Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Հուլիս 15,2005 00:00

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿՍԿՍՎԻ Երեկ Նոր Նորք համայնքում տեղի ունեցավ «Նոր ժամանակներ» կուսակցության հակահեղափոխական հերթական հանրահավաքը, որը թերեւս ամռան ընթացքում կլինի վերջինը: Կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարեց, որ սեպտեմբեր ամսին տեղի է ունենալու կուսակցության «արտակարգ» համագումարը: «Սեպտեմբերին մենք կունենանք ավելի մեծ պայքարի ալիք, որը դրսի եւ ներսի ուժերի համադրմամբ կբերի հաղթանակ»,- ասաց նա: «Ե՞րբ է գալու ձեր ասած վերջը»,- հանրահավաքի մասնակիցներից մեկի հարցին Արամ Կարապետյանը պատասխանեց. «Երբ 50 հազար մարդ կհավաքվի»: Իսկ երեկվա հանրահավաքը սակավամարդ էր: Անդրադառնալով իր շրջապատի դեմ սկսած արշավին՝ պարոն Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանին խորհուրդ տվեց՝ «Ձեր շրջապատի երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ դեմքերի շրջանում, կառավարությունում եւ ԱԺ-ում փնտրեք: Քանի՞ մականունավորներ կան: Իմ շրջապատում կրիմինալ չկա, մի փնտրեք: Ինչքան էլ խփեք՝ մինչեւ վերջ հավաքվելու եւ հաղթելու ենք»: «Նոր ժամանակները» կոչ է անում բոյկոտել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Կուսակցության անցկացրած հարցումներով, բնակչության 80 տոկոսն անտեղյակ է առաջարկվող փոփոխություններին: Բացի այդ, «Սահմանադրությունը կարող ենք փոխել միայն այն ժամանակ, երբ վստահ լինենք, որ այն կիրառվելու է»: Ի հեճուկս Հայաստանի պորտալարը Ռուսաստանից կտրողների՝ նա պաշտոնապես հայտարարեց, որ իրենց կուսակցությունը Հայաստանի ապագան տեսնում է «ՌԴ-ի գեոքաղաքական դաշտում»: Ի դեպ, այդ հայտարարության ժամանակ հանրահավաքի հրապարակն արդեն լքել էր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանը, որը Նոր Նորքի բնակիչ է: Մինչ կուսակցության ղեկավարի ելույթը՝ երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակի շուրջ իրենց պատկերացումները բարձրաձայնեցին կուսակցության վարչության անդամները: Իսկ կուսակցության համակիր, ուսուցչուհի Անահիտ Քերոբյանը ի թիվս այլ բանաստեղծությունների՝ արտասանեց՝ «Այդ մենք ենք գալիս՝ բոկոտն եւ մերկ…»։ Ի դեպ, երեկ առավոտյան Արտաշատի քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել էին ՆԺ Արտաշատի կառույցի ղեկավար Նշան Ասոյանին: Նրանք թաղային լիազորի ուղեկցությամբ առավոտյան 7-ն անց 30-ին այցելել են Ասոյանի բնակարան եւ տեղեկացրել, որ «պետը հանձնարարել է ձեզ շտապ ներկայացնել իրեն»: Ասոյանը «հարգելով իրենց պագոնները»՝ գնացել է: Արտաշատի քրեական հետախուզության վարչության պետի առանձնասենյակում 25-30 րոպեանոց զրույցի ընթացքում Ասոյանից հետաքրքրվել են՝ «Էս ի՞նչ կուսակցություն է, Արամն ո՞վ է, քանի՞ անդամ ունեք, ռուսամե՞տ եք, թե՞ ամերիկամետ, կուսակցականներն ի՞նչ մասնագիտություն ունեն, նպատակները որո՞նք են, փող ստանո՞ւմ եք կուսակցությունից, դպրոցներին օգնություններ տալի՞ս եք եւ այլն», նրան նույնիսկ սուրճ են առաջարկել: Պարոն Ասոյանի տեղեկացմամբ, երեք օր, առանց հիմնավորման, անջատված է եղեկ կուսակցության գրասենյակի հեռախոսը: Երեկ քրեական հետախուզության վարչության պետի միջնորդությամբ միացվել է: Այս ամենի պատճառը, մեր զրուցակցի համոզմամբ՝ «Ուզում էին վախեցնել, բայց տեսքիս նայեց, ասեց՝ հաջողություն: Իսկ Արտաշատում ժողովրդի մեջ պանիկա քցեցին՝ թե փախեք, շտաբի պետին ծեծել-ջարդել են: Երկու ավտոբուս մարդ պիտի գար էս հանրահավաքին՝ երեք ժիգուլի մարդ եկանք»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել