապել, բայց դրանում դիտողը մեղավոր չէ»: Ըստ Նիկոլի, արվեստի գերխնդիրը պետք է լինի լույս ավելացնելը, քանի որ առանց այն էլ տխրությունն ու թախիծը շատ շատ են: Մեր այն հարցին, թե հայկական բնաշխարհի ո՞ր հատվածում է առավելագույն հետաքրքրությամբ աշխատում, Նիկոլը հիշեցրեց, որ աշխարհահռչակ նկարիչ Սեզանը նստելով մի տեղում եւ այսուայնկողմ շարժվելով, տասը նկար էր անում. «Ես համաձայն եմ նրա սկզբունքի հետ: Մանավանդ Հայաստանում ստեղծագործող մարդու համար բոլոր տեղերում նկարելու բան կա: Միգուցե ես մի քիչ էգոիստ եմ, որովհետեւ իմ ծննդավայրը (Տավուշի մարզի Կողբ գյուղը) ավելի հոգեհարազատ է»: Նկարիչը պատմեց, որ ֆրանսիացիները բողոքում են, թե Ֆրանսիան ինքը նկարում է այնպես, ինչպես Հայաստանը: «Այո, ես իմ տեսած Ֆրանսիան եմ հայերեն նկարում»,- ասել է Ն. Աղաբաբյանը եվրոպացիներին: Երեկվա ցուցադրությանը ներկա բոլոր արվեստագետները միահամուռ կրկնում էին, որ Նիկոլն անչափ աշխատասեր է, «պարզապես անդադար մարդ է»: Սակայն ըստ նրա, դա այդքան էլ ճիշտ չէ. «Միգուցե հնարավոր է մի քանի անգամ ավելի աշխատել, հետեւաբար՝ նաեւ մի քանի անգամ ավելի արարել»: Ըստ նկարիչ Հրանտ Թադեւոսյանի, Նիկոլի աշխատանքներում շատ հուժկու երեւում է «վրձնահարվածների վայրենությունը»: Իսկ ըստ նկարիչ Ֆերդինանտ Մանուկյանի, Նիկոլը Հայաստանի Վան Գոգն է: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել