Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ ՄԻ ԶՍՊՈՒՄ ԵՎ ՀԱԿԱԿՇԻՌ ԷԼ ՉԿԱ»

Օգոստոս 12,2005 00:00

«ՈՉ ՄԻ ԶՍՊՈՒՄ ԵՎ ՀԱԿԱԿՇԻՌ ԷԼ ՉԿԱ» Սահմանադրական փոփոխությունների մասին այս կարծիքին է ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը օրերս հայտարարել էր, թե՝ Սահմանադրության փոփոխություններով ուժեղանում է վարչապետի ինստիտուտը, իսկ նախագահի ինստիտուտը ինչպես չէր գործում, այնպես էլ շարունակելու է անգործ մնալ, եւ որ օլիգարխները վերջնականապես տեր ու տիրական են դառնալու եւ իրենք-իրենցով վարչապետ են նշանակելու: ԱԺ նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանն անդրադառնալով այս գնահատականին՝ ասել էր, թե՝ «ցավալի է, որ նման փաստաթղթի շուրջ այդպիսի ոչ հիմնավոր մեկնաբանություններ են արվում», եւ հավելել՝ «նախագծի նպատակը ոչ թե որեւէ կառույց ուժեղացնելն է կամ թուլացնելը, այլ՝ ներդաշնակ զսպումների եւ հակակշիռների համակարգի ստեղծումը»: «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Տ. Թորոսյանը խեղաթյուրում է ճշմարտությունը»,- երեկ մեր զրույցի ժամանակ հակադարձեց Հմայակ Հովհաննիսյանը: «Նախեւառաջ պետք է ցուցաբերել սթափ վերաբերմունք Սահմանադրության, այսպես կոչված, փոփոխությունների հարցում եւ ազնվություն ունենալ՝ ասելու, որ խոսքը գնում է ոչ թե Սահմանադրության կատարելագործման, այլ, փաստորեն, նոր Սահմանադրության ընդունման մասին, որովհետեւ այն փոփոխությունները, որոնք առաջարկվում են՝ նախատեսում են Հայաստանի կառավարման ձեւի փոփոխություն»,- հայտարարեց ԱԺ պատգամավորը: Իր այս համոզմունքը նա փորձեց փաստարկել՝ համեմատելով գործող Սահմանադրությունն ու առաջարկվող փոփոխությունների նախագիծը: Հ. Հովհաննիսյանի դիտարկմամբ, գործող Սահմանադրությունը մեր երկրում սահմանում է կիսանախագահական կառավարման համակարգ եւ նախատեսում է, որ նախագահը հանդիսանում է գործադիր իշխանության ղեկավար: Պատգամավորի դիտարկմամբ, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով փորձ է արվելու կիսանախագահական համակարգը փոխարինել կիսա-խորհրդարանական կառավարման համակարգով: «Ի՞նչ զսպումների եւ հակակշիռների արդյունավետ կիրառման մասին է խոսքը, եթե առաջարկվող փոփոխությունները ենթադրում են երկրի կառավարման այլ ձեւ, երբ խորհրդարանը նշանակելու է հանրապետության վարչապետին եւ կառավարության անդամներին, իսկ նախագահը դադարելու է լինել գործադիր իշխանության ղեկավար, երբ այդ փոփոխություններով գործադիր իշխանությունը, ըստ էության, չի հակակշռելու խորհրդարանին կամ՝ հակառակը, երբ խորհրդարանի եւ կառավարության փոխհարաբերություններն այլեւս չեն բնութագրվելու որպես իշխանության երկու ինքնուրույն ճյուղերի միջեւ փոխհարաբերություններ: Չնայած սրան, հարգարժան Տիգրան Թորոսյանը փորձում է մեզ համոզել, որ այդ փոփոխություններով նախատեսվում է զսպումների եւ հակակշիռների մեխանիզմի ավելի արդյունավետ սահմանում: Եթե հիմա խորհրդարանը հանդիսանում է կառավարության կցորդը, եւ այդ պատճառով չի գործում զսպումների եւ հակակշիռների մեխանիզմը, ապա փոփոխություններով նույն այս փոխհարաբերություններն օրինականացվելու են, բայց այդ դեպքում կառավարությունը կարող է դառնալ խորհրդարանի կցորդը: Վարչապետն է հանդիսանում գործադիր իշխանության ղեկավարը, նրա որոշումներն այլեւս չեն վավերացվում հանրապետության նախագահի կողմից, ՀՀ նախագահը չի կարող պաշտոնանկ անել վարչապետին: Այս դեպքում ի՞նչ զսպումների եւ հակակշիռների մասին է խոսքը: Սրանք կիսատ-պռատ քաղաքական լուծումներ են եւ իրենց մեջ վտանգ են պարունակում»,- ասաց Հ. Հովհաննիսյանը: Ավելին, նրա համոզմամբ, սահմանադրական փոփոխությունները ենթադրում են ոչ թե քաղաքական պատասխանատվության հստակեցում, այլ՝ հակառակը. «Այս փոփոխությունների արդյունքում քաղաքական պատասխանատվության հարցն ավելի անորոշ է դառնալու, որովհետեւ ժողովրդի կողմից ընտրվող նախագահը գործադիր իշխանության ղեկավար չի հանդիսանում, իսկ վարչապետը նշանակվում է օլիգարխիկ եւ տարբեր ուժեր ունեցող խորհրդարանի կողմից, որոնք հրաժարվում են պատասխանատվություն կրել երկրում վարվող քաղաքականության համար»: Ի դեպ, Հմայակ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ համանման սահմանադրական բարեփոխումներ, որոնք փորձ է արվում իրականացնել Հայաստանում, տեղի են ունեցել նաեւ Մոլդովայում, երբ սահմանադրական հանրաքվեով այդ երկրի կիսանախագահական կառավարման ձեւից անցում է կատարվել խորհրդարանական կառավարման ձեւի: Նրա ասելով, Մոլդովայում այսպիսի փոփոխության առիթն էլ է հայտնի. «Նախագահ Լուչինսկու պաշտոնավարման 2-րդ ժամկետը լրանում էր, եւ որպեսզի պահպանի իր իշխանությունը՝ նա գնաց սահմանադրական փոփոխությունների ճանապարհով»: Հ. Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ մեր այն հարցին, թե ինքն արդյո՞ք կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանն էլ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ է իրականացնում 3-րդ ժամկետում առաջադրվելու համար: «Միանշանակ: Սա շատ նուրբ է արվում: Արժանին պետք է մատուցել Ռոբերտ Քոչարյանին, որ ինքը կարողացավ լավ հաշվարկել ընդդիմության քայլերը: Նա եւ իր թիմը գիտեին, որ ընդդիմությունը տառապում է քաղաքական ռոմանտիզմով եւ անպայմանորեն փորձելու է գնալ երկրի կառավարման ձեւի փոփոխման ճանապարհով, մանավանդ որ՝ տարիներ շարունակ չի կարողացել այլ միջոցներով ձերբազատվել եւ նախորդ, եւ ներկա նախագահներից: Եվ այն ժամանակ, եւ հիմա ընդդիմադիրները խնդիր են դնում Հայաստանում սահմանել կամ խորհրդարանական կառավարման համակարգ, կամ հասնել այն բանին, որ նախագահի ինստիտուտը դառնա զուտ արարողակարգային: Իսկ սահմանադրական այս փոփոխություններով նախագահի ինստիտուտը հենց այդպիսին էլ դառնում է»,- ասաց ԱԺ պատգամավորը՝ հավելելով, թե փոխարենը այդպես էլ չի հստակեցվում քաղաքական պատասխանատվության հարցը եւ չի սահմանվում իշխանության թեւերի փոխադարձ զսպումների եւ հակակշիռների իրական մեխանիզմ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել