Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ»

Օգոստոս 27,2005 00:00

«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ 2-Ն ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՆ Այս մասին ազդարարվեց երեկ՝ Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Սահմանադրության փոփոխությունների նախագծին՝ օգոստոսի 29-ին երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: Թեեւ փաստաթուղթը միայն նախօրեին՝ աշխատանքային օրվա ավարտին էր վերջնական տեսքի բերվել ու տրամադրվել հանձնաժողովականներին: Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները (հանձնաժողովի ընդդիմադիր անդամները չէին մասնակցում նիստին) հավանություն տվեցին նաեւ սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման հատուկ ընթացակարգի եւ Հանրային հեռուստատեսությամբ նստաշրջանի հեռարձակման մասին որոշման նախագծին: Սրա առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ելույթի հնարավորություն է ընձեռվելու նաեւ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցչին: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը հանգամանալից պարզաբանումներ ներկայացրեց ընդդիմության առաջարկների վերաբերյալ: Նախ նշեց, թե «Ազգային միաբանությունը» հանձնաժողովի նիստը սկսվելուց մի քանի րոպե առաջ պաշտոնապես ներկայացրել է մի նամակ, որտեղ նշվում են իրենց առաջարկությունները նախագծի վերաբերյալ: Խմբակցությունն առաջարկում է բարեփոխումների փաթեթում ներառել դրույթ, ըստ որի փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելուց հետո դադարում են ԱԺ լիազորությունները եւ նշանակվում արտահերթ ընտրություններ: Ըստ «ԱՄ»-ի, դրանից հետո ձեւավորվում է նոր կառավարություն, 50 օրից դադարեցվում են նախագահի լիազորությունները, եւ նշանակվում արտահերթ նախագահական ընտրություններ: Առաջարկը հիմնավոր է մասնավորապես այն պատճառով, քանի որ այս նախագիծն ընդունվելու դեպքում էապես փոխվելու են պետական այս 3 մարմինների լիազորությունները: Սակայն Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, թե եզրափակիչ դրույթների համաձայն՝ ընտրովի մարմինները պիտի ավարտեն իրենց լիազորությունները, եւ դրանից հետո միայն՝ այս փոփոխությունների հիման վրա կձեւավորվեն նոր մարմիններ: Մեկ այլ խնդիր էլ կարեւորեց. «Չմոռանանք, որ խորհրդարանի հերթական, հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու 2007-ի կեսին: Անկեղծ ասած, կարծում եմ, ժամանակը, որ կմնա իսկապես լիարժեք, բոլոր միջազգային չափանիշներին բավարարող ընտրությունների նախապատրաստվելու ու անցկացնելու համար՝ այն է, ինչ կլինի այս սահմանադրական փոփոխություններից հետո»: «Արդարություն» խմբակցության 5 հիմնական առաջարկների առնչությամբ, որոնք փոխանցվել էին ԵԽԽՎ նախագահին՝ Տիգրան Թորոսյանն ասաց, թե դրանցից 2-ին նախագծում տրվել է լիարժեք լուծում: Դրանք վերաբերում են կառավարության կառուցվածքը օրենքով, այլ ոչ թե երկրի նախագահի հրամանագրով սահմանելուն, ինչպես նաեւ վարչապետի նշանակման ընթացակարգին: Մասնավորապես, նախագծում ամրագրվել է, որ երկրի նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների բացարձակ մեծամասնության կամ հարաբերական մեծամասնության վստահությունը վայելող անձին: Ինչ վերաբերում է «Արդարության» մյուս 3 առաջարկներին՝ նախագահի կողմից մարզպետներին նշանակելու իրավասությունը բացառելու, նրա կողմից դատավորների նշանակման կարգը վերանայելու, նաեւ՝ Երեւանի քաղաքապետի ուղղակի ընտրությունների վերաբերյալ, ըստ Տիգրան Թորոսյանի, դրանք «ունեն լուծումներ, որոնք օրենքով են կարգավորվում»: Միջանկյալ նկատենք, թե ընդդիմությունը շարունակում է պնդել, որ նշված հարցերը պետք է կարգավորվեն Սահմանադրությամբ: Հանձնաժողովի աշխատանքներին ուշացումով մասնակցեց նաեւ Արշակ Սադոյանը, որը նիստի մասին տեղեկացել էր միայն լրագրողներից: Հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, թե «Արդարություն» խմբակցությանը նախօրեին տեղեկացրել է նիստի մասին. «Այնպես որ՝ եթե Ձեզ չեն տեղեկացրել, խնդրում եմ, ինձ չներկայացնեք այդ հարցադրումները»: Արշակ Սադոյանը փորձեց պարզել դեռ հունիսի 15-ին ներկայացված իր 64 առաջարկների ճակատագիրը. բողոքեց, թե իրեն երբեք չեն հրավիրել դրանց քննարկմանը: Սակայն Տիգրան Թորոսյանը հայտնեց, թե Սադոյանի առաջարկներից մի քանիսն ընդունվել են: Խոսքն, ասենք, նախագծում նման դրույթներ ներառելու մասին էր. «Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային եւ այլ խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում՝ դատարանի որոշմամբ»: Եվ այսպես, Սադոյանի 4 առաջարկներ ընդունվել են մասնակիորեն, 3-ը՝ լիովին: Արշակ Սադոյանն այս նիստում նաեւ փորձեց ստանալ իր մշտապես հնչեցվող հարցի պատասխանը, որ եթե անընդհատ հայտարարվում է, թե Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում 3-րդ անգամ առաջադրվել՝ ինչո՞ւ չի ընդունվում իրենց առաջարկը. «Սահմանադրության 50 հոդվածում ավելացնել ընդամենը 3 բառ՝ 3-րդ անգամ նույն անձը չի կարող առաջադրվել նախագահի թեկնածու՝ անկախ սահմանադրական փոփոխություններից: Ընչի՞: Քանի որ կարող է եւ օգտագործվե՞ն սահմանադրական փոփոխությունները: Դրա՞ համար, որ տեղ թողնեք»: Պատասխանը միայն այս էր՝ թե առաջարկներ ընդունող-չընդունողն այս հանձնաժողովը չէ, այլ նախագծի հեղինակները: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել