Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ

Սեպտեմբեր 24,2005 00:00

Ո՞վ է ում խաբել Փավստոս Բուզանդի նախկին բնակիչներին $800-900 քառակուսի մետրի դիմաց չեն առաջարկել Վերջերս մեծ աղմուկ է բարձրացրել Փավստոս Բուզանդի փողոցի տների օտարման կապակցությամբ քաղաքապետ Երվանդ Զախարյանի հայտարարությունն այն մասին, թե այդ տարածքում յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց բնակիչներին առաջարկվել է 800-900 դոլար, որ պայմանագիր կնքած բնակիչներին որեւէ գնորդ դուրս գալ չի առաջարկել, քանի դեռ չի վճարել մինչեւ վերջին դրամ հասանելիքը: Այս հայտարարությունը շարժել է ոչ միայն տարածքը դեռեւս չլքածներին, այլեւ՝ պարտաճանաչ ու գնորդի բոլոր ցանկություններին անվերապահորեն ենթարկվածներին: Լսելով այս լուրը, մեր մեջ կրկին արթնացավ արդեն քնած բողոքը, ու մենք որոշեցինք թերթի միջոցով քաղաքապետին հասցնել մեր բողոքը: Ես՝ Քնարիկ Առաքելյանս, եւ իմ 6 հոգանոց ընտանիքը բնակվել ենք Փ. Բուզանդի 9, բն. 23 հասցեում, ունեինք 115,6 քմ տարածքով բնակարան: Դեռեւս 2005թ. փետրվարին պայմանագիր եմ կնքել գնորդ «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության հետ: Ընկերությունը իմ բնակարանը գնահատեց $46500 եւ առձեռն ինձ տվեց $41850 (10%-ը պահվել է որպես եկամտահարկ): Մինչ վերոհիշյալը դիմել եմ տարբեր իրավաբանների եւ գնահատողների՝ խորհրդակցական կարգով եւ ստացել եմ միանշանակ պատասխան. «Ոչինչ չես կարող անել, քանի որ մեծամեծ մարդիկ են կանգնած այս գործի ետեւում»: Այդ ընթացքում պարբերաբար ստանում էի «Գլենդել Հիլզ» ընկերության աշխատակիցների սպառնալիքը, թե՝ «անհամաձայնության դեպքում դիմեք դատարան կամ էլ կզրկվեք խրախուսանքից»: Փաստորեն, «դատարան դիմեք» դարձվածքը դարձել է մեծ սպառնալիք «սովորական հայերի» եւ մեծ զենք՝ «էլիտար հայերի» համար: Ստիպված կնքեցի պայմանագիրը, եւ որպես օրինապահ քաղաքացի, սկսեցի կատարել պետական մուծումները: Ի դեպ, ասեմ, որ հանկարծակիի եկա, երբ իմացա, որ քանդվող տանս համար, որը պետք է ազատեմ փետրվար ամսին, գույքահարկը կազմում է 22000 դրամ՝ նախկին 3000-ի փոխարեն, եւ ես պետք է մուծեմ այն ողջ 2005 թվականի համար: Ինչպե՞ս հասկանալ, երբ գնահատման ժամանակ այդ նույն տունը, որը նորմալ վիճակում է, որակում են «հին ու խարխուլ խրճիթ», իսկ գույքահարկը գանձում են ամենաբարձր թվերով: Ինչպես պայմանագիրն էր պահանջում, տունը դատարկեցի եւ հանձնեցի 10 օրից, բայց առանց հանձնման եւ ընդունման ակտի: «Գլենդել Հիլզի» աշխատակիցը հաճույքով օգտվեց այդ փաստից եւ հետագայում չվճարեց մեզ հասանելիք իր տույժը՝ 10 բանկային օր ուշացնելուց հետո ամեն օրվա համար գնորդը պարտավոր էր վճարել տույժ՝ գումարի 0,5%-ի չափով: Ի վերջո, ակտը կազմվեց ուշացած ամսաթվով: Բայց միեւնույն է՝ գումարը ստացել եմ մաս-մաս՝ մինչեւ ապրիլ ամիսը, իսկ տուգանքի տոկոսները չստացա: Տույժը պահանջելու փորձին ի պատասխան ընկերությունից ստացա նույն սպառնալիքը՝ «դիմեք դատարան, տեսեք՝ կստանա՞ք»: Այս բոլորից զզված եւ հոգնած, ստացա այդ գումարը՝ առանց 4650 դոլարի՝ դա էլ եկամտահարկն է: Այնուհետեւ հեռուստատեսությամբ լսեցի մեր քաղաքապետի ելույթը, որ իբր բնակիչներին առաջարկվել է $730-900՝ քմ-ի համար, բայց նրանք հրաժարվել են, քանի որ կրկնակի են ուզում: Նման ձեւով վարվել են մյուս բնակիչների հետ նույնպես՝ 15 ընտանիք, 1 քմ-ի դիմաց վճարելով $404: Ուզում ենք հասկանալ՝ քաղաքապե՞տն է ստում, «Գլենդել Հիլզի» աշխատակիցնե՞րն են մեզ խաբել, թե՞ ինքներս ենք մեզ խաբել՝ ստիպված բավարարվելով առաջարկած գումարով: Բնակիչներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել