Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Սեպտեմբեր 13,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ երեսուներորդ Գլուխ երեսունմեկերորդ Գլուխ երեսուներկուերորդ ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ Գոքորն ու իր երկու ընկերները յոթանասունականների վերջերին ամուսնացան, եւ էդպիսով դադարեցին իրենց էդ ավտոշքերթները: Նրանք տարբեր տեղեր աշխատանքի անցան եւ այլեւս թաղումներին ու հարսանիքներին միասին ու միասնական չէին հայտնվում, մանավանդ որ՝ առիթներն էլ էին պակասել, քանի որ մորս հորաքրոջ որդի Ավթանդիլյան Սերգեյին արդեն աշխատանքից ազատել էին ոչ միայն ռեգուլյար խմելու պատճառով, այլեւ էն պարզ պատճառով, որ մորս հորաքրոջ որդի Ավթանդիլյան Սերգեյը, ի տարբերություն ռայկոմների մնացած քարտուղարների, ոչ միայն չափազանց կարդացած ու չափազանց սկզբունքային անձնավորություն էր, այլեւ, որ ամենակարեւորն էր, կաշառք չէր վերցնում: Իմ քեռի Գոքորն ու իմ քեռի Ֆրեդն իրարից շատ էին տարբեր հենց թեկուզ էն առումով, որ եթե Գոքորն ապրելու իր հիմնական ժամանակն անցկացնում էր իր ավտոմեքենայի մեջ, ապա Ֆրեդն ամենից շատ հենց ավտոմեքենայից էր զգուշանում, եւ դուք արդեն գիտեք, որ մշտապես ավտոմեքենայից զգուշանալն իմ քեռի Ֆրեդին չփրկեց ահավոր ավտովթարից: Ինչ վերաբերում է Գոքորին, իր կյանքի երկրորդ կեսը միանգամայն տարբեր ստացվեց առաջինից, եւ ինքն արդեն միանգամայն ձեռնպահ է թաղումներից ու հարսանիքներից եւ մայրաքաղաքային աղմուկներից վերջնականապես հեռանալով՝ Ստեփանավանի մատույցներում մի քանի հազար մետր հող է ձեռք բերել եւ էնտեղ ապրում ու ֆերմերություն է անում ու, ասում են, ահագին կովեր, խոզեր, ճագարներ եւ այլ կենդանիներ ունի, ու նաեւ ասում են՝ հավատացյալ է դառել, ու էս ամենն ուրիշներից լսածս է, որովհետեւ Գոքորը, Երեւանում ու Մետաքսում ծնված ու ապրած լինելով, այլեւս Երեւան չի գալիս նույնիսկ թաղումների ու հարսանիքների առիթներով. երեւի մտածում է, որ թաղումների ու հարսանիքների լիմիթն ինքը վաղուց է սպառել: Իմ քեռի Գոքորին շրջապատն ու լավ տղերքը հիմնականում Գոքոր էին ասում, տնեցիները՝ հիմնականում Գիքոր, եւ հիմնականում մայրս էր իրեն Գրիգոր ասում, եւ իմ քեռի Գիքորը, ի տարբերություն աշխարհի մյուս Գիքորների, ոչ թե գյուղից քաղաք գնաց, այլ ճիշտ հակառակը՝ քաղաքից գյուղ: Իրինան երեւի Գոքորին ու Երեւանին շատ թունդ էր սիրահարվել, ու երեւի իրեն որ մնար՝ Մոսկվա չմեկներ էլ, ու երեւի էդ չուզենալով մեկնելն էր պատճառը, որ մերթընդմերթ պայուսակից հանում էր թաշկինակը, կարմրած աչքերն ու քիթուբերանն էր սրբում, ու հետո, երբ արցունքները վարարեցին, Իրինան թաշկինակն այլեւս պայուսակը չդրեց ու արդեն բռի մեջ էր պինդ պահում ու չնայած ահագին լացել էր, եւ աչքերն ու դեմքն էլ կարմրած էին, ինքն իր էդ վիճակում էլ սիրուն ու չքնաղ էր ու կաշվե թեթեւ բաճկոնի տակից չափազանց թեթեւ շրջազգեստ էր հագած, ու ոտքերն էլ չափազանց երկար ու անհավանական սիրուն էին, ու որ ինքը նստեց, նստած վիճակում ոտքերն ավելի երկարեցին ու ավելի սիրունացան, ու ես աչքի պոչով իր երկար ու սիրուն ոտքերին էի նայում, որովհետեւ չնայելն ուղղակի անհնար էր, ու սրահի ողջ ժողովուրդն էլ էր նույն պատճառով իր ոտքերին նայում, ու Վալերն էլ էր նույն բանն անում, ու ինձ պես երեւի Վալերն էլ էր մտովի Գոքորի էս Իրինային աժդահա Լարիսա Իվանովնայի հետ համեմատում, եւ Իրինային Կարավանի ու Շկարուպետայի աղջկերքի հետ համեմատելն էր անգամ անմտություն, ու էդ համեմատությունից մեր բանակային կյանքի ողջ խեղճությունն անմիջապես ի հայտ էր գալիս, եւ եթե Իրինայից մենակ ոտքերը տեսած լինեինք, էլի վստահորեն կարող էինք պնդել, որ դրանց տերը տեղացի չի, որովհետեւ էդ թվերին էդքան ուղիղ, էդքան երկար ու էդքան սիրուն ոտքեր միայն ռուսաստաններից էր հնարավոր ներկրել: Այդուհանդերձ, Իրինան Երեւանում այլեւս անելիք չուներ ու երեխայի պես հոնգուր-հոնգուր լաց էր լինում, որովհետեւ, ըստ երեւույթին, բոլորից լավ էր զգում ու հասկանում, որ ինքը Երեւանում բացարձակապես անելիք չունի, ու էդ բանը միայն ե՛ս էի իրենից լավ հասկանում ու գիտակցում, որովհետեւ Իրինան իրավանախորդ Անժելա էր ունեցել, ու էդ Անժելան էլ էր ճակատագրի դաժան կամքով ռուս ու Գոքորի կարծիքով՝ հրեա, ու մերոնք բոլորն էլ հավասարապես ու կտրականապես էին դեմ Գոքորի ու էդ Անժելայի ամուսնությանը, չնայած մերոնք բոլորն էլ երեսունին ընդհուպ մոտեցած Գոքորի ամուսնությունն էին փափագում, բայց, փափագելով հանդերձ, մերոնք բոլորն էլ հավասարապես ու կտրականապես էին դեմ, որ հարսնացուն ռուս լինի, եւ երբ Գոքորն Անժելայի մեղքը թեթեւացնելով՝ ասում էր, որ էդ աղջիկը ոչ թե ռուս է, այլ՝ հրեա, իմ քեռի Ֆրեդն անմիջապես ասում էր. «Ավելի վատ քու համար»: Ես էդ ողջ պատմությունն արդեն գիտեի, բայց դեռեւս չգիտեի, որ Գոքորն էս Իրինային էլ է տուն տարել ու տնեցիներին ցույց տվել, ու տնեցիներն արդեն էս մեկին էլ էին կտրականապես ու միասնական մերժել, ու չնայած ռեգիստրացիայի սրահում էդ մասին դեռեւս որեւէ բան չգիտեի, բայց Իրինայի ճակատագիրն ինձ համար արդեն իսկ պարզից էլ պարզ էր: Երբ Գոքորը տեղեկատու խցից դուրս եկավ, Մոսկվայի ռեյսի ռեգիստրացիան արդեն սկսվել էր: Այդուհանդերձ, Իրինան կարմրած աչքերով դեռեւս հանգիստ նստած էր ու երեւի մտքի մեջ շատ էլ ուզում էր, որ ռեգիստրացիան պրծնի, ու ինքը Երեւանում մնա, բայց, Իրինայի չար բախտից, Գոքորը մանավանդ էն թվերին հեչ էն տղեն չէր, ում ընկերուհուն կարենային ռեյսից հետ գցել: Երբ Գոքորը տեղեկատու խցից դուրս եկավ, ես իրեն տեղեկացրի, որ Մոսկվայի ռեյսի ռեգիստրացիան արդեն սկսվել է, եւ Գոքորն ասաց. – Իրա պասպորտն ու տոմսն իրանց եմ տվել. առանց մեզ էլ իրա ռեգիստրացիան կանեն: – Ձերոնց զանգեցի՞ր,- հարցրի ես: – Հա՛, հազիվ ընկա,- ասաց Գոքորը.- ժամերով էդ անտեր հեռախոսը զանիտ անելն արդեն խասյաթ են դարձրել: – Ո՞վ,- հարցրի ես: – Մերոնք,- ասաց Գոքորը:- Ընենց են անելու, որ էդ հեռախոսը ոնց որ քաշել եմ տվել, ըտենց էլ էլի անջատել տամ: – Հեռախոս եք քաշե՞լ,- զարմացա ես: – Հա, էս մի ամիս կըլնի,- ասաց Գոքորը:- Սաղ քուչեն ընդամենը չորս տուն հեռախոս ունեն՝ մեկը մերն ա: – Լավ ա, որ հեռախոս եք քաշել,- ասացի ես: – Բայց էրեւում ա՝ էլի անջատել եմ տալու,- ասաց Գոքորը.- փաստորեն ինձանից բացի՝ էդ հեռախոսից սաղ օգտվում են: – Իրանց ասեցի՞ր, որ ինձ տեսել ես,- հարցրի ես: – Հա,- ասաց Գոքորը:- Մինչեւ իրանք տեղներից իրար գան, մենք իրանցից շուտ ձեր տուն հասած կըլնենք: Քիչ անց բարձրախոսը հայտարարեց, որ Մոսկվայի ռեյսի ռեգիստրացիան ավարտվել է, եւ ուղեւորները հրավիրվում են թռիչքի: Գոքորը մոտեցավ ռեգիստրացիայի աշխատողին, նրանից Իրինայի անձնագիրն ու տոմսը հետ ստացավ, հետո Իրինայի հետ մոտեցան դեպի թռիչքուղի տանող դռանը, դռանը չհասած մի պահ կանգ առան, փաթաթվեցին, համբուրվեցին, եւ իմ քեռի Գոքորի ու Իրինայի կատարմամբ էդ համբույրն ամենեւին չէր զիջում մեր տեսած ֆիլմերի հերոսների համբույրներին, ու, մինչ իմ քեռի Գոքորի ու Իրինայի էդ երկարաշունչ համբույրը կավարտվեր, ես ու Վալերը մի վերջին անգամ հիացանք Իրինայի չափազանց երկար ու չափազանց զգլխիչ ոտքերով, ու ես ներքուստ հպարտ էի, որ էդ տեսարժան արարածն իմ քեռի Գոքորի սեփականությունն է, որին, փաստորեն, բոլորի հայացքներն էին գամված, ու առավել եւս՝ իմ ու Վալերի չտես հայացքները, ու էդպես Իրինային չտեսի պես նայելը հատկապես ինձ ու Վալերին էին ներելի, որովհետեւ մեր մի ամբողջ տարվա տեսածը Լարիսա Իվանովնան էր, նրան էլ գումարած՝ իր ու Շկարուպետայի բարձրդասարանցի աղջկերքը, ու մեկ էլ՝ բանակում դեպքից դեպք մեր տեսած սիրային ֆիլմերի հերոսուհիները, որոնք մեզ համար նույնքան անհաս էին, ինչքան՝ Կարավանի ու Շկարուպետայի անչափահաս աղջկերքը: Երբ Գոքորն ու Իրինան համբուրվեցին պրծան, Գոքորը նրան կիսագրկած՝ դեպի թռիչքուղի տանող դռնով մինչեւ վերջ խորացավ ու ահագին ժամանակ անց միայն վերադարձավ եւ երբ մեզ ասաց՝ «պոկվա՛նք, տղե՛րք», Մոսկվա թռչող ինքնաթիռի շարժիչների հռնդյունն արդեն սկսվել էր: Երեւանն ամբողջովին լույսերի մեջ էր, ու բանակիցս հետո էդ լույսերն աչքիս ավելի ու ավելի էին շատացել, ու մենք իմ քեռի Գոքորի դեղին «Զրո վեցով» ճեղքում էինք լույսերի էդ անծայրածիր ծովն ու հաճելիորեն քսվում էինք ալիքներին, ու երկար ժամանակ լուռ էինք, ու Գոքորը տխուր էլ էր, եւ լռությունն ու տխրությունն իմ քեռի Գոքորին հեչ չէին սազում, ու իր էդ պահի տխրությունը հաստատ Իրինայի հետ էր կապված, ու էդ պահին Գոքորը հաստատ իր կյանքի ու իր սիրո մասին էր մտածում, բայց, իր կյանքի ու իր սիրո մասին մտածելով, հընթացս նաեւ զգում ու հասկանում էր, որ ես ու Վալերը Երեւանը կարոտել ենք, ու էդ բանն զգալով ու հասկանալով՝ ինքը «Հաղթանակի» կամրջից հետո ոչ թե ուղիղ շարունակեց, այլ դիտմամբ ճանապարհը երկարացնելով՝ լույսերի ուղղությամբ մտավ պրոսպեկտ ու հետո հրապարակում մի ավելորդ պտույտ կատարելով՝ շրջվեց ու Վալերին հարցրեց. – Սարի թաղի ո՞ր մասն ենք էթում, ապե՛: – Մաքսիմ Գորկու ամենավերջը,- ասաց Վալերը: – Գագոյենց տների մո՞տ,- հարցրեց Գոքորը: – Ո՞ր Գագոյենց,- հարցրեց Վալերը: – Ադիբեկենց,- ասաց Գոքորը: – Հա,- ասաց Վալերը.- մերը հենց Ադիբեկենց դեմի տունն ա: – Բա խի՞ չէիր ասում, ա՛յ Վալեր,- զարմացա ես.- Ադիբեկենց Աշոտի հետ Նալբանդյանում մի դասարան ենք սովորել: – Ես ի՞նչ իմանայի, որ Աշոտի հետ ես սովորել,- ասաց Վալերը: Գոքորը Գնունիով շարունակեց ու Նար- Դոսից մտավ Սարի թաղ, ու չնայած Սարի թաղում լույսերը քչություն էին անում, Գոքորն էդ մութ տեղերով ավելի հանգիստ ու ավելի ինքնավստահ էր առաջանում, որովհետեւ էդ տեղերն իր անգիր իմացած տեղերն էին: Երբ Վալերենց դռան մոտ Գոքորը կանգ առավ, եւ երբ Վալերն ուզում էր մեքենայի դուռը բացել, Գոքորն ասաց. – Դու մի՛ իջի, ապե՛. ես սիգնալ կտամ՝ թող ձերո՛նք դուս գան: – Լավ,- ասաց Վալերը: – Գոքորը մեքենայի առաջի լուսարձակները միացրեց, սիգնալը քոքեց, ու քիչ անց Վալերենց տնից մի քանի հոգի անհանգստացած դուրս թռան: Վալերը մորը որ տեսավ, չդիմացավ ու մեքենայից դուրս թռավ: Իր հետեւից նաեւ ես ու Գոքորն իջանք: Գոքորը մեքենայի լույսերը վառ էր պահել, ու Վալերի հարազատների աղաղակների վրա ողջ հարեւանությունը տներից դուրս թռավ: – Երբ Վալերն արդեն կտրվել էր մոր գրկից, ինձ ներկայացնելով՝ մորն ասաց. – Ծանոթացի՛, մա՛մ, Արմո՛ն ա: – Նկարիչն ա, չէ՞,- ինձ համբուրելով՝ ասաց Վալերի մայրը: – Հա՛,- ասաց Վալերը: – Վալերս քո մասին շատ ա գրել, բալե՛ս,- ասաց մայրը: – Շատ ուրախ ենք, Արմո՛ ջան,- ձեռքս սեղմելով՝ ասաց Վալերի հայրը: – Աչքներս ջուր դառավ, ա՛յ բալա,- լացակումած ասաց մայրը.- ինչի՞ նախօրոք խաբար չէիր անում, որ էսօր գալու եք: – Մե՛նք էլ մեր գալու օրը հաստատ չէինք իմանում, մա՛մ,- ասաց Վալերը: Ձայների վրա դուրս եկավ Ադիբեկենց Գագոն: Նա նախ Գոքորին բարեւեց ու համբուրեց, հետո նոր՝ Վալերին: Գագոյի հետեւից իր փոքր եղբայրը՝ իմ համադասարանցի Աշոտը դուրս թռավ եւ Աշոտը նախ ինձ փաթաթվեց ու համբուրեց, հետո նոր՝ Գոքորին ու Վալերին: Աշոտից հետո մեկն էլ ինձ գրկեց ու երկար ժամանակ բաց չէր թողնում, ու ես ահագին ուշացումով ճանաչեցի Պարգեւին, որ սպորտային համազգեստով ու չստերով էր: Շուտով ողջ թաղը Վալերենց դռանն էր, ու գրեթե ողջ ջահելությունը Վալերին փաթաթվելուց ու համբուրելուց հետո գալիս ու, փաստորեն, ներկայանում էր Գոքորին, ու Գոքորին արդեն կալմեջ էին արել, ու էնպիսի տպավորություն էր՝ ասես ոչ թե մենք էինք բանակից վերադարձել, այլ՝ իմ քեռի Գոքորը: Վալերի ծնողներն, իհա՛րկե, մեզ շատ համոզեցին, որ տուն մտնենք, բայց Գոքորն իրենց բացատրեց, որ ես էլ սպասողներ ու կարոտածներ ունեմ, եւ երբ արդեն նստում էինք մեքենան, նկատեցի, որ Վալերի փոքր եղբայրն ակնածանքով ու գորովանքով Գոքորի մեքենայի հետեւի երեսուներեքներին է նայում. երեւի ներքուստ հպարտ էր, որ իր մեծ եղբայրը Գոքորի հանրահայտ «Զրո վեցով» է բանակից վերադարձել: Երբ մոտեցանք Կրիվոյի մեր շենքին, Գոքորն ասաց. – Դու ներքեւը կսպասես, ես կբարձրանամ՝ դուռը կծեծեմ: – Ոնց որ ուզում ես, Գոքո՛ր ջան,- ասացի ես: Գոքորը մեքենան կանգնեցրեց մեր մուտքի մոտ, ինքն աստիճաններով բարձրացավ, իսկ ես կանգնած մնացի ներքեւում ու Գոքորի թակոցները շատ պարզ էի լսում, որովհետեւ մեր տունը երկրորդ հարկում էր: Երբ մեր դուռը բացվեց, լսվեց մորս ձայնը. – Գրիգո՞ր, խեր ըլնի, հո բան-ման չի՞ պատահել: – Արմենը չի էկե՞լ, Սե՛դ,- հարցրեց Գոքորը: – Չէ,- ասաց մայրս:- Գրել ա, որ էսօր կամ էգուց պիտի գա: Չգիտենք՝ էսօ՞ր պիտի գա, թե՝ վաղը, ինքնաթիռո՞վ պիտի գա, թե՞ գնացքով: – Բաքվի սամալյոտի լյոչիկն ինձ զանգեց ասեց, որ Արմենը սամալյոտի մեջ ա,- ասաց Գոքորը: – Հաստա՞տ,- ճչաց մայրս: – Ես էթամ իրան դիմավորեմ,- ասաց Գոքորը.- սամալյոտն ուր-որ ա՝ պասադկա կանի: – Դու ավտոյով ե՞ս,- հարցրեց մայրս: – Հա,- ասաց Գոքորը: – Ես էլ հետդ գա՞մ,- հարցրեց մայրս: – Ոնց կուզես,- ասաց Գոքորը: – Դե մի րոպե սպասի՝ շորերս փոխեմ,- ասաց մայրս: Երբ մայրս գնաց, լսվեց հորս ձայնը: – Գիքո՞ր, էս խի՞ ներս չես գալի,- ասաց հայրս: – Սեդային եմ սպասում,- ասաց Գոքորը:- Էթում ենք Արմենին դիմավորենք. ուր-որ ա՝ Բաքվի սամալյոտը պասադկա կանի: – Բա ի՞նչ գիտես, որ ինքն էդ սամալյոտի մեջ ա,- հարցրեց հայրս: – Խաբար են արել,- ասաց Գոքորը: – Ես էլ եմ հետներդ գալի,- ասաց հայրս, ու էդ պահին Գոքորն ինձ ձեն տվեց, ու երբ ես ու Գոքորը տուն մտանք, մայրս մեր միջանցքում արդեն հագած-կապած էր, եւ մորս աղաղակի վրա միջանցք վազեցին հայրս ու քույրս, եւ, մինչ իրարից կարոտներս կառնեինք, դրսից մեր միջանցք լցվեցին մեծուփոքր բոլոր քեռիներս, մորաքույրներս, մի խոսքով՝ մորս ողջ գերդաստանը: – Էս որտեղի՞ց եք իմացել,- զարմացավ մայրս: – Գիքորն ա խաբար արել,- ասաց փոքր մորաքույրս՝ Լիլիկը: – Անպիտաններն ինձ խաբեցին,- թուշս պաչելով՝ ասաց մայրս: – Բա Գիքորն ո՞ւր ա,- հարցրեց Ֆրեդը: – Գոքորն ա Արմենին բերել,- ասաց հայրս: – Հա՛. ինքն ա ինձ դիմավորել,- ասացի ես: – Բա ինքն ո՞ւր ա,- նորից հարցրեց Ֆրեդը: – Ավտոն ներքեւն էր,- ասաց Լիլիկը: – Ինքը հենց նոր ավտոն խոդ տվեց՝ գնաց,- ասաց ամենափոքր քեռիս՝ Գագոն: – Ո՞վ գնաց,- զարմացավ մայրս: – Գոքորը,- ասաց Գագոն: – Ո՞ւր գնաց,- ավելի զարմացավ մայրս: – Եսի՞մ,- ասաց Գագոն: – Բա խի՞ գնաց,- հարցրեց հայրս: – Երեւի նեղացած ա,- ասաց Գագոն: – Ումի՞ց ա նեղացած,- հարցրեց հայրս: – Սաղիցս,- ասաց Լիլիկը: – Երեւի նեղացրել եք,- ասաց մայրս.- առանց պատճառի դժվար թե նեղանար: – Ի՞նչ նեղացնել, ա՛յ Սեդ,- ասաց Լիլիկը:- Էդ խախոլին կարող ա՞ գլխներիս դնեինք: – Էդ աղջիկը խախոլ չէր, ռուս էր,- ասաց մեծ քեռուս որդին՝ Գեւուշը: – Նույն զիբիլը չի՞,- ասաց Լիլիկը: – Հեչ նույնը չի,- ասաց մեծ քեռիս՝ Ռաֆիկը: – Էդ աղջկան պիտի մարդավարի ընդունեիք,- ասաց մայրս: – Մարդավարին ո՞րն ա, ա՛յ Սեդ,- զարմացավ Լիլիկը:- Հո տեղաշոր չէի՞նք քցի, ասեինք՝ մնա մեր տունը: – Իրանց մտքինն էդ էր,- ասաց Ֆրեդը: – Որ պսակվեին էլ, մեկ ա՝ էդ աղջիկն ամսից ավել Երեւանում մնացողը չէր,- ասաց Լիլիկը: – Էդ իրա կարճ փեշով ո՞նց պիտի Երեւանում մնար,- ասաց միջնեկ մորաքույրս՝ Աիդան: – Կարող ա՞ էդ մի շորով մնար,- ասաց միջնեկ քեռիներիցս Վարդանը:- Շոր-մոր կառնեինք. ձեռներս քարի տակ չի: – Առնող էիք՝ մինչեւ տուն բերելն առնեիք,- ասաց Լիլիկը.- սաղ մայլի առաջ խաղք ու խայտառակ էղանք: – Չեմ հասկանում,- ասաց մայրս.- Գրիգորն էդ աղջկան առնելու մտադրություն ունե՞ր: – Ի՞նչ մտադրություն, ա՛յ Սեդ,- ասաց Լիլիկը.- փաստորեն, որ մենք մեր վերաբերմունքը ցույց չտայինք, էդ աղջիկն արդեն մեր տունն էր մնալու: – Էդ երբվա՞ բան եք ասում,- հարցրեց մայրս.- էդ աղջկան ե՞րբ էր տուն բերել: – Էրեկ,- ասաց Լիլիկը:- Փաստորեն, հարս էր բերել: – Պրծած բանի մասին էդքան չեն խոսա,- ասաց Ֆրեդը: – Պրծած չէր, մե՛նք պրծացրինք,- ասաց Լիլիկը.- որ իրանց թողեինք՝ նոր էր սկսվելու: Լիլիկի խոսքի վրա մեր դուռը բացվեց, եւ միջանցք լցվեց հորս կողմը՝ հորեղբայրս, հորաքույրս, Հայկուշ տոտան, Սուրիկ ձյաձյան, Աշոտն ու Գայանը, Միքայելն ու Անուշը, մի խոսքով՝ հորս ողջ գերդաստանը: – Էս ո՞նց եք իմացել,- զարմացավ մայրս.- ես էլ մտածում էի՝ զանգե՞մ, թե չզանգեմ: – Գիքո՛րը զանգեց ասեց,- ասաց հորեղբայրս: – Ես էլ մտածում էի զանգեմ, բայց մտածում էի՝ շատ ուշ ա,- ասաց մայրս: – Հո չասեցիր,- ասաց հորաքույրս: – Բա ո՞նց էսքան շուտ էկաք,- հարցրեց հայրս: – Գիքորը բերեց,- ասաց հորաքույրս: – Էսքանդ մի ավտոյով ե՞ք էկել, Բաղդի՛կ,- հարցրեց հայրս: – Մենք տաքսիով ենք էկել,- ասաց հորեղբայրս.- Մարգոյե՛նց ա Գիքորը բերել: – Բա ինքն ո՞ւր գնաց,- հարցրեց մայրս: – Չգիտեմ: Մեզ հասցրեց ձեր շենքի մոտ ու ինքը գնաց,- ասաց հորաքույրս: – Խռովել ա,- ասաց Լիլիկը: – Ումի՞ց,- հարցրեց հորաքույրս: – Երկար պատմություն ա, Մարգո ջան,- ասաց Լիլիկը: – Բա տատի՞ն ուր ա, հորաքո՛ւր,- հարցրի ես: – Ձեր տանը չի՞,- հարցրեց հորաքույրս: – Քնած ա,- ասաց մայրս.- արթնացնե՞մ: – Պետք չի,- ասաց հորաքույրս.- որ զարթնեց, էլ դժվար թե քնի: – Տատին մեր մոտ ա՞ մնում,- ուրախացած հարցրի ես: – Չէ,- ասաց մայրս,- ինքն էլ ա քո առթիվ եկել. ասում էր՝ առաջինը ե՛ս եմ թոռանս դիմավորելու: Բայց քունը տարավ, քնեց: Ասում ես՝ չարթնացնե՞մ, Մարգո՛: – Չէ,- ասաց հորաքույրս.- էս քանի օրը ճնշումը շատ էր բարձրացել: Թող հանգիստ քնի, առավոտ իրարից կարոտները կառնեն: Մինչ մայրս սեղան էր գցում, ես մտա մեր զուգարան ու զուգարանում միայն նկատեցի ու հասկացա, որ, մինչ բանակում մի տարի անբանություն եմ արել, մերոնք մեր տունը վերանորոգել են, ընդ որում՝ էդ թվերի համար շատ բարձր մակարդակով, չեխական ունիտազով-բանով, եւ երբ հաջորդ օրը տղերքով հավաքվել էինք մեր տանն ու բանակից վերադարձս էինք նշում, մեր կուրսի Սերգեյը մեր փայլուն ու շքեղ զուգարանից դուրս գալով՝ ասաց. «Էս ունիտազի մեջ ձուկ ե՞ք պահելու»: Մինչ մայրս մեր ողջ գերդաստանի համար սեղան կգցեր, ես զուգարանից դուրս եկա, մտա ննջարան, եւ քանի որ մեր միջանցքից որոշակի լույս էր թափանցում մեր ննջարան, կիսամութի մեջ նշմարեցի քնած տատիս դեմքը, համբուրեցի ու առաջացա դեպի շուշաբանդ եւ երբ մեր շուշաբանդի լույսը վառեցի, նոր միայն հասկացա, որ մերոնք ոչ միայն մեր ամբողջ տունը վերանորոգել են, այլեւ վերակահավորել են, ու մեր շուշաբանդն արդեն ոչ թե սովորական շուշաբանդ էր, այլ իսկական գրողական աշխատասենյակ՝ գրասեղանով, լուսամփոփով ու ամեն ինչով, ու էդ ամենը ծնողներիս տարիների քրտինքն էր, որ էդքան սիրուն տեսք էր ստացել: Ես շորերով պառկեցի մահճակալիս, ձեռքս վերցրի առաջին պատահած գիրքը, որ Համո Սահյանի «Սեզամ, բացվիրն» էր, որն անձամբ էի հրապարակի գրախանութից առել պոեզիայի իմ վարժանքների առաջին իսկ օրերին, փորձեցի կարդալ, բայց կարդացածս խառնվում էր ազգականներիս աղմուկ-աղաղակին, ու մտքիս ոչինչ չէր հասնում: Արթնացա արեւի ուժեղ լույսից: Երբ աչքերս բաց արի ու առաստաղին նայեցի, սկզբում ոչինչ չհասկացա, իսկ հետո, երբ անծանոթ իրերի վրայով հայացքս սահելով հասավ լուսամուտին, ես հանկարծակի գլխի ընկնելով՝ որ մեր տանն եմ, միանգամից հիշեցի «Զվարթնոցը», Գոքորին, Իրինային, Սարի թաղը, մերոնց բոլորին մեկ առ մեկ եւ հանկարծակի ու ծայրեծայր հիշելով ողջ նախորդ օրն ու գրասեղանիս վրա տեսնելով Համո Սահյանի կիսաբաց «Սեզամ, բացվիրը»՝ անմիջապես հիշեցի ու հասկացա, որ էդ գիրքը կարդալիս եմ քնել ու էնքան խորն եմ քնած եղել, որ բացարձակապես չեմ զգացել, թե ինչպես են մերոնք զինվորական շորերս հագիցս հանել ու ինձ մաքուր ու ձյունաճերմակ անկողին մտցրել, ու ես, նախորդ օրվա էդ ամեն ինչը հիշելով, մորս ձայն տվի ու որեւէ արձագանք չստանալով՝ տեղիցս վեր կացա, գրասեղանի վրա տեսա մորս ձեռագրով երկտողը՝ «Արմեն, ես ու պապան աշխատանքի ենք գնացել, Նունեն՝ դասի», ու երբ գրասեղանի վրայից վերցրի Սահակիչի «Սեզամ, բացվիրը», գրքի տակ մի կարմիր ու ճռճռան տասանոց էր դրված: Ես վեր կացա, հագա աթոռին դրված սպորտային համազգեստը, որ նոփնոր ու իսկը իմ ճաշակով էր, գնացի խոհանոց, ուր նույնպես ամեն ինչ նոր էր, ու սուրճս էլ եփված ու ջեզվեով խոհանոցի սեղանին դրված էր, բայց արդեն գոլացած էր, ու ես մտնելով ճաշասենյակ ու համոզվելով, որ մեր ճաշասենյակն էլ է անճանաչելիորեն փոխված, զարմացա, որ նախորդ օրն էդ փոփոխությունները չեմ նկատել, ու չնկատելուս պատճառը երեւի էն էր, որ ես մեր տուն մտնելով՝ ոչ թե մեր պատերին էի նայել, այլ միայն՝ հարազատներիս դեմքերին: Ըստ երեւույթին, ազգականներս շատ երկար էին նստել, ու մայրս չէր հասցրել ամանչամանը լվանալ, եւ անլվա ափսեներն ու բաժակները խոհանոցում իրար գլխի էին լցված, ու ճաշասենյակի սփռոցին էլ հացի փշրանքներ կային, ու մայրս, որ հիվանդագին մաքրասեր էր, չէր հասցրել տունը կարգի բերել եւ, ըստ ամենայնի, հազիվ հասցրել էր վազել աշխատանքի: Դաշնամուրի գոգին բանակիս լուսանկարներն էին թափթփված, եւ երբ նստեցի դաշնամուրի աթոռին ու սկսեցի լուսանկարներս նայել, հանկարծ աչքս ընկավ մեր փոքր պատշգամբի դռանը, ու դռան ապակուց այն կողմ Օսան տատիս ճերմակահեր գլուխն էր, ու տատս մեր պատշգամբում ծանրումեծ նստած՝ նայում էր Լավաշի փռին, ու երբ պատշգամբի դուռը բաց արի, տատս ինձ տեսնելով՝ փորձեց նստած տեղից վեր կենալ, բայց չկարողացավ ու ասաց. «Մե խատ կռացի՝ թուշդ պաչեմ. իրիկունը չխասցրի իրեսդ մարդավարի տենամ»: Գլուխ երեսուներեքերորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել