Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՄՕ-ին «քաշել են»

Օգոստոս 30,2005 00:00

ԲԱՄՕ-ին «քաշել են» Կարծում է Խորեն Թռչունիչը Իբրեւ կոմունիստ՝ Խորեն Սարգսյանը սկզբունքորեն դեմ է հանրապետությունում ընթացող սեփականաշնորհման գործընթացին: Եթե մի կերպ ընդունում է փոքր օբյեկտների սեփականաշնորհումը, ապա որեւէ արդարացում չի գտնում խոշոր, այն էլ ռազմավարական նշանակության օբյեկտների սեփականաշնորհման գործընթացում: Ավելին, դա որակում է հանցագործություն՝ իշխանությունների կողմից՝ ընդդեմ ժողովրդի: Այդպիսիք են Կոնյակի գործարանի, «ԱրմենՏելի», օդանավակայանի, բաշխիչ ցանցերի գործարքները: Խորեն Սարգսյանը կարծել է, թե մինչ օրս եղած վաճառքներով՝ «թեման փակվում» է: Բայց կառավարությունը փայլատակեց ու գտավ. վաճառվեց Մարզահամերգային համալիրը: Թռչունիչին մեկ զայրացնում, մեկ հուսադրում է այս փաստը: Զայրացնում է, որ վաճառել են: Հուսադրում է, որ հայի են վաճառել: Ամեն դեպքում նա համոզված է, որ գնորդը չի կարողանա ներդրած գումարները ետ ստանալ, ուր մնաց՝ շահույթ: «Այստեղ երկու բան կա. ի՞նչ նպատակով է ներդրում կատարվում՝ ազնի՞վ, թե՞ անազնիվ: Եթե զուգահեռներ եմ անցկացնում մինչ այդ եղած վաճառքների մեջ, այնքան անազնվություններ եմ տեսնում, որ ազնիվ նպատակն ինքնըստինքյան կասկածի տակ է առնվում: «ԱրմենՏելը», Կոնյակի գործարանը, օդանավակայանը, որ ինչ-որ «յան»-ով ազգանունով մեկին վաճառեցին՝ հաջորդ օրվանից սկսած շահույթ են ստացել: Մարզահամերգային համալիրը բավականին ծախսատար է, 25-30 տարուց կամ կհաջողի ներդրումները վերադարձնել, կամ՝ ոչ: Իմ պատգամավոր եղած շրջանում ոչ մի կոպեկ չի դրվել այդ կառույցի վրա: Ոչ թե ցանկություն չկար, այլ հնարավորություն չկար: Այդ շենքը պահելու համար հսկայական գումարներ են պետք»: Մարզահամերգային համալիրի վաճառքի այս ողջ գործընթացում, սակայն, մեր զրուցակցին առավել անհանգստացնում է հետեւյալը. «Սովորաբար, եթե որեւէ օբյեկտ սեփականաշնորհվում է, անկախ նրանից կառավարությունն այդ գործարքը գաղտնի է անում, թե ոնց, հարցը պետք է մտնի ԱԺ, ստանա խորհրդարանի թույլտվությունը, նոր վաճառքի ձեւակերպումները կատարվեն: Ես չգիտեմ՝ սա գնողի միամտությո՞ւնն է, թե՞ կառավարության աֆերիստությունը, բայց առանց ԱԺ-ի որոշման օտարել Մարզահամերգային համալիրը, մեղմ ասած, ներդրողին քաշելու ամենալավ ձեւն է»: Այս պատմության մեջ լույս էլ կա. «Միակ ուրախությունն այն է, որ ներդրողը Ռուսաստանում իր աշխատած գումարները Հայաստանում է ներդնում: Սովորաբար հակառակն է, մեր ղեկավար հարուստներն իրենց կոպեկն այստեղ չեն դնում, դրսում են գործ դնում»: «Գնորդը (մոսկվաբնակ բիզնեսմեն Մուրադ Մուրադյանը.- Ն. Գ.) մարտունեցի է,- շարունակեց Խորեն Թռչունիչը,- իմ հող ու ջրի մարդ, որին բնավ չեմ ճանաչում: Բայց տպավորություն է ստեղծվում, որ մարտունեցիները միայն մշակույթ քանդող են: Եթե ուրիշ բան չասեմ, ամեն մի հայ ընտանիքում, բոլոր բեմերից լսում ենք Հայրիկ Ղազարյանի երգերը: Նա էլ է մարտունեցի ու մշակութային, ազգային արժեք է մեզ համար»: Այնպես որ, Թռչունիչը այս առիթով արտահայտվողներին հորդորում է զգույշ լինել արտահայտություններում: Եվ՝ «Ուրախ եմ, որ մարտունեցին է գնել, որովհետեւ մարտունեցու գնածը հայ ժողովրդինն է, արտասահմանցու գնածը դժվար թե հայինը լինի: Եթե դրա մեջ օգուտ լիներ՝ արտասահմանցու բաժին կդառնար»,- ասում է նա: «Առավոտի» տարակուսանքին՝ ո՞րն է երաշխիքը, որ ներդրողի մղումներն իսկապես ազնիվ են, մեր զրուցակիցն իբրեւ մարտունեցի, նախ վկայակոչեց իր համերկրացիների բնույթը. «Խոսքի տեր մարդիկ են: Եթե խոստացել է, որ դա պետք է շարունակի ծառայել մշակութային օջախ, ուրեմն վիճելու առարկա չէ: Ես ինչ հիվանդությամբ էլ տառապեմ, երեւի մի տասը տարի կապրեմ: Այն ժամանակ էլ կխոսենք: Միայն տա Աստված, որ գնորդը չխաբվի ու չհիասթափվի»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել