Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԸ

Սեպտեմբեր 24,2005 00:00

ՕՐԵՆՔԸ ՈՏՆԱՀԱՐՎՈՒՄ Է «Ընտրական օրենսգրքի» 18 հոդվածի համաձայն՝ «արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ դրանց աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս»: Ըստ այդմ՝ գործող թաղապետերն, օրենքի համաձայն, նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է գտնվեին արձակուրդում: Մինչդեռ սեպտեմբերի 18-ից մեկնարկած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող բոլոր գործող համայնքապետերն ու նրանց տեղակալները շարունակում են գործադրել իրենց լիազորությունները՝ դրանք ծառայեցնելով քարոզչական նպատակների: Սա «Ընտրական օրենսգրքի» միակ շրջանցումը չէ: Բավական գովազդվեց, որ այս տարվա գարնանն իրականացված փոփոխություններով վստահված անձինք իրենց լիազորություններով գրեթե հավասարեցվեցին ընտրական հանձնաժողովի անդամներին: Անգամ ասվում էր, թե նրանք ունեն նույն իրավունքները՝ միայն չեն կարող քվեարկել: Սակայն պարզվում է, որ այժմ ԿԸՀ-ն փորձում է «խմբագրել» օրենքը եւ սահմանափակել վստահված անձանց լիազորությունները: Տեղեկություններ կան, որ հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանն անցած շաբաթավերջին հրահանգել է, թե վստահված անձանցից միայն երկուսն իրավունք ունեն ստուգելու ընտրողների անձնագրերը: Երեկ կայացած ասուլիսում այս մասին մեր հարցին ի պատասխան՝ «Արդարություն» դաշինքի մամուլի պատասխանատու Ռուզան Խաչատուրյանն ասաց. «Մենք էլ ունենք նման տեղեկատվություն: «Արդարության» ներկայացուցիչը ԿԸՀ-ում՝ Ֆելիքս Խաչատրյանը եւս պնդում է, թե Գարեգին Ազարյանն անօրինական հայտարարություն է արել եւ պարտավոր է ցույց տալ օրենքի համապատասխան կետը, որով նա փորձում է կիրառել նման սահմանափակում: «Արդարությունը» հանձնաժողովի իր բոլոր անդամներին ու վստահված անձանց տեղյակ է պահել այդ մասին եւ հայտնել, որ ունեն ստուգելու իրավունք, եւ օգտագործելու են այն»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել