Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՔՐԵ՛Ք ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Օգոստոս 27,2005 00:00

ՄԱՔՐԵ՛Ք
ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ «Արդարություն» խմբակցության հուլիսի 15-ի
հայտարարության պահանջներից մեկն էլ ընտրացուցակների վերանայումն է: Սակայն ԱԺԴ նախագահ
Արշակ Սադոյանը բազմիցս հայտարարել է, թե այդ «պահանջը ջուր է լցնում իշխանությունների
ջրաղացին», եւ խմբակցությունում շատերը չեն էլ հասկացել, թե ինչի տակ են ստորագրում.
«Ուղղակի զարմանում եմ: Ստեփան Դեմիրճյանը, օրինակ, գիտեր, թե այդ ցուցակների պատճառով
ընտրություններում ինչ խաղ խաղացին իր գլխին ու դրանից հետո. եթե ուզում է հակառակ
խաղ խաղալու հնարավորություն ստեղծել՝ վերանայելով ցուցակները, ապա չգիտեմ ինչ գնահատական
տալ»,- մի առիթով ասել էր պրն Սադոյանը: Ցուցակները կես միլիոնով կրճատելու պահանջը
գնահատել էր այսպես. «Իշխանությունների համար հեշտ կլինի կեղծել հանրաքվեի արդյունքները,
ուստի դա այլ բան չէ, քան ուղղակի դավաճանություն»: Քանի որ պրն Սադոյանը
այդ հայտարարության հեղինակ էր համարել Շավարշ Քոչարյանին՝ նրանից էլ մեկնաբանություն
խնդրեցինք, թե արդյոք իրո՞ք համարում է, թե ընտրացուցակները վերանայելը հավասարազոր
է դավաճանության: «Համենայնդեպս, այդպես չեն համարում դաշինքի մնացած անդամները:
Հակառակը՝ համարում են, որ դա շատ կարեւոր է: Եվ ոչ միայն այս հանրաքվեի, այլ նաեւ
ապագա ընտրությունների համար,- ասաց պրն Քոչարյանը:- Ավելի՛ն՝ այդ ցուցակների մաքրումը
նաեւ անուղղակի չափանիշ է կեղծիքների այն ծավալի, որոնք իրականացվել են նախորդ ընտրություններում»:
Որ ընտրացուցակների վերանայումը դաշինքում իրոք անհրաժեշտություն է գնահատվում՝
պարզեցինք նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի
հետ զրույցի ընթացքում: «Ես արդար ընտրությունների կողմնակից եմ: Իսկ արդար ընտրություններն
իրենց մեջ չեն պարունակում «մեռած հոգիներ»: Եվ արդար ընտրություններն ապահովվում
են ե՛ւ օրենսդրական դաշտում, ե՛ւ երկրում բնակվող հասարակության իրական քանակությամբ,-
նշեց պրն Սարգսյանը:- Ես շատ կուզենայի Հայաստանի բնակչության ճիշտ թիվն իմանալ,
եւ որ այն չչափվի շաքարավազով կամ ցորենով»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել