Լրահոս
Օրվա լրահոսը

Պլանը

Նոյեմբեր 25,2005 00:00

Պլանը հանեցին՝ տուն են գնում Երթուղայինների վարորդները «քշում են իրենց քեֆով» Երեկոյան ժամը 8-ից հետո մի շարք երթուղագծերի վարորդներ ազատ գրաֆիկով են աշխատում՝ խախտելով գծի մրցույթը շահած տնտեսվարողի՝ քաղաքապետարանի հետ կնքած պայմանագիրը: Վարորդների ողջ խնդիրը օրվա գծի պլանը կատարելն է, որից հետո նրանք կամ շրջանցում են սահմանված երթուղին՝ ճանապարհը կարճացնելու համար, կամ ժամանակից շուտ տուն են գնում: Երեկոյան ժամը 8-ն անց կեսից սկ սած, Դավիթաշեն թաղամասից Նորք-Մարաշ գնացող թիվ 45 ավտոբուսի շարքերը զգալի նոսրանում են: Եթե սովորաբար 7-8 րոպեն մեկ են շարժվում, ուշ ժամերին ուղեւորը ստիպված է թիվ 45-ին առնվազն 15 րոպե սպասել: Մինչդեռ, ըստ պայմանագրի, ձմռանը թիվ 45 ավտոբուսի վարորդների աշխատանքային ժամն ավարտվում է 9-անց կեսից 10-ը: Էրեբունիից Հարավ-արեւմտյան թաղամաս գնացող թիվ 75 միկրոավտոբուսները պայմանագրի համաձայն պետք է աշխատեն մինչեւ ժամը 24-ը, սակայն նույնիսկ ժամը 7-ից հետո սպասարկող մեքենաների թիվը պակասում է: Հատկապես այս երթուղուց քաղաքացիները շատ են բողոքում, քանի որ ուշ ժամերին այն սպասարկում է 15-20 րոպեն մեկ, այն էլ՝ գերբեռնված: Պայմանագրի դրույթները պահպանող վարորդներին իրենց գործընկերների ժամանակից շուտ տուն գնալը երբեմն ձեռնտու է, քանի որ հնարավորություն են ունենում կրկնակի վաստակել: Եվ ինչ է, թե ուղեւորին ձեռքից բաց չթողնեն՝ ուշ ժամերին նրանց թիվը եռապատկում են, «իրար գլխի լցնելով» նրանց: Ընդդիմացող ուղեւորներին էլ շշպռում են, թե «ուշ ժամ է, մարդիկ մեղք են, սպասում են, հո չե՞նք թողնելու դրսում»: «Առավոտին» նույն դժգոհությունը հայտնեցին նաեւ թիվ 22 երթուղայինի ուղեւորները: Չնայած վերջերս Նորք-Մարաշ բարձրացող այս երթուղուն զուգահեռ 1-2 գիծ ավելացրին, բայց 22-ները նույն ծանրաբեռնվածությամբ են աշխատում, իսկ երեկոյան ժամը 9-ին, 10-ին երթուղագիծն ընդամենը երկու-երեք մեքենա է սպասարկում: Մարաշցիների ասելով՝ ձմռանը վիճակն ավելի անտանելի է, ուշ ժամերին ոչ մի հասարակական տրանսպորտ չի բարձրանում Մարաշ՝ «պագրիշկաներն» են մաշված: Դե պատկերացրեք, թե ինչպիսի՞ չափորոշիչներ են գործում դրանց մրցութային ընտրության ժամանակ: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել