Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀ

Սեպտեմբեր 02,2005 00:00

ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼԸ ՆՎԻՐԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ Է Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանի 1450 դպրոցներում, 17 պետական բուհերում եւ 81 միջին մասնագիտական հաստատություններում իրենց նոր ուստարին սկսեցին 500 հազար աշակերտներ, 60 հազար ուսանողներ, քոլեջների 30 հազար սաներ: Մենք եղանք մի քանի դպրոցներում՝ զրուցելու առաջին դասարանցիների տպավորությունների եւ դպրոցից սպասվող ակնկալիքների մասին: Նրանցից շատերը պատկերացում էլ չունեին, թե ուր են եկել: Ծնողներն ասում էին, որ շնորհիվ մանկապարտեզների եւ մասնավոր քոլեջների, հիմա ավելի հեշտ են երեխաները հարմարվում դպրոցական կյանքին: Թելմանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցի 36 հոգուց բաղկացած դասարաններից մեկում միայն փոքրիկ Գոռը չէր ցանկանում դպրոց գալ, քանի որ այսուհետեւ կրճատվելու էին նրա բակում խաղալու ժամերը: Եվս երկուսն էլ լաց էին լինում՝ չհամակերպվելով առանց հայրիկի դասի նստելու մտքին: Երեխաները դպրոցական առաջին օրը պատրաստվում էին միայն հինգերով տուն գնալ: Թիվ 98 դպրոցի առաջին դասարանցիներից Հարությունը «Առավոտին» պատմեց, որ ծնողները նրան չէին ցանկանում այս տարի դպրոց բերել, քանի որ դեռ 6 տարեկան չկա. «Բայց ես շատ էի ուզում, որովհետեւ մեծ քույրս ու եղբայրս արդեն դպրոցական են: Ես համոզված եմ, որ լավ եմ սովորելու, հաստատ գերազանցիկ կլինեմ»: Երեխաներից շատերը արդեն որոշել են, թե ինչ են անելու դպրոցն ավարտելուց հետո: Թելմանցի նորաթուխ աշակերտներից Արմանը հաստատ համոզված էր, որ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո Գերմանիա է մեկնելու, իսկ փոքրիկ Զառան որոշել էր դպրոցից հետո «ինստիտուտ» գնալ ու բժիշկ դառնալ: Երեխաների մի մասն էլ երազում էր վարսավիր, ուսուցիչ դառնալ, սակայն մեր անցկացրած հարցումներից պարզեցինք, որ այս ուստարվա առաջին դասարանցիների ամենանվիրական երազանքը նախագահ դառնալն է: Երբ թիվ 13 դպրոցի 36 առաջին դասարանցիներին հարցրինք, թե ո՞վ է ուզում նախագահ դառնալ, գրեթե ամբողջ դասարանը միահամուռ բացականչեց՝ «Ե՜՜ս»: Դպրոցներում կատարած մեր շրջայցից ուշագրավ էր բարձր դասարանցիների հագուկապը՝ հատկապես աղջիկներինը: Թեեւ սեւ ու սպիտակ էին հագել, բայց ժամանակակից դրսեւորումներով ու բարձրակրունկ կոշիկներով: Նրանցից շատերն օրվա առիթով գեղեցկության սրահներ էին հաճախել, հարդարել էին ոչ միայն մազերը, այլ նաեւ մշակել հոնքերը: Իսկ բջջային հեռախոսների ձայները լսվում էր ամենուր: Որոշ դպրոցներում, ըստ մեր անցկացրած հարցումների, տնօրենը թույլատրում է բջջային հեռախոս ունենալ միայն բարձր դասարաններում: Որոշ «անհանգիստ» ծնողներ էլ անհրաժեշտ էին համարում հեռախոսը՝ թեկուզ տարրական դասարաններում: Առաջին դասարանցիները դեռ միմյանց չէին ճանաչում, սակայն ծնողներին խնդրում էին առաջիկայում գնել այս կամ այն դասընկերոջ հագուստից, պայուսակից, գրենական պիտույքներից եւ այլն: Այս իրավիճակից դժգոհում էին նաեւ ծնողները, սակայն պնդում էին, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի երեխան ոչնչով չզիջի դասընկերներին: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել