Լրահոս
Օրվա լրահոսը

100

Սեպտեմբեր 17,2005 00:00

100 տարին մեկ պետք է օգտագործել առիթը Երեկ ավարտվեց Հայոց գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը: Հիշեցնենք, որ աշխատանքներն ընթանում էին 3 մասնաճյուղերում: Առաջին մասնաճյուղում քննարկվեցին «Հայոց գրերի գյուտը եւ նրա պատմական նշանակությունը», երկրորդում՝ «Հայոց գրերի գյուտը եւ հայ մշակույթը», երրորդում՝ «Հայոց գրերի գյուտը եւ Հայ եկեղեցին» թեմաները: «Ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռեցին մասնակցելու համահայկական բնույթի այս միջոցառմանը, որտեղ ներկայացված են ԼՂՀ-ն, Սփյուռքը, Հայաստանը: 100 տարին մեկ է նման հնարավորություն ստեղծվում, այն պետք է օգտագործել»,- ասաց պատմական գիտությունների թեկնածու, Արցախի պետական համալսարանի դասախոս Մհեր Հարությունյանը: Նկատենք, որ քննարկումները անցնում էին կիսադատարկ դահլիճներում, ինչի առիթով գիտնականներն իրենց դժգոհությունները հայտնեցին: Բավականին պասիվ էին նաեւ ուսանողները: Գուցե վերջինս պայմանավորված է նրանով, որ գիտաժողովի նիստերի ժամերը համընկնում էին դասերի հետ: «Կարելի է մեղադրանք ներկայացնել կազմակերպիչներին կամ էլ առանձին ֆակուլտետների ղեկավարներին, ովքեր չմտահոգվեցին, որ ուսանողության մի որոշ մաս մասնակցեր նիստերին: Չնայած՝ դահլիճի լիքը կամ կիսադատարկ լինելը չափանիշ չէ»,- նախօրեին ասաց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը: Ի՞նչ տվեց մեզ գիտաժողովը, այս միջոցառումով մենք՝ հայերս, ի՞նչ կարողացանք ասել աշխարհին: Գիտաժողովի մասնակիցները դեռ դժվարանում են ամփոփել արդյունքները, բայց նախնական տպավորությունը գոհացուցիչ է: «Կարեւորն այն չէ, որ որեւէ հանճարեղ գյուտ կատարվի, այլ այն, որ համախմբվեցին հայ ժողովրդի երեք հատվածները՝ մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: Սա առիթ է, որ աշխարհն էլ հիշի, որ մենք 1600-ամյա գիտություն ունեցող ժողովուրդ ենք: Մեր հարեւանները երբեք առիթը բաց չեն թողնում իրենց հոբելյանները նշելով ապացուցել, որ իրենք տարածաշրջանի ամենահին ժողովուրդներն են»,- նկատեց Մհեր Հարությունյանը: «Մեզանում անհամեմատ ընկել է ազգային մշակույթի, ինքնության նկատմամբ հետաքրքրությունը: Ուրախալի է, որ զեկուցումների մեջ զգալի թիվ են կազմում ազգային ինքնության մասին քննարկումները»,- ասաց Գառնիկ Անանյանը: Այնուամենայնիվ, գիտաժողովի ընթացքում երիտասարդները կարողանում են իրենց հետաքրքրող թեմաներ գտնել: «Մենք տեղյակ չենք լինում մեր գիտնականների կատարած աշխատանքներին: Այսպիսի միջոցառումները այդ բացը լրացնելու առիթ են: Գիտաժողովի ընթացքում անպայման կգտնես մի նորույթ, որը քեզ կհետաքրքրի: Հաճախ լինում են դեպքեր, երբ չես կարողանում ընտրել, թե որ զեկուցումը լսես, տարբեր դահլիճներում միաժամանակ հետաքրքիր զեկուցումներ են ընթանում»,- ասաց ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Մովսիսյանը: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել