Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԽ

Սեպտեմբեր 28,2005 00:00

«ԵԽ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼՐԱՑՆԻ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ» Ասում է ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին ակտիվացումները ենթադրելի են դարձնում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ինչ-որ բան փոխվել է եւ այդ փոփոխություններում որոշակի դերակատարություն ունի Մինսկի խումբը: Բացի այն, որ այս օրերին Վիեննայում, ինչպես փոխանցում են ադրբեջանական աղբյուրները, տեղի կունենա համանախագահներ Սթիվեն Մաննի, Բեռնար Ֆասիեի եւ Յուրի Մերզլյակովի հանդիպումը, իսկ Սթիվեն Մաննը կժամանի Բաքու, ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովն իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ հարցեր Մինսկի խմբից կանցնեն Եվրոպայի Խորհրդին: Այս հայտարարությունն առնվազն անհասկանալի է, քանի որ հենց խոսք է գնում ղարաբաղյան հարցի մասին, հայաստանյան իշխանություններն ամեն անգամ գոհունակությամբ նշում են՝ կարեւորն այն է, որ հարցի կարգավորումը միջազգային կառույցները տեսնում են միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հիմա ի՞նչ պատահեց, ինչո՞ւ Մերզլյակովի այս հայտարարությունն աննկատ մնաց ղարաբաղյան հարցի մասին հայտարարություններ անող հայ քաղաքական գործիչների ուշադրությունից: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, որը եւս ժամանակին կարեւորում էր հարցի լուծումը Մինսկի խմբի շրջանակներում տեսնելը, մեզ հետ զրույցում փորձեց բացատրել, թե ինչ է նշանակում ռուս համանախագահի վերոհիշյալ հայտարարությունը եւ ինչ կտա այն ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը: ԼՂՀ խնդրի կարգավորման վերջին զարգացումներին անդրադառնալով՝ մեր զրուցակիցը նկատեց. «Այս տարվա հունվարին, երբ ԵԽԽՎ-ն բանաձեւ ընդունեց ԼՂ վերաբերյալ եւ երկրորդ կետում հստակորեն արձանագրվեց, որ խնդրի լուծումը այն տարածքի ժողովրդի կամքի արտահայտությամբ եւ ժողովրդավարական գործընթացներով պետք է տեղի ունենա, որը ցանկանում է անջատվել որեւէ պետությունից, եւ սա ներկայացվում է որպես աննախադեպ երեւույթ, որովհետեւ սրան նախորդած որեւէ փաստաթղթում երբեւէ նման բան չէր արձանագրվել, այսինքն՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում ԼՂ ժողովրդի համար: Շատերը սա փորձում էին այլ կերպ մեկնաբանել, կյանքը ցույց տվեց, որ դա ունեցավ իր շարունակությունը, մասնավորապես հայտնի ժամանակավոր հանձնաժողովի սեպտեմբերի 12-ի նիստում համանախագահներն առաջին անգամ հրապարակավ հայտարարեցին, որ ազգերի ինքնորոշման սկզբունքն այս խնդրի լուծման հետ կապված՝ անպայման պետք է կիրառվի: Ավելի ուշ, երբ ԵԽ նախարարների կոմիտեն հրապարակեց իր արձագանքը ԽՎ-ի բանաձեւի երկրորդ մասի առաջարկություններին, նույնպես արձանագրեց, որ այս հակամարտության լուծման ժամանակ պետք է կիրառվի ազգերի ինքնորոշման սկզբունքը: Այս ամենը ցույց է տալիս, որ ԵԽԽՎ հայտնի զեկույցից եւ բանաձեւից հետո Հայաստանում ծավալված հիստերիան անիմաստ եւ անհեթեթ էր, եւ բանաձեւը շատ լավ փաստաթուղթ էր Հայաստանի համար: Այս իր նպաստը բերել է ԼՂ խնդրի լիարժեք կարգավորման համար»: Տիգրան Թորոսյանը նկատեց, թե դեռեւս սեպտեմբերի 12-ին Փարիզում տեղի ունեցած ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի նիստում շատ պարզ նշվել է, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում շատ պարզ տարանջատում կա Մինսկի խմբի եւ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի եւ ընդհանրապես՝ Եվրոպայի խորհրդի առաքելությունների միջեւ: Ըստ այդմ՝ Մինսկի խումբը զբաղվում է խնդրի բուն կարգավորման հարցով, Եվրոպայի Խորհուրդը եւ մասնավորապես խորհրդարանական վեհաժողովը մեծ անելիքներ ունեն անհրաժեշտ մթնոլորտի նախապատրաստման համար: Այս բաժանումը ներկայացնելով՝ Տիգրան Թորոսյանն ասաց. «Ես համոզված եմ, որ պարոն Մերզլյակովի այս հայտարարությունը հետեւանք էր նաեւ հանձնաժողովում հնչած տեսակետների»: Մենք նկատեցինք, որ եթե այսօր նորմալ է համարվում նման հայտարարությունը, եւ այլեւս միայն Մինսկի խումբը չի դիտարկվում որպես հարցի կարգավորման միակ շրջանակ, նշանակում է՝ իրավիճակ է փոխվել, ինչ-որ բան այլեւս այն չէ: Տիգրան Թորոսյանը մեզ հետ համաձայն չէր. «Իրավիճակ չի փոխվել, ճիշտ հակառակը, ԵԽ առաքելությունը պիտի լրացնի Մինսկի խմբի առաքելությունը: Մինսկի խմբի շրջանակներում պիտի շարունակվի կարգավորման գործընթացը, ԵԽ շրջանակներում պիտի աշխատանքներ արվեն բանաձեւի իրականացման համար, եւս մեկ անգամ ուզում եմ կրկնել՝ հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորման, ատելության քարոզը դադարեցնելու, ռազմատենչ հայտարարությունները դադարեցնելու համար, եւ խնդրի կարգավորումը միայն խաղաղ ճանապարհով ապահովելու համար: Սա ոչ պակաս կարեւոր է, քան՝ կարգավորման բանաձեւի որոնումը»: Տիգրան Թորոսյանը համոզված է, որ այս զարգացումը խնդրի արդարացի կարգավորման օգտին է: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել