Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ

Հուլիս 09,2005 00:00

ՆՈՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ Ինչպես տեղեկացրել ենք, վերջերս Հունգարիայի Շիոֆոկ քաղաքում անցկացված բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը գերազանց մրցելույթներ ունեցավ: Կաշվե ձեռնոցի մեր պատանի վարպետներից Ազատ Հովհաննիսյանը նվաճեց իր քաշային կարգում աշխարհի ուժեղագույնի կոչումը, Արայիկ Պուլուզյանը եւ Հայկ Սեդրակյանը արժանացան արծաթե մեդալի, իսկ Սամվել Բարսեղյանը տուն վերադարձավ բրոնզե մեդալով: Բացի դա, մեր հանրապետության ընտրանին ընդհանուր թիմային պայքարում գրավեց երկրորդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանի թիմին: Նման հաջողության մարզաձեւի Հայաստանի ներկայացուցիչները բավականին երկար ժամանակ չէին հասել: Հենց այս հանգամանքն էլ հաշվի առնելով, ինչպես նաեւ շարունակելով վերջին ամիսներին ստեղծված լավ ավանդույթները, երեկ Սպորտպետկոմում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդունեց աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցած Հայաստանի պատվիրակությանը: Նա մեկ անգամ եւս հավաստիացրեց, որ օլիմպիական կոմիտեն ամեն ինչով աջակցելու է միջազգային մրցումներում իրենց լավագույն կողմերով դրսեւորած հայաստանցի մարզիկներին եւ որպես իր ասածների ապացույց՝ հայտարարեց, որ իր հանձնարարությամբ մեդալներ նվաճած պատանի բռնցքամարտիկները այսուհետեւ ամեն ամիս ստանալու են մարզական թոշակ: Բացի դա, նա դրամական պարգեւներ հանձնեց ինչպես մարզիկներին, այնպես էլ հավաքականի ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանին, նրա օգնական Կարեն Աղամալյանին, բռնցքամարտիկների անձնական մարզիչներին, ինչպես նաեւ պատվիրակության կազմում որպես մրցավար Շիոֆոկ մեկնած Սեյրան Ղամբարյանին: Չորս բռնցքամարտիկները նաեւ ստացան մարզական ճամպրուկներ ու մարզազգեստ: Շնորհակալական խոսքում հավաքականի ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը հատուկ ընդգծեց, որ հատկապես վերջին տարիներին, շնորհիվ սպորտի պետական կառույցի ղեկավարի գործադրած ջանքերի, հանրապետությունում արմատապես փոխվել է վերաբերմունքը սպորտի, մարզաշխարհի մարդկանց նկատմամբ: Մասնավորապես, նա նշեց, որ այս հաջողությունը չէր լինի, եթե պետությունը ժամանակին ու լիովին չապահովեր իրենց ներկայացրած նախապատրաստական ծրագրերի իրականացումը: Նա բավարարվածություն արտահայտեց, որ հիմա այդ քաղաքականությունը շարունակում է նաեւ ՀԱՕԿ-ի նոր ղեկավարությունը, իսկ Գագիկ Ծառուկյանը անում է ամեն բան այդ մոտեցումները նոր աստիճանի բարձրացնելու համար: «Այս ամենը պարտավորեցնող է,- ասաց նա,- ու մենք ձգտելու ենք հաջողությունները բազմապատկել: Անկեղծ ասած, նվաճված մեդալները գուցե թե չլինեին, եթե Շիոֆոկում մեր թիկունքում չլիներ պարոն Դերենիկ Գաբրիելյանի եւ Սեյրան Ղամբարյանի ներկայությունը»: Իր հերթին ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, օգտվելով պատեհ առիթից, ջերմորեն շնորհավորեց օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, հանրապետության սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանին՝ օրերս մարզաձեւի Եվրոպական կոնֆեդերացիայի գործկոմի անդամ ընտրվելու առիթով ու նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել