Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ

Սեպտեմբեր 24,2005 00:00

ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՌԵԿՏՈՐՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ՞ Է Ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Յուրի Սարգսյանին վրդովեցրել էր մեր թերթի հրապարակումը՝ Ճարտարագիտականի եւ Ճարտարապետաշինարարականի հնարավոր միացման ու նպատակահարմարության մասին: Եվ հատկապես՝ թեմայի շուրջ երկու կողմերի հնչեցրած կարծիքները: Յուրի Սարգսյանի համար նույնիսկ անընդունելի եւ անհասկանալի էր իր տեղակալի՝ Սուրեն Աղբալյանի կարծիքն այն մասին, որ «առողջ գլոբալիզացիայի արդյունքում պետք է ստեղծվի մեկ բուհ», որ «միացումը դեռ ուշացրել ենք»: «Պաշտոնական որեւէ նման հարցադրում չի եղել, որ մեր համալսարանը ստացած լինի քննարկման համար, եւ որին կարողանանք պատասխանել: Կան ուղղակի խոսակցություններ, բամբասանքներ, որոնց ես արձագանքելու համար ժամանակ չունեմ,- ասաց Յուրի Սարգսյանը:- Ինչ վերաբերում է բուհերի ռացիոնալացման ծրագրին, ապա դա այս տարվա բան չէ: 2002-ին հաստատվել է բուհերի զարգացման ռազմավարություն, որին ես մասնակցել եմ եվրոպական ինտեգրացիայի մասով: Իսկ առաջին մասում կա ռացիոնալացման ծրագիրը՝ կոնկրետ օրինակներով. ոչ թե 2 բուհի մասին, այլ բուհերի խոշորացման ընդհանուր ծրագիր: Եթե կա ռազմավարություն, պետք է քայլել նաեւ այս ուղղությամբ: Բայց մեր համալսարանի (ես համոզված եմ՝ նաեւ Ճարտարապետաշինարարականի համար) որեւէ ինստանցիայից որեւէ պաշտոնական հարցադրում չի եղել: Այդ առումով նույնիսկ անհասկանալի է մեր պրոռեկտոր Սուրեն Աղբալյանի գնահատականը, երբ նման համարձակ կարծիք է հայտնում»: Այնուամենայնիվ, արդյոք նպատակահարմա՞ր է 2 բուհերի միացումը՝ 17 տարի անջատ գործելուց հետո: «Եթե 2 բուհ տասնամյակներ եղել են միասին (Ճարտարապետաշինարարականը եղել է Պոլիտեխնիկի մասը), ակնհայտ է, որ միացումը հնարավոր է: Բայց հնարավորն ու ցանկալին իրարից շատ հեռու բաներ են: (Հիշեցնենք, որ Ճարտարապետաշինարարականի ռեկտորն էլ ասել էր, թե Պոլիտեխնիկն է իրենց բուհի վրա ստեղծվել- Հ. Բ.): Միացումը ցանկալի չեմ համարում, քանի որ մեր համալսարանը թեւակոխել է եվրոպական ռեֆորմի կարեւորագույն էտապներից մեկը: Մենք անցնում ենք կրեդիտային համակարգի, նոր տեխնոլոգիաների, իսկ Ճարտարապետաշինարարականը գնում է այլ ուղղությամբ՝ գուցե ավելի տրադիցիոն: Ես բոլորովին չեմ համեմատում եւ վիճարկում, սակայն կա անհամատեղելիության որոշակի պրոբլեմ, որը մեր կոլեգաները ներկայացրել են այլ կերպ, բայց ես կասեի բացարձակ հակառակը»: Այս առնչությամբ Ճարտարապետաշինարարականի ռեկտոր Արեստ Բեգլարյանը մեզ հետ զրույցում ասել էր հետեւյալը. «Միացումն ամեն ինչով մեզ կխանգարի, մենք մի կատեգորիայի չենք, իրար հետ ոչ մի կապ չունենք։ Եվ միայն բաժանումից հետո մենք համաշխարհային ճանաչում ձեռք բերեցինք։ Ճարտարապետաշինարարականն այսօր նախկին ԽՍՀՄ տարածքում միակ բուհն է, որի դիպլոմը Ֆրանսիայի միջնորդությամբ Շենգենյան պետություններում ճանաչվում է, Պոլիտեխնիկինը, սակայն, չի ճանաչվում»։ Պարզվում է՝ Պոլիտեխնիկն էլ հետ չի մնում. «Մեր համալսարանը շատ է առաջ գնացել դեպի միջազգային ստանդարտներ, մենք առաջինն ենք երկաստիճան համակարգ ներմուծել, առաջինն ենք մագիստրատուրա ստեղծել Հայաստանում, առաջինն ենք ունեցել անգլալեզու ուսուցում, նոր տեխնոլոգիաներ, դեպարտամենտներ, հոգաբարձուների խորհուրդ եւ այլն»,- ասում է Յու. Սարգսյանը: Նրա կարծիքով, այսպես կոչված, կոնտեքստից դուրս փորձերը ցանկալի չեն: «Ճիշտ կլիներ՝ վերափոխումների լայն ծրագիր լիներ, միանգամից, ինչպես ռազմավարության մեջ է, որոշեին՝ ինչ խմբերով պետք է միավորվեն բուհերը, ինչ նպատակներով, ունենան ինտեգրալ բարձրագույն կրթության կառուցվածքային փոփոխությունների պլան, հայտարարեն շատ թափանցիկ կերպով՝ առանց նման բաների, եւ այդ թափանցիկ պլանը, նույնիսկ որոշակի առարկությունների դեպքում, հետեւողական կիրառեն»: Ինչ վերաբերում է Յու. Սարգսյանի՝ տարիքի հետ կապված հնարավոր հեռացմանը, ռեկտորն ասաց, որ դեռ որոշակի ժամանակ կա: Մեր դիտարկմանը, թե ժամանակը մինչեւ փետրվար ամիսն է, երբ էլ լրանալու է 65 տարին եւ պաշտոնավարման ժամկետը, պրն Սարգսյանը պատասխանեց. «Ժամանակին ամենաերիտասարդ ռեկտորն էի, հիմա էլ ամենածերերից չեմ: Եկող տարի, երբ այդ հարցը կլինի, եւ եթե օրենքի դրույթները կիրառվեն, ես կհամարեմ իմ շատ ծանր պարտավորություններն ընդհատված: Ես կունենամ մի ափսոսանք՝ չկատարված պարտք, որովհետեւ իրոք հզոր վերափոխումներ ենք կատարում Բոլոնիայի շրջանակներում, որտեղ ճիշտ կլիներ՝ իմ ձեռքը լիներ. սա է ինձ հետաքրքրում: Կփոխարինեն, բայց կկարողանա՞ն կատարել այն դերը, որի մասին ասում եմ, դժվարանում եմ ասել, որովհետեւ համալսարանն իրոք գնում է հեղափոխական ուղղությամբ»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Մեր նախորդ հրապարակումներից մեկում գրել էինք, որ Գագիկ Ծառուկյանը բժշկականի ռեկտոր Վիլեն Հակոբյանին մեքենա էր նվիրել ծննդյան 75-ամյակի առթիվ: Պրն Հակոբյանը ճշտում է, որ նա ոչ թե 75, այլ 67 տարեկան է: Միեւնույն է՝ պաշտոնավարման ժամկետն անցել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել