Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆ

Հոկտեմբեր 20,2005 00:00

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՉԻ ՆՄԱՆՎԻ ԱՐՔՈՒՆԻՔԻ Ըստ Խոսրով Հարությունյանի, այդ կարեւոր բարեփոխումն է խոստանում նոր Սահմանադրությունը Երեքշաբթի օրը սահմանադրական բարեփոխումներին «այո» ասելու հուշագիր-«ադաբրյամսը» ստորագրած 22 կուսակցությունների թվում էր նաեւ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը: Երեկ, հուշագրի ստորագրումից ընդամենը մեկ օր անց, կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը սկսեց իր ստորագրությանը տեր կանգնելու գործընթացը: Իր հրավիրած ասուլիսի ժամանակ նա սկսեց «այո՝ Սահմանադրությանը» ոգով քարոզարշավը, դրանով իսկ ապահովելով հուշագրի բ) կետը, որով կուսակցությունները խոստանում էին «ժողովրդին լիարժեք իրազեկել այդ նախագծի ընդունման բացառիկ նշանակությունը»: Իր բաժին քարոզարշավը պարոն Հարությունյանը սկսեց ոչ այնքան յուրօրինակ խոստովանությամբ՝ այնքան էլ կարեւոր չէ, թե որքան իդելական են օրենքները, շատ ավելի կարեւոր է, թե ինչպես են դրանք կյանքի կոչվում: Հետո դրան հետեւեց գործող Սահմանադրությանն ուղղված շատ մոդայիկ դարձած փոքրիկ «վերապահական» ձոնը՝ «պետք է անպայման նշենք, որ այս Սահմանադրությունը երբեք չդարձավ սրացումների եւ կոնֆլիկտների պատճառ, եւ հակառակը՝ շատ անգամ օգնեց նման սրացումներից եւ կատակլիզմներից հանգիստ, առանց ցնցումների դուրս գալու ճանապարհին»: Պարոն Հարությունյանը որպես ներկայիս Հիմնական օրենքի թերություն նշեց այն, որ «մեզ այդպես էլ չհաջողվեց ձեւավորել պետական այնպիսի համակարգ, որի գործունեությունը զերծ լիներ առանձին անհատների հաճախ ոչ քաղաքական հետաքրքրությունների ազդեցությունից: Այսօր մեր պետական համակարգն ավելի նման է արքունիքի, որտեղ շատ բան կախված է անձերից, հատկապես առաջին դեմքերից»: Այսքանից հետո պարոն Հարությունյանը մեկ առ մեկ նշեց այն ոլորտները, որոնց առնչվում են սահմանադրական փոփոխությունները, եւ փորձում էր համոզել, որ նոր Սահմանադրությամբ (ավելի ճիշտ՝ առայժմ՝ դրա նախագծով) շատ ավելի պաշտպանված են մարդու իրավունքներն ու ազատությունները, դատական իշխանության անկախությունը, ավելի է լրջանալու Ազգային ժողովի դերակատարությունը, արդյունավետ է դառնալու ՏԻՄ համակարգի ձեւավորումը: Օրինակ, որպես դրական տեղաշարժ նշեց այն, որ նոր Սահմանադրությամբ այլեւս համայնքների ավագանու անդամների թիվը սահմանափակված չէ 5-15 անձով, ինչպես գործող Սահմանադրության մեջ է: «Մենք տեսանք, որ նման սահմանափակմամբ ավագանու ինստիտուտն, ըստ էության, չի կայացել»,- ասաց Խոսրով Հարությունյանը: Այսինքն՝ նրա կարծիքով, այդ ինստիտուտը կկայանա որեւէ թաղային համայնքում կամ գյուղում ոչ թե 15, այլ, ասենք՝ ավագանու 123 անդամներով: ՔԴՄ նախագահն ազնվորեն խոստովանելով, որ նույնիսկ այս Սահմանադրության ընդունման դեպքում մեր կյանքը դրախտ չի դառնալու, նշեց նաեւ այս մեկի որոշ թերությունները: Մասնավորապես, ըստ նրա, գործող Սահմանադրությամբ շատ հստակորեն նշված է՝ «մասնավոր սեփականությունն անձեռնամխելի է», եւ եթե հանրային կարիքների համար հարկ էր լինում ՀՀ քաղաքացիների մասնավոր սեփականությունը «իրացնել» (կամ, ավելի ճիշտ, յուրացնել), ապա դա արվում էր միայն եւ միայն օրենքով: Այնինչ, առաջիկա Սահմանադրությամբ շատ ու շատ հեշտանալու է երկրի քաղաքացիների մասնավոր սեփականությունը «հանրային կարիքների համար» օգտագործելու հնարավորությունը: Դատելով նրանից, թե որքան համառորեն է մեր պետությունը «հանրային կարիքների համար» իր քաղաքացիներին վտարում իրենց սեփական տներից ներկայումս, երբ դեռ գործում է «մասնավոր սեփականությունը անձեռնմխելի է» սահմանադրական նորմը, կարելի է եզրահանգման գալ, թե ինչ կկատարվի այն ժամանակ, երբ սեփականության ինստիտուտը կթուլանա նոր Սահմանադրության ընդունումից հետո: Այնուամենայնիվ, պարոն Հարությունյանը չմոռացավ շեշտել, որ ամենակարեւորը հանրաքվեի ժամանակ պետք է լինի ոչ այնքան «այո»-ն կամ «ոչ»-ը, որքան այն, որ «հանրաքվեի արդյունքներն առավելագույնս համապատասխանեն փոփոխությունների նկատմամբ հանրության իրական վերաբերմունքին»: «Ոչ ոք չի կարող իրեն իրավունք վերապահել բռնանալ հանրության կարծիքի վրա կամ փոխել այն»,- հայտարարեց ՔԴՄ նախագահը: Նա ասուլիսի ընթացքում նաեւ խոստովանել էր, որ մինչ այժմ ժողովրդի կամքը կեղծվել եւ «ներեցեք արտահայտությանս՝ բռնաբարվել է»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել